Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Երկու եղբայրներ գնացին վաճառելու իրենց ձեռագործը: Երբ նրանցից մեկը գնաց իր պաշտամունքն անելու, մյուսը դևերի պայքարի և փորձության մեջ ընկավ: Եղբայրը գալով նրա մոտ` ասաց.
«Գնա՛նք մեր խուցը, եղբա՛յր»:
Նա պատասխանեց և ասաց` չեմ գա, իսկ նա աղաչեց ու ասաց. «Ինչո՞ւ չես գալիս, ի՛մ եղբայր»:
Նա ասաց. «Նրա համար, որ մեղքի մեջ ընկա»:
Իսկ եղբայրը, կամենալով շահել նրա հոգին, սկսեց երդվել և ասաց. «Ես ևս, երբ բաժանվեցի քեզնից, այդպիսի բանի մեջ ընկա. սակայն ե՛կ գնանք և ապաշխարե՛նք, քանզի Աստված իշխանություն ունի թողություն տալու մեզ»:
Եվ վերադառնալով իրենց խցերը` պատմեցին ծերերին, թե ինչ փորձություններ պատահեցին իրենց:
Ծերերը նրանց ապաշխարության կարգ սահմանեցին, և մյուս եղբայրը նույնպես ապաշխարում էր մեղանչած եղբոր հետ, իբր` ինքն էլ էր մեղանչել: Եվ Աստված, տեսնելով նրա սիրո ապաշխարությունը, քիչ ժամանակ անց տեսիլքով հայտնեց ոմն ծերի նրանց գործերը՝ ասելով.
«Անմեղի սիրո համար թողություն արեցի մեղանչածին»: Այս է սեփական անձը եղբոր համար զոհաբերելը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016