ԳՈՒՆԱՎՈՐ ՀԵՂԱՇՐՋՈՒՄՆԵՐԻ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ամերիկացի քաղաքագետ Ջին Շարփի (Gene Sharp, 1928-2018թթ.)՝ քաղաքական իշխանության լեգիտիմությունը կախված է ոչ թե բռնությունից, այլ ժողովրդի հնազանդությունից և համաձայնությունից։ Եվ քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջացած նորանկախ պետություններում ժողովրդի համաձայնության, այսինքն՝ իշխանության լեգիտիմության, հիմնական աղբյուրներից է նաև Ռուսաստանի հետ տնտեսական, ռազմական և մշակութային կապերի ամբողջությունը, ուստի արտաքին գունավոր էքսպանսիայի թիրախը նախևառաջ այդ կապերի ապալեգիտիմացումն է՝ որպես ազգային իշխանությունների խարխլման արդյունավետ գործիք։
Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «վարդերի» հեղաշրջման ընթացքում և սկզբնական շրջանում հակառուսական հռետորաբանությունը խիստ զգուշավոր էր, սակայն հետհեղափոխական դիսկուրսի մաս դարձավ բավական արագ։ «Եվրոպա վերադառնալու» և «հետխորհրդային տարածքից դուրս գալու» կարգախոսները տեղավորվում էին Էդուարդ Շևարդնաձեի իշխանության հետ խորհրդանշական խզման ռազմավարության մեջ։ Ջ․Շարփը սա անվանում է «իշխանության աղբյուրների խարխլում խորհրդանիշների և նարատիվների միջոցով»։
Ուկրաինայում հակառուսականությունն ընդգծվեց միանգամից և պարզորոշ։ Սկիզբ առնելով որպես եվրոպական ինտեգրումից հրաժարվելու դեմ բողոքի շարժում՝ «մայդանը» կոշտ կերպով հակադրեց Եվրոպան և Ռուսաստանը։ Հակակոռուպցիոն (հակաօլիգարխիկ) հռետորաբանությունը բոլոր գունավորների նախընտրելի մեկնակետն է, սակայն, ինչպես սովորեցնում է սերբական ուսանողական շարժման առաջնորդ Սըրդջա Պոպովիչը (Srdja Popovic, ծն․ 1979թ․), շարքերի համախմբման տեսանկյունից խիստ անհրաժեշտ է նաև հստակ նույնականացնել չարիքի աղբյուրը, և մայդանը նման չարիքի աղբյուր հռչակեց Ռուսաստանը՝ որպես Վիկտոր Յանուկովիչի իշխանության հովանավոր։ Freedom House-ը ուկրաինական «մայդանի» մասին իր զեկույցներում (Nations in Transit: Ukraine, 2014-15) ըստ էության ընդունում է Յանուկովիչի դեմ անցկացվող բողոքի գործողությունների մասնակիցների աշխարհաքաղաքական ընտրության, այսինքն՝ հակառուսականության, առկայությունը։
Մոլդովայում հակառուսականությունն արտահայտվեց ոչ ագրեսիվ ձևով՝ եվրաինտեգրման և «ռուսամետ էլիտաների» դեմ պայքարի կարգախոսների միջոցով։ Սակայն որքան էլ Մայա Սանդուն և նրա հետևորդները ճգնում են քողարկել իրենց իրական մտադրությունները՝ ոչ բռնի գործողությունների տեսության դիտանկյունից դա նույն մեխանիզմն է, քանի որ բողոքի նպատակը ոչ թե անձանց փոփոխությունն է, այլ իշխանության հենարանների քայքայումը․ այդ մասին պարզորոշ գրում է Ջ․Շարփն իր «Բռնապետությունից դեպի ժողովրդավարություն» հրահանգների ժողովածուում։ Մոլդովական դիսկուրսում նույնպես, ինչպես ուկրաինականում, Մոսկվայի հետ կապերը ներկայացվում էին՝ որպես իշխանության հենարան, որը ենթակա է վերացման։ Ակնառու փաստերի ճնշման տակ այս հանգամանքը հաստատում են իրենք՝ Արևմուտքի վերլուծաբանները (մասնավորապես, տե՛ս Carnegie Moscow Center, Moldova between East and West, analytical paper, 2015)։
Հայաստանում 2018-ի «թավշյա» հեղաշրջման առաջնորդները, Վրաստանի և Մոլդովայի իրենց գործընկերների պես, նախնական շրջանում իրենց հակառուսական էությունը թաքցնում էին կրկներգվող «ինքնիշխանություն» կարգախոսի ներքո՝ ի հակադրություն «կախյալ անցյալի»։ Հայաստանի գունավորներն՝ իրենց ուսուցիչներ Ջ․Շարփի ու Ս․Պոպովիչի խրատին ականջալուր, ընտրեցին «մերժիր Սերժին» զգացմունքային մակարդակում հեշտ ընկալելի կարգախոսը՝ այդ կերպ քայքայելով գործող իշխանության հիմքերը։
Ինչ վերաբերում է աշխարհքաղաքական ուղղվածությանը, ապա Գյումրի-Երևան արշավի պարագլուխը, որը հավատացնում էր, թե չունի «ոչ մի իզմ», Ռուսաստանին 44-օրյա պատերազմում պարտության մեղավոր նշանակելուց հետո միայն համարձակվեց բացել հակառուսականության խաղաթղթերը և անցնել բացահայտ առճակատման։ Իսկ մինչ այդ նա, հետևելով իր դասատուներին, ինքնամատուցվում էր արևմտյան արժեքային կողմնորոշման կատեգորիաներով։
Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Հայաստանում գունավոր հեղաշրջմամբ հաջորդաբար իշխանության եկածների քաղաքական ուղեգծերը, յուրաքանչյուրի ազգային համատեքստի տարբերություններով հանդերձ, աչքի են ընկնում կարգախոսների, հակակոռուպցիոն հռետորաբանության և կառավարությունից դժգոհ զանգվածին համախմբելու մեթոդների էական նմանությամբ։ Չնայած արևմտյան հեղինակների ու կազմակերպությունների պնդումներին, թե «գունավոր հեղափոխությունները» չունեն աշխարհքաղաքական նպատակ՝ իրականում արևմտյան հրահանգիչներն ըստ այդ նպատակի են ընտրել ու վարժեցրել «գունավոր» գործիչներին, և հանուն այդ նպատակի են քաղաքական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերում գունավոր վարչակարգերին։
Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում հատուկ թիրախավորված նախկին պաշտոնյաների դեմ աղմկոտ արշավի ներքո գունավոր վարչախմբերը վարկաբեկում և բոյկոտում են ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված ինտեգրացիոն ինստիտուտները (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵՏՄ), խզում քաղաքական, սոցիալական, տնտեսական, անվտանգային համագործակցության կառույցների ու նախաձեռնությունների առանցքը հանդիսացող Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային կապերը։ Հակառուսականությունը «վարդերի» (Վրաստան, 2003թ․), «նարնջագույն», ապա՝ «մայդան» (Ուկրաինա, 2004թ․, 2013-14թթ․), «թվիթերի» (Մոլդովա, 2009թ.), «թավշյա» (Հայաստան, 2018թ․) հեղաշրջումների ու դրանց հետևանքով հաստատված վարչախմբերի որոշիչ հատկանիշն է, այն պատահականության կամ փողոցի ինքնաբուխ տրամադրության արդյունք չէ, այլ ոչ բռնի դիմադրության տեսության հեղինակների մշակած և Արևմուտքի կողմից որդեգրված աշխարհքաղաքական ռազմավարություն է։
ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ
