«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ադրբեջանի հետ համակեցությունը լավ բան է, թող կամավոր հանձնվի Բաքվին». Լևոն Հայրյան

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության հարյուրավոր բնակիչներ կորցրեցին իրենց տունը, նրանց սեփական տները գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ։

Արդեն 2,5 տարի է՝ այդ բնակիչները չունեն սեփական տանիք ու կարգավիճակ, նրանց մի մասը տեղափոխվել է Հայաստան, մյուս մասը հաստատվել է Արցախի այլ տարածքներում, և բոլորն էլ ապրում են կա՛մ վարձով, կա՛մ բարեկամի տանը։

Հադրութից տեղահանված բնակիչ, «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանի խոսքով՝ 2,5 տարի իշխանությունը, որը հանձնեց Արցախը, իրենց կարգավիճակ չի տալիս, տների հարցը չի լուծում։

«Սերտիֆիկատները Հադրութի բնակիչների համար չեն, ասում են՝ տրամադրում են միայն Արցախում վերաբնակեցվածներին։ Հիմնականում տրամադրում են Քաշաթաղի ու Քարվաճառի վերաբնակեցվածներին։

Կարդացեք նաև

Այդ սերտիֆիկատներից բոլորն են բողոքում, հաշված մարդիկ են, որ կարողացել են բնակարան ձեռք բերել, մի քանի հազար ընտանիքից նշում են, որ  120 հոգի է, որ իբր կարողացել են բնակարան ձեռք բերել։ Ժողովուրդը դժգոհ է, մենք շփվում ենք իրենց հետ, պայման չկա։

Մեզ ասում են՝ իբր թե տներով պետք է ապահովեն Արցախում, բայց հիմա նայելով մեր ղեկավարների այս քաղաքականությունը՝ արդյո՞ք Արցախը հայկական է մնալու, որ մեզ էլ տուն տան Արցախում։ Հադրութի ու Շուշիի տեղահանվածներին այդպես են ասել, որ Արցախում կապահովեն բնակարններով։ Մենք էլ իրենց առաջին օրվանից հայտարարել ենք, որ եթե Արցախը չպահպանեց իր հայկականությունը, մենք մի րոպե այնտեղ ապրողը չենք»,- 168.amի հետ զրույցում ասաց Լևոն Հայրյանը։

Ըստ նրա, իշխանությունը 2,5 տարի ոչինչ չի արել, որպեսզի տեղահանված բնակիչները կարգավիճակ ստանան։ Վերջերս նրանց հետ կապ է հաստատել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը, թե ուզում է իրենց կարգավիճակի հարցը լուծել։

«Արցախի կառավարությունը մի քանի ամիս առաջ փորձել է մեզ ինչ-որ կարգավիճակ տալ՝ անունը դնելով հարկադիր տեղահանվածներ, սակայն մենք դրանից հրաժարվել ենք, իրենց էլ հորդորել ենք հետ կանգնել այդ քայլից։ Հարկադիր տեղահանված կարող են համարել Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին, որոնց հայ իշխանությունը եկել ու ստիպել է դուրս գան, այլ ոչ թե թուրքն է պատերազմով հանել։

Բայց մենք, որ անմիջապես կյանքին սպառնացող վտանգի ու պատերազմի հետևանքով ենք տեղահանվել, համաձայն չենք իրենց տված կարգավիճակի հետ։

Հիմա էլ ԱԽՔ գրասենյակն է մեզ հետ բանակցություններ անելու դուրս եկել, բայց մենք այս հարցում շատ զգուշավոր ենք, որովհետև չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է 2,5 տարի սպասեն, հետո որոշեն, որ պետք է այդ հարցը քննարկեն։ Մենք նախապես իրենց զգուշացրել ենք, որ հանկարծ չփորձեն մարդկանց արժանապատվության հետ խաղալ։ Երեկ հանդիպել ենք Արմեն Գրիգորյանի հետ,  ինքներս մեր պահանջներն ենք ներկայացրել, ասելով, որ մեր այս պահանջները եթե հաշվի չառնեն, ապա այդ հանդիպումները չեն շարունակվելու։ Ես բնական հարց տվեցի՝ ինչո՞ւ եք հիմա սկսել նման բան, երբ խոսվում է վերաինտեգրման մասին, կարող է ուզում եք մեր միջոցով դա անել։ Պարզ ասել եմ՝ այդ ամենը դավաճանություն է, և չփորձեք մեզ դրա համար օգտագործել»,- հավելեց մեր զրուցակիցը։

Խոսելով Հայաստանի իշխանությունների՝ ադրբեջանցիների հետ համակեցության վերաբերյալ հայտարարությունների մասին, Լևոն Հայրյանը նկատեց.

«Առաջարկում եմ՝ այն քաղաքական գործիչները, որոնք մտածում են Ադրբեջանի հետ վերաինտեգրման, կողք կողքի կամ նրա ենթակայությամբ ապրելու մասին, նրանց ջոկել ու ուղարկել Ադրբեջան ապրելու, մենք էլ մեզ համար անկախ երկիր ստեղծենք ու հանգիստ ապրենք։ Այս ամենն ապուշության գագաթնակետն է։ Այստեղ ինչ-որ չափով ռուսի մատն էլ է խառը, ով ուզում է Ադրբեջանին լավություն անել։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ադրբեջանի հետ համակեցությունը լավ բան է, թող կամավոր հանձնվի Բաքվին։ Ի վերջո, մենք մեր ապագայի մասին պե՞տք է մտածենք, թե՞ ոչ։ Հիմա ենթադրենք՝ մեզ հավաքում ու տանում են Ինդոնեզիա, մի կղզի են տալիս ու ասում՝ հանգիստ ու ազատ ապրեք, մենք հո սրան չե՞նք համաձայնելու, վերջիվերջո  մենք հայրենիք ունենք։ Պիտի պայքարենք հայրենիք հետ բերելու համար»,- շեշտեց Լևոն Հայրյանը։

Նա տեղեկացրեց, որ, ծնվել է Հադրութի Հին Թաղեր գյուղում, ապրել է այնտեղ մինչև 2020 թվականը, և եթե չլիներ «հայ վայ իշխանությունների դավաճանությունը», ապա մինչև այսօր էլ կապրեր իր տանը, իր հողում։ Ավելին՝ եթե նոյեմբերի 9-ին պատերազմը հիմարաբար չկանգնեցնեին, կարծում է՝ Հադրութը հետ կբերեին, այդպես են կարծում նաև առաջնագծում կռված իր ընկերները։

«Հադրութի վերջին գյուղը մեր գյուղն է եղել, որ հոկտեմբերի 22-ին հանձնել են։ Մենք գյուղից դուրս եկանք, քանի որ ուժերը ցրվել էր, մնացել էինք մի քանի գյուղացիներով։ Դրանից հետո տեղափոխվել ենք Ստեփանակերտ, որտեղ հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 9-ը մենք պոստ ենք պահել Ստեփանակերտի համար։

Դուք որ Նիկոլ Փաշինյանին տեսնեք, իմ անունից հարցրեք՝ ապուշ, ի՞նչ ես ապուշ-ապուշ խոսում, թե նոյեմբերի 9-ը ստորագրեցի, որ 25.000 զինվորի կյանք փրկեմ։ Նիկոլն էլ է մեղավոր, գեներալիտետն էլ, մեկը եթե գիտի՝ այս գործը չի կարողանում անի, չպետք է անի, էլի։ Նոյեմբերի 9-ը թողնենք մի կողմ, արդեն 5 տարի է՝ իշխանության նստած են, ո՞ր ուղղությամբ են ինչ-որ տեղաշարժ արել, մենակ մեծ-մեծ իր սիրած թեմայով խոսի, ասի՝ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստա, բայց մի մուկ չի բռնել։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն քաղաքականության, այլև տնտեսության ու առհասարակ երկրի համար անհաջող երևույթ է, միակ լավ բանը, որ նա կարող է անել հայ ազգի համար՝ հրաժարական տալն ու գնալն է»,- եզրափակեց Լևոն Հայրյանը։

Տեսանյութեր

Լրահոս