Տղա ջան, մենակ գալստուկ կապելով՝ վարչապետ չեն դառնում. Թուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն է։
Դավիթ Ամալյանի որդին՝ Վարդան Ամալյանը, զոհվել է 2020 թվականին, 44-օրյա պատերազմում, Շուշիի մատույցներում:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- 44-օրյա պատերազմից հետո հասարակությունը չհասկացավ պատերազմի, զոհվածի արժեքը։ Զոհերը բոլորինս են, եթե նույնիսկ տղաս ողջ լիներ, միևնույն է, համարելու էի, որ կորուստ ունեմ։ Տղայիս զոհվելու պատճառն այն էր, որ պատերազմի ընթացքում տարբեր հրամաններ են եղել 2-3 տեղից… 90-ականներին մեկ հրաման կար՝ Վազգեն Սարգսյանի հրամանը։ Հաջողություն էր լինում, որովհետև զինվորը մի հրաման էր ստանում, ոչ թե բունկերներում գտնվող տարբեր մարդկանցից՝ տարբեր հրամաններ… 44-օրյա պատերազմի պարտության պատճառն առաջնորդ չունենալն էր։
- Ատելությունն իմ միջից հանել եմ, բայց վրեժ ունեմ: Դավաճանների հանդեպ ատելություն է ծնվում, բայց նույնիսկ դավաճանը դեմք ունի, այս մարդիկ դեմք էլ չունեն, իսկ անդեմ լինելն ավելի վատ է, քան դավաճան լինելը։ ՔՊ-ականները դեմք չունեն՝ անդեմ են։
- Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ պայքարի մասին. այն, ինչ այսօր կա՝ պարզապես ոգևորվածություն չէ, վճռականություն է։ Մեր պայքարը սովածների պայքար չէ, մեր պայքարը հանուն մարդկային արժեքների է։ Կա՞ որևէ փաստ, որ սոցիալական հեղափոխությունն օգուտ է տվել, սովածների հեղափոխությունը լենինիզմ է, և դա մարդկային արժեքների կորստի է հասցնում։ Մեր պահանջը հոգևոր է, նյութական չի ազգային է, ազգայինը՝ հոգևոր արժեք է։
- Բագրատ Սրբազանի գործողությունների մեջ որևէ հակապետական բան չեմ նկատել. ռադիոտան դուռ չի ջարդել, անօրեն, ձերբակալության ենթակա որևէ բան չի արել, բայց քանի որ այսօր Հայաստանում իշխանության են հակապետականները, իրենց լծակներն օգտագործելով՝ պետականամետ ցանկացած մարդու կարող են ձերբակալել։ Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է։
Էդ մարդը (Նիկոլ Փաշինյանը) պետություն չի սիրում։
- Երբ նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանը, հրաժարական տվեց, շատերն ուրախանում էին, ես հասկացա, որ չարիքի մեջ ընկանք: Ես այդ օրը չուրախացա, որովհետև տեսա՝ ով ա գալիս իշխանության, ու հասկացա, որ 1-2 տարի հետո պատերազմ ա լինելու, իսկ էդ ժամանակ իմ տղաս ծառայության մեջ էր արդեն…
- Մեր պոռթկումը, մարդկային դրսևորման այս ձևն անզուգական է, հուսամ, ոստիկաններն էլ կհասկանան և հրահանգները չեն կատարի… Սա քաղաքականություն չի, սա քաղաքական խաղ չի, ի տարբերություն նախորդ պայքարի ձևերի՝ սա ուրիշ է, հավատացեք այս լիդերին՝ Բագրատ Սրբազանին, ինքը ՄԱՐԴ ա, կերպարային առումով՝ Հովհաննես Թումանյանի իրավահաջորդն ասես լինի…
- Պայմանավորված պատերազմի ժամանակ զոհվում են երեխեք, ունենալու ենք կորուստներ։ Այն, ինչ ասում և անում են այս իշխանությունները՝ խաղաղություն չէ. 4 գյուղից հետո Ալիևը 5-6 գյուղ էլ է ուզելու, ու այդպես շարունակ… Փաշինյանը եկավ խաղաղության կոչերով, բայց հրահրեց պատերազմ։ Թող գնա, թող ասի՝ չեմ կարողանում, ժողովուրդ ջան, ի վիճակի չեմ և, որպեսզի Քաջ Նազարի կերպարը չդառնամ՝ ես գնամ, թող գա արժանավոր, կարող մեկը։
- Մենք պատերազմ չենք ուզում: Այն մարդը, ով նման կորստի ցավ է ապրել՝ պատերազմ չի ուզում, ամեն զոհված տղայի հետ ես Վարդանիս նորից կորցնում եմ, ու կապ չունի՝ զոհվողն ում երեխան է: Բայց սրանց ասածը խաղաղություն չէ, խաղաղության հետ որևէ կապ չունի:
- 2018-ին իշխանության գալուց առաջ բանակից ամենաշատ բողոքողներից մեկը դու էիր…
- Զորավարժություններ անելու, զենք գնելու իմաստը ո՞րն ա, որ Ալիևն ինչ ուզում է՝ սկուտեղի վրա տալիս ես:
- Բանակը իմ համար հոգևոր արժեք է միշտ եղել. Խորհուրդ կտամ մեր հոգևոր արժեք բանակին՝ միանալ այսօրվա հոգևոր պայքարին:
- Մեջք մեջքի կանգնելով՝ պիտի վեր բարձրանանք:
- Պիտի խնդրեմ շարժման համակարգողներին՝ ուշադիր լինել ու կանխել որևէ նախաձեռնություն ոստիկանների դեմ: Այս իշխանությունները ցանկացած պրովոկացիայի կդիմեն: Մենք ոչ մի հայ տղայի դեմ ոչինչ չունենք, իրենց էլ՝ ոստիկաններին, խնդրում եմ իրենց տղավարի պահել ու հրահանգներ չկատարել: Հույս ունեմ, որ ոստիկանները կհասկանան, և որևէ բախում չի լինի: Պետք է հասկանանք, որ այսօր Հայաստանում հակապետական իշխանություն է, և ցանկացած քայլի կդիմեն:
- Մենք գործ ունենք քաղցկեղով հիվանդ մարմնի հետ. քաղցկեղն այսօրվա պաշտոնյաներն են, մետաստազներն էլ՝ իրենց հետևողները։ Եկեք հասկանանք՝ ինչ եղավ, որ Նիկոլ Փաշինյանի գալուց հետո ընկանք չարիքի մեջ…
- Հիմա լույս եմ տեսնում, չարը, ի վերջո, պարտվում է, մենք այս պահին ընդհատակում ենք, պետք է համախմբված բարձրանանք։ Արժեքներ ունեցող ու արժեքների դավանող մարդիկ շատ կան։ Խնդրում և պահանջում եմ՝ չտրվել սադրանքների, որևէ ոստիկանի դեմ անօրինական գործողություններ չկատարել։
- Ո՞ւմ ես ասում՝ գործակալ, պարոն իշխանություն։ Թուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին, ուրիշին գործակա՞լ են ասում ու ընկած մեր մեջ՝ գործակա՞լ եք փնտրում։
- Տղա ջան, դու վարչապետի բա՞ն ես, մենակ գալստուկ կապելով՝ վարչապետ չեն դառնում: Եթե իշխանությանն այդպես կառչած եք ու չեք տալիս, մի տարբերակ կա՝ ուրեմն դուք գործակալներ եք և ուզում եք ձեզ հանձնարարված գործը մինչև վերջ անել:
- Այ անարժեքներ, հայրենիքն արժեք է, փորձեք գոնե մի վայրկյան բարոյական լինել, եթե, իհարկե, կարող եք:
- Շատերն են ասում, որ Արցախը պիտի հանձնեին, դրա համար Նիկոլին բերեցին: Եթե նույնիսկ ընդունենք, որ այդ հիմարությունը ճիշտ է, է՜, թող ասեր՝ չէ, թող ասեր՝ հեղափոխություն եղավ, լավ, բայց ես չեմ տա Արցախը, ու թող գնար։
- Գյուղերում, որ տանը որ գոմ կա ու անասուն են պահում, ճանճերի քանակը շատանում է: Պատկերավոր ասած՝ հիմա մեր տանը ճանճերը շատ են: Ճանճերին մի սատկացրեք, անասունը հանեք գոմից: Ճանճերը կքչանան, մեղուները կշատանան: Մեզ շատ մեղուներ են պետք:
Մանրամասները՝ տեսանյութում.