Հայերն անմիաբանության պատճառով մեկ շանս արդեն բաց են թողել. Պետք է համախմբվել Բագրատ սրբազանի շուրջ. Լևոն Հայրյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 9-ից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքիպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Երևանում է։ Երկու օր շարունակ շարժումը Հանրապետության հրապարակում իրականացրեց բազմահազարանոց հանրահավաքներ, որտեղ Բագրատ սրբազանը հայտարարեց՝ շարժումը վերկուսակցական է, նպատակը հայի ու հայրենիքի արժանապատվության վերականգնումն է։

Ապրիլի 19-ից սկսած՝ երբ ՀՀ իշխանությունն Ադրբեջանի հետ Տավուշում սկսեց սահմանազատման գործընթաց, տավուշեցիները ոտքի կանգնեցին, բողոքի ակցիաներ իրականացրեցին՝ պահանջելով դադարեցնել գործընթացը, որը ոչ այլ ինչ է, քան հայկական տարածքների զիջում թշնամուն։

168.am-ի հետ զրույցում Հադրութից տեղահանված բնակիչ, «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանն ասաց՝ շարժմանն ակտիվ մասնակցում են նաև Արցախից բռնի տեղանված արցախահայերը, քանի որ նրանք չեն ուզում Հայաստանն էլ կորցնել այնպես, ինչպես կորցրեցին Արցախը։

«Եթե մի բանն արվում է հանուն հայության, ապա այն հանուն Շիրակի, Արցախի, Տավուշի, լոսանջելեսահայի է, ուստի այն վերաբերում է նաև արցախահայությանը։ Տեղահանված արցախահայերը տեսել են Արցախի կորուստը, մեծ ակտիվությամբ այս շարժմանը մասնակցում են, չեն ուզում Հայաստանն էլ կորցնեն, բայց կուզեի, որ ավելի ակտիվ լինեին։

Կարդացեք նաև

Բագրատ սրբազանի կերպարն ինձ համար շատ դրական կերպար է, բայց սա չէ կարևորը, կարևորն ազգակործան պատուհասից ազատվելն է, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է նրան բնորոշել։ Հայերն իրենց անմիաբանության պատճառով մեկ շանս արդեն բաց են թողել՝ քաղաքապետի ընտրություններին կարելի էր համախմբվել որևէ քաղաքական ուժի շուրջ ու «կարմիր քարտ» ցույց տալ ՔՊ-ին, բայց չարեցին, որի արդյունքում ՔՊ-ն անցավ»,- նշեց Լևոն Հայրյանը։

Նրա խոսքով՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ մեկնարկած շարժման վերաբերյալ ոչ միայն ունի դրական կարծիք, այլև հնարավորության սահմաններում աջակցում է։

«Երբեմն զայրանում եմ մարդկանց ոչ տեղին քննադատությունների վրա, չենք էլ հասկանում՝ այդ քննադատողներն ովքեր են, որ սկսում են այդ շարժման մասնակիցներին քննադատել։

Այս պահին մեզ պետք է կամային ուժեղ հատկանիշներով, խելացի առաջնորդ, որի հետևից ժողովուրդը կգնա, մեր իրականության մեջ Բագրատ սրբազանն այդ թեկնածուն է։ Մարդը կրթված է, ազնիվ է, ժողովրդին էլ իր շուրջը համախմբել է, նրա հետևից պետք է գնալ։ Չպետք է վարչապետի այլ թեկնածու փնտրել, հենց Բագրատ սրբազանի վրա է պետք կանգնել։

Իսկ այն ուժերը, որոնք չեն ուզում միանալ Բագրատ սրբազանին, դրանով ոչ թե Բագրատ սրբազանին են վնաս տալիս, այլ հայրենիքին, ու դրանից էլ օգուտ չեն քաղում։ Հետևաբար, պետք է համախմբվել նրա շուրջ, սա ոչ թե Տավուշի, այլ Հայաստանի փրկության հարցն է»,- եզրափակեց Լևոն Հայրյանը։

Տեսանյութեր

Լրահոս