«ԿԲ-ն փոխանակ մեզ օգներ, այդ հեջավորման գործիքները ներդներ, բերվեց նմանատիպ նախագիծ». Արմեն Սաքապետոյան
Կառուցապատողները պարտավոր են բնակարանները վաճառել դրամով. օրերս ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում՝ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը ներկայացնելիս նման հայտարարությունն արեց Կենտրոնական բանկի ներկայացուցիչը՝ մանրամասնելով.
«Անկախ նրանից՝ քաղաքացին ինչ աժույթով կվերցնի վարկը, այդ օրվա դրությամբ դա վերածվում է ՀՀ դրամի: Այն, որ կառուցապատողը նախնական վաճառքներ է անում և հետո է կառուցում, ու այդտեղ լինում են արտարժութային ծախսեր, բանկերի կողմից կան առաջարկներ՝ հասանելի գործիքներով, որ իր պլանավորած՝ 6 ամիս հետո գնվելիք ամրանի գումարի չափով ինքը կարող է ֆիքսել իր փոխարժեքը, չունենալ որևէ ռիսկ: Այլ բան է, որ որոշ տնտեսավարողներ, հնարավոր է, մտածեն՝ իրենք կարող են կանխատեսել ինչ-որ փոխարժեքներ և փորձել խաղադրույք կատարել փոխարժեքի աճի կամ նվազման վերաբերյալ»:
Հիշեցնենք՝ ՔՊ պատգամավորների կողմից առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոթեքային կրեդիտները պետք է տրամադրեն միայն ՀՀ դրամով: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի)՝ բնակարանային հիպոթեքային կրեդիտները կարող են տրամադրել արտարժույթով:
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ խոսեց ոլորտի վրա դրա հետևանքների մասին:
«Մեր օրենսդրությամբ մենք գնանշումները կատարում ենք միայն դրամով, բայց Քաղաքացիական օրենսգիրքը թույլ է տալիս, որպեսզի այդ դրամը կապենք ինչ-որ արժույթի հետ: Այսինքն՝ սովորաբար կառուցապատողներն այդ գինը կապում են դոլարի արժեքի հետ, որովհետև կառուցապատման ծախսերը շատ դոլարիզացված են: Այսինքն՝ ձևական իմաստով է գնանշումը լինում դրամով, բայց կապվում է ինչ-որ արժույթի հետ,- թեմային անդրադառնալով՝ մանրամասնեց Արմեն Սաքապետոյանը, ապա խոսեց այս առաջարկվող փոփոխությունների պատճառների մասին,- Կառուցապատողներին խնդիր էր դրվել. ԿԲ-ն սահմանափակել էր առևտրային բանկերի կողմից հեջավորման գործիքների (սվոփ գործարքների) կիրառումը:
Այսինքն, եթե կառուցապատողը շենքը սկսելուց բնակարան է վաճառում քաղաքացուն և գինը ֆիքսում է դրամով, բայց վարկ է վերցնում, օրինակ, դոլարով, ապա ինքը կարողանա բանկի հետ կնքել համապատասխան պայմանագիր, որ երկու տարի անց, երբ շենքը կավարտի և գումարները կհավաքի, բանկն իրեն այդ չափով դոլար կտա՝ անկախ դոլարի կուրսից: Կառուցապատողներն այդ միջոցով փորձում էին իրենց արտարժութային ռիսկերն ապահովագրել. դոլարի տատանման, առավելևս՝ նվազման հետ կապված ռիսկերը»:
Նա շեշտեց, որ տատանմամբ պայմանավորված՝ կառուցապատողների մոտ դրամով արտահայտված հասույթը նվազում էր 25 տոկոսով, հասույթի նվազման մեկ այլ պատճառ էր շուրջ 15-20 տոկոս գնաճը:
«Եվ ստացվում էր մի այնպիսի իրավիճակ, որ մի կողմից՝ հասույթն էր նվազում 20 տոկոսով, մյուս կողմից՝ ծախսերն էին ավելանում միջինը 20 տոկոսով, և մեծանում էր ռիսկը, որ կառուցապատողն այլևս նպատակահարմար չի համարի օբյեկտը հանձնի շահագործման, որովհետև 40 տոկոս կորուստ է ունենում: Այդտեղ ԿԲ-ն փոխանակ մեզ օգներ, այդ հեջավորման գործիքները ներդներ, կամ չարգելեր առևտրային բանկերին, որպեսզի այդ գործիքները կիրառեին, բերվեց նմանատիպ նախագիծ, ըստ որի, հիպոթեքները կարող են տրամադրվել միայն դրամով:
Իսկ դա շուկայի վրա կունենա էական բացասական ազդեցություն, որովհետև դրամն այսօր շատ թանկ է (ՎՖՏ-ն 10.75 տոկոս է), իսկ տնտեսության մեջ առկա է մեծ քանակությամբ արտարժույթ՝ 5-6 տոկոսով, և գնորդները պետք է ստիպված լինեն առնվազն 14-15 տկոսով հիպոթեքային վարկեր վերցնել: Վերջինս կբերի գնորդների, գնողունակության նվազման, և հետևաբար, դրանից էլ բխող՝ պայմանական 100 պոտենցիալ գնորդից 20-ն այլևս չեն կարողանա այդ տոկոսներով վարկեր վերցնել: Այդ 20 տոկոսով առնվազն կկրճատվի շինարարությունը, կառուցապատումը»,- մանրամասնեց Արմեն Սաքապետոյանը:



