Եթե մեր քաղաքացիների գործուն մասնակցությունը լինի, ապագա կլինի, եթե ոչ՝ չի լինի. Վաչե Գաբրիելյան
168.am-ում Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ նախկին փոխվարչապետ, Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև:
- Երբ 2022թ. բյուջեն էր հաստատվում, կառավարության թիրախը 4.5% էր:
- Կա որոշակի իներցիա: Տնտեսությունը զարգացնելու համար պետք է ունենալ նոր կարողություններ՝ մարդիկ և ներդրումներ:
- Հիմա մենք ունենք տնտեսական ակտիվության ցույցանիշ` 14 %. Դա 2-3 անգամ ավելի շատ է, քան կանխատեսվում էր:
- Երբ եղավ ռուս-ուկրաինական պատերազմը, բոլորի մոտ գնահատականների խնդիր կար: Ես կարծում էի՝ մենք կարող ենք ունենալ որոշակի ռիսկեր: Ռիսկերը աճի միտումով էին: Ռուսաստանից տեղի ունեցավ կապիտալի և մարդկանց փախուստ, բայց արդեն իսկ ՌԴ-ից եկած մարդկանց մի մասը գնացել է:
- Բացի տեղեկատվական տեխնոլոգիաներ ենթադրող խոշոր ներհոսքից, կան նաև այլ մասնագետներ՝ տաքսու վարորդներ, մատուցողներ, հեռուստատեսային աշխատողներ, օպերատորներ: Սա ևս նպաստում է տնտեսական աճին:
- Հանքարդյունաբերության մեջ ունենք նվազում. պղնձի ֆիզիկական ծավալներն իջել են:
- Կառավարությունը շատ ճիշտ կերպով տարիներ առաջ սահմանափակեց Երևանի կառուցապատմանը տրվող օգնությունը (հիփոթեքային վարկի տոկոսադրույքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգը,- խմբ.): Ըստ իս՝ կրկին սահմանափակելու կարիք կա: Այդ ճյուղին սուբսիդավորում պետք չէ:
- Շինարարության 45 %-ը Երևանում է, երկրորդը Կոտայքն է՝ 31%:
- Եթե չունենանք այն ներհոսքը, որ ունեցել ենք, կունենանք էական խնդիրներ:
- Եվրոն ռուսական ռուբլու նկատմամբ 10 %-ի խնդիր ունի: Վալյուտային ներհոսքի ու ռուսական ռուբլու կայունության հետևանքով մեծացել են Ռուսաստան արտահանումները:
- Քանի որ սանկցիաները ռուսների համար անկանխատեսելի պայմաններ են ստեղծել, ռուսներն ուզում են դիվերսիֆիկացնլ իրենց վճարումները, լոգիստիկ շղթաները:
- Ամենաշատ աշխատատեղեր ավելացել են փոքր ձեռնարկություններում, ուր ունենք ամենացածր աշխատավարձերը:
- Կենտրոնացած տնտեսական աճ է հիմնականում Երևանում, ոչ մարզերում:
- Տնտեսության վարկավորումը չունի այն տեմպերը, որն անհրաժեշտ է:
- Ես տեղյակ չեմ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների կողմից կառավարությանն ուղղված շանտաժից, կարող եմ ասել՝ տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվողները բարձրացրել են իրական խնդիրներ, բայց կառավարության կողմից նրանց ուղղված վնասների փոխհատուցման տրամաբանությունն ինձ հասկանալի չէ: Այս պահին հիմնական աջակցությունը պետք լինի լիկվիդայնությունը՝ վերադարձնելու տրամաբանությամբ:
- Հայաստանում շատ փող կա, բայց դրանք ես անվանում եմ կայանված գումարներ: Հայաստանում շատ փող կա բանկերում:
- Հայաստանում փող կա, բայց ո՞ւմ համար. մարդիկ ռիսկերը կառավարելու տեսանկյունից ուղղակի իրենց փողերը պահում են մեր բանկերում: Այսինքն՝ այդ փողերը կան, բայց միշտ չէ, որ դրանք օգտագործելի են: Առկա են փողեր, որոնք կարող են օգտագործվել, բայց դրա համար պետք է լինեն նախագծեր, բիզնես հետաքրքրություններ:
- Պետությունը փող, բնականաբար, ունի, բայց էդ փողն ի՞նչ խնդրի համար է… Օրինակ, բանակը երկու տարում վերականգնելուն դա բավարա՞ր է… Նպատակի տեսակետից խոսելու պարագայում միայն մենք կարող ենք համադրել, ասել՝ փող շա՞տ կա, թե՞ չկա:
- Ոստիկանությունը խոշոր հարկատուների ցանկում կարող է լինել միայն այն պատճառով, որ տալիս է բարձր աշխատավարձ և պարգևավճարներ:
- Արևելյան Եվրոպայի երկրները քիչ կորուստներ են ունեցել, որովհետև հիմնականում ունեցել են կուտակային հիփոթեքային հիմնադրամներ:
- Բարեփոխումների լավագույն ժամանակը բարձր տնտեսական աճի ժամանակահատվածն է: Այդ տեսակետից ժամանակը վատը չէ, սակայն առողջապահության տեսակետից բարեփոխումների կոնցեպտը հասկանալի չէ:
- Պարտադիր առողջապահական ապահովագրության գաղափարը լավն է, բայց կան խնդիրներ, որոնք պատասխան չունեն, և դրանք չլուծելու դեպքում խնդիրներ կառաջանան:
- Եթե առողջապահական ապահովագրությունն ընթանա առանց պրոտոկոլների, պարզ չէ՝ ինչպես են վիճարկելու տրվող և ստացվող գումարները: Առանց պրոտոկոլների՝ այս ռեֆորմի իրականացումը խնդիր է:
- Ես 30 տարի պարտադիր հայտարարագրման ջատագովն եմ եղել, բայց դա դուք չեք կարող անել հանպատրաստից, եթե չեք կարող լուծել իդենտիֆիկացման և ծանուցման խնդիրը:
- Եթե ստիպում եք՝ մարդիկ հայտարարագրեն եկամուտները, ու դրա հետևանքով որևէ հարկ չի ավելանալու, սրա պատասխանը ես չեմ տեսնում:
- Երկրի անվտանգությունը կարևորագույն բաղադրիչ է. հուսամ՝ բյուջեում ռազմական ծախսերի համար նախատեսվող գումարներն ավելի շատ կլինեն:
- Եթե կառավարությունը չունի այն վստահությունը, որն ուներ երկու տարի առաջ, երկու տարի հետո ավելի՞ն է ունենալու:
- Վստահությունը քաղաքականության իրականացման կարևորագույն գործոն է, որպեսզի մարդիկ հավատան: Ես ռեֆորմների կոնտեքստը քննարկում էի ոչ թե քաղաքական, այլ տեխնիկական և տնտեսական կոնտեքստներից:
- Ես չգիտեմ հստակ մեթոդաբանությունը, որով կարելի է չափել կոռուպցիայի մակարդակը:
- Կոռուպցիայի առումով ամենախնդրահարույցը մեկ անձից գնումների քանակն է, որն անշեղորեն աճում է:
- Տնտեսության օլիգարխիկության չափանիշ ես չգիտեմ, բայց իմ կարծիքով՝ տնտեսության կառուցվածքի մեջ այդ առումով փոփոխություններ չեն եղել:
- Թուրքական մերձեցման սպասումները միայն մի տեսակետից կարող են լինել դրական, եթե Հայաստանով դեպի Ռուսաստան արտահանումներ լինեն:
- Ազդակ, որ թուրքերը ցանկանում են Հայաստանի համար բացել շուկան, չեմ տեսել:
- Մենք, ըստ էության, չունենք ճանապարհային քաղաքականություն՝ որ Թուրքիայի հետ ճանապարհները կբացվեն ու շուկան կաշխատի:
- Տնտեսական սպասումների տեսակետից, ամենայն հավանականությամբ, մենք այս տարի դեռ կշարունակենք ունենալ մի փոքր աճ, քան մեր ներուժն է Ռուսաստանից դեռևս շարունակվող արտահոսքի հաշվին: Կունենանք 6-7%-ի տնտեսական աճ:
- Ես երբևէ չեմ հիշում, որ տնտեսական իրավիճակի տեսանկյունից այսքան ոչ որոշակի իրավիճակի ականատես եղած լինեմ:
– Ապագա ունի՞ Հայաստանը, մենք ապագա ունե՞նք, թե՞ վաղուց անցել ենք անդառնալիության կետը:
– Անդառնալիորեն պատմության գիրկն անցնելու տեսակետից ես ավելի լավատես եմ: Կարծում եմ՝ Հայաստանն ունի ապագա, բայց դա չի նշանակում, որ մենք հենց այնպես հասնելու ենք այդ ապագային: Եթե մեր քաղաքացիների գործուն մասնակցությունը լինի, ապագա կլինի, եթե ոչ՝ չի լինի:
Մանրամասները՝ տեսանյութում: