Այս իրավիճակի առաջացման մեղավորն առաջին հերթին իշխանություններն են, որոնք տարբեր միջոցներով անհարկի ծանրացրել են կառուցապատողների ֆինանսական բեռը՝ պարարտ միջավայր ստեղծելով նրանց սնանկացման համար։ Սնանկացումը շատ դեպքերում դարձել է ֆինանսական բեռից ազատվելու միակ միջոցը։ Ոչինչ, որ դրա հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ ստիպված կլինեն կորցնել բնակարանն ունենալու հույսը։
Այս իրավիճակը չի բխում, առավել ևս՝ այն կառուցապատողների շահերից, որոնք տարբեր պատճառներով դեռևս չեն հասցրել իրացնել իրենց կառուցած շենքերը։ Գների նվազումը նրանց հաշվարկներում ֆինանսական կորուստներ է առաջացնում։ Ու երբ դրան ավելանում են լրացուցիչ պարտավորությունները՝ հարկերի ու տուրքերի տեսքով, խնդիրներն ավելի են սրվում։
Այսօր մեր հասարակության գերակշիռ մեծամասնության գնողունակությունը չափազանց հեռու է այն գներից, որոնք վերջին տարիներին հաստատվել են անշարժ գույքի շուկայում։ Ում գնողունակությունն էլ բավարարում է այդ պայմաններում բնակարան կամ անշարժ գույք ձեռք բերելու համար, արդեն հասցրել է դա անել։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ խոսեց ոլորտի վրա դրա հետևանքների մասին: