ՀՀ սահմաններից ՌԴ սահմանապահների դուրսբերման հարցում իրենց դերն ունեցան եվրոպացի դիտորդները․ ռուս վերլուծաբան
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հարցազրույց է տվել՝ անդրադառնալով հարավկովկասյան զարգացումներին։ ՌԴ փոխարտգործնախարարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև անցած շաբաթ Ղազախստանում տեղի ունեցած հանդիպումը։ Նրա որակմամբ, այդ բանակցությունները համահունչ են ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնություններին։
«Կարևոր է, որբանակցություններն ընթանում են բարձրագույն մակարդակում 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հունով, որը որոշել է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը»,-ասել է նա։
Լրագրողը փաստել է՝ ըստ Ադրբեջանի նախագահի՝ Երևանն ու Բաքուն այժմ մոտ են խաղաղությանն ավելի, քան երբևէ, բայց դրան խոչընդոտում են տարաձայնությունները «Զանգեզուրի միջանցքի» շուրջ։ Արձագանքելով հարցին՝ «հնարավո՞ր է՝ առաջիկայում դիվանագիտական բեկում լինի այս ուղղությամբ», Գալուզինը հարկ է համարել ընդգծել, թե Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» եզրույթը չի օգտագործում.
«Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե ինչ-որ կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասում տնտեսական ու հաղորդակցության բոլոր ուղիների բացման օգտին, հենց դրանով էր զբաղվում 2021-ին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների որոշմամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը»,- ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանը՝ Գալուզինը նշել է, որ փաստը, թե առաքելությունը հանդիսանում է ԵՄ հիբրիդային պատերազմի գործիք, հաստատում է դրա գաղտնիությունը, հաշվետվողականության բացակայությունը և վերահսկողության բացակայությունը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ այլ շահագրգիռ երկրների և կառույցների կողմից.
«Առաքելությունը բացահայտ սադրիչ գործունեություն է ծավալում, ամբողջությամբ զբաղվում է հակառուսական քարոզչությամբ՝ հայ հասարակության մեջ կեղծ գաղափարներ սերմանելով Եվրամիության՝ որպես Հայաստանի «անվտանգության և բարգավաճման աղբյուրի» մասին։ Ավելին, ԵՄ գործունեությունը գնալով ստանում է հակաադրբեջանական և հակաիրանական բնույթ»,-նկատել է դիվանագետը։
Գալուզինի խոսքով, եթե խոսենք երկարաժամկետ տարածաշրջանային անվտանգության, կայունության և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների մասին, ապա տարածաշրջանը ռազմականացնելու և այնտեղ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցությունն ընդլայնելու՝ արևմտյան երկրների ծրագրերը լիովին անհամապատասխան են դրանց։ «Հարավային Կովկասի բարգավաճման բանալին ներառական երկխոսությունն է, մասնավորապես՝ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում, ի հայտ եկած խնդիրների հավաքական պատասխանների որոնումը և արտատարածաշրջանային ուժերի աշխարհաքաղաքական թելադրանքին հակազդելը»,-նշել է դիվանագետը։
Գալուզինը խոսել էր նաև ապաշրջափակման ուղղությամբ եռակողմ աշխատանքներից ուայդ համատեքստում՝ ՀՀ իշխանությունների քաղաքականությունից։
Ռուս դիվանագետը պնդել է, թե երեք երկրների փոխվարչապետների գլխավորած այդ հանձնաժողովն անցած տարվա ամռանը «հավասարակշռված փոխհամաձայնության է եկել» Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման շուրջ, բայց Երևանը, ըստ Ռուսաստանի փոխարտգործնախարարի, Արևմուտքի ճնշման տակ որոշել է սառեցնել այդ փոխգործակցությունը։ Թե կոնկրետ ինչի՞ շուրջ է եղել այդ համաձայնությունը, Գալուզինը չի մանրամասնել, նշել է միայն, թե տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար, ըստ Մոսկվայի, եռակողմ հանձնաժողովը պետք է շուտափույթ վերսկսի աշխատանքները։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀ իշխանություններին ձեռնտու էր որևէ պարագայում դուրս չգալ այն բոլոր համաձայնություններից, որոնք կնքվեցին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի միջամտությամբ, քանի որ դրանք, դուրս չգալով պատերազմի ավարտի տրամաբանությունից, որոշակի հավասարակշռություն էին ենթադրում, թույլ տալիս պահպանել ԼՂ-ն ու այնտեղ՝ հայ բնակչությանը։ Սակայն, նրա խոսքով, ընդհանուր առմամբ պատերազմից հետո ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք, Արևմուտքին հիմնական գործընկեր կարգելը հանգեցրեց ներկայիս իրավիճակին, քանի որ Արևմուտքը նույնիսկ չփորձեց գործընթացում հավասարակշռություն ապահովել։
«Իսկ իրավիճակն այն է, որ Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ-ից, այն բոլոր պայմանավորվածություններից ու բանակցություններից, որոնք ՌԴ միջնորդությամբ են կնքվել՝ փորձելով դիրքավորվել արևմտյան հարթակներում, սակայն Ադրբեջանը դա էլ դուրս հանեց գործընթացից, և մնացին Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք ներկայումս բանակցում են դեմ առ դեմ՝ առանց միջնորդների, իսկ դրա արդյունքներից դժգոհությունը Հայաստանում մեծ է, քանի որ հայկական կողմը շատ զիջումներ է անում, չկա հավասարակշռություն, կողմերի միջև բնականոն բանակցությունների համար չկա հավասարություն։ Սակայն, ամենակարևորը, թերևս, այն է, որ պատերազմի հավանականությունը դեռ պահպանվում է, և այդ մասին խոսում են հենց իրենք՝ ՀՀ իշխանությունները, թեև մի որոշ ժամանակ առաջ կարծում էին, թե ԵՄ դիտորդները ՀՀ-ում անվտանգության երաշխիք են։ Այնինչ ԵՄ դիտորդները մեղադրում էին ռուս սահմանապահներինսահմանային այս կամ այն հատված եվրոպացիների մուտքը թույլ չտալու համար, որից հետո նախաձեռնվեց սահմանապահների դուրսբերումը։ Սա ի՞նչ է, եթե ոչ՝ աշխարհաքաղաքական խնդիր, որը լուծում են ԵՄ դիտորդները։ Ուստի ՌԴ փոխարտգործնախարարը սխալ չէ, երբ խոսում է դիտորդների աշխարհաքաղաքական դերակատարության մասին»,-նկատեց վերլուծաբանը։
Մեր զրուցակիցը հիշեց, որ տևական ժամանակ ՀՀ իշխանություններն էին նշում, թե Ռուսաստանը ցանկանում է «Զանգեզուրի միջանցքը»: Ռուսաստանը ներկայումս չի մասնակցում կողմերի հետ որևէ բանակցության, սակայն Ադրբեջանը կարծես կրկին «միջանցք» է պահանջում։
«Ինչպե՞ս է այդպես ստացվել, որ հարցը դեռ օրակարգում է, եթե դա Ռուսաստանն էր ցանկանում։ ՄեղադրելովՌուսաստանին բոլոր մեղքերում, Հայաստանի իշխանությունները շրջադարձ կատարեցին, իրավիճակը շարունակում է վատթարանալ, սակայն այս անգամ Արևմուտքը չի մեղադրվում, և սա ևս ուշագրավ երևույթ է»,-նկատեց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, ներկայումս ՌԴ-ն մի կողմ է «քաշվել», որպես գործընկեր՝ որևէ ավելորդ շարժում չի անում, և դեռ պահպանվում է այն տնտեսական բաղադրիչը, որը կա հարաբերություններում։
«Սակայն կրկնեմ, որ ՀՀ անվտանգության խնդիրները չեն վերացել, այլ գուցեև խորացել են, սակայն ներկայումս դա, ըստ ՀՀ իշխանության, չունի մեղավորներ»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին ու լուրերին, որ ՀՀ-ն չի մասնակցելու ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը, Խրամչիխինն ասաց, որ դա կառույցի համար աղետալի հարց չէ։
Ըստ նրա, խնդիրն այն է, որ Հայաստանը դուրս չգալով կառույցից՝ շարունակում է մնալ դրա անդամ, սակայն չի իրականացնում անդամակցությունից բխող իր պարտավորությունները՝ պատճառաբանելով, թե ՀԱՊԿ-ն էլ իր պարտավորությունները չի իրականացրել։
«Սակայն ՀՀ իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ից դուրս չգալու իրական պատճառն այն է, որ չկա վստահություն, որ ՀԱՊԿ-ը պաշտոնապես լքելը ճիշտ որոշում է»,-նկատեց նա։
Ընթերցողին տեղեկացնենք, որ ամիսներ առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը փակ հանդիպում է ունեցել քաղհասարակության ներկայացուցիչների, իշխանամերձ փորձագետների հետ և պատմել, որ 2023թ. Արցախի հանձնումից հետո Արևմուտքի իր գործընկերների հետ հանդիպումներում նրանց տեղեկացրել է, որ Հայաստանն արդեն պատրաստ է դուրս գալ ՀԱՊԿ-ից, սակայն, ի զարմանս իրեն՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները նրան պատասխանել են, որ պետք չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այս մասին պատմել է Արմեն Գրիգորյանը: