Կրակել էր մեքենաներին` գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ
Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում մայիսի 9-ին հնչել են կրակոցներ: Հետագա միջոցառումները ձեռնարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները` իրավապահները պարզեցին, որ մայիսի 9-ին, ժամը 20.30-ին, Աշտարակ քաղաքի բնակիչ 50-ամյա տղամարդը, գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, հրազենով երկու կրակոց է արձակել Գետափնյա փողոցի տներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի մեքենաների ապակիներին և դիմել փախուստի:
Օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 10-ի ժամը 21-ին 50-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Աշտարակի բաժին և հայտնեց, որ ինքն է կրակել 57-ամյա հորն ու 24-ամյա որդուն պատկանող մեքենաների վրա։ Ըստ նախնական տեղեկությունների` մինչ այդ միջադեպը վեճ էր տեղի ունեցել 50-ամյա տղամարդու որդու և 24-ամյա երիտասարդի միջև: Հրացանի վերաբերյալ տղամարդը հայտնեց, թե այն գտել է Աշտարակի ձորում։
50-ամյա աշտարակցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 11-ին տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիք որսորդական երկփողանի հրացանը:
Կատարվում է քննություն: Հանգամանքները պարզվում են: