ՀԷՑ-ն իր տեղում է, ոչ մի արտառոց բան չի կատարվում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Իշխանության ներկայացուցիչները փորձում են հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե ՀԷՑ-ն արդեն «իրենցն է»։ ԱԺ-ում ընդունված օրենքն օգտագործվում է որպես փաստի տեսքով հաղթանակ ներկայացնելու համար։ Բայց իրականում ՀԷՑ-ի կառավարումը դեռեւս նախկին կառավարիչների ձեռքում է։ ՔՊ-ականներն այս պահի դրությամբ արել են ընդամենը մեկ քայլ՝ Ազգային ժողովում ընդունել են մի օրենք, որով հնարավորություն են ստանում հետագա որոշումներն իրականացնել ոչ թե ՀԾԿ հանձնաժողովի որոշմամբ, այլ՝ ՀԾԿՀ նախագահի։ Իրականում, այդ «մեկ քայլի» արդյունքում դեռեւս շատ հեռու են ՀԷՑ-ի կառավարումը ստանձնելուց։ Ավելին՝ այդ օրենքն ընդդիմության կողմից վիճարկվել է Սահմանադրական դատարանում, ուստի դեռեւս պետք է ՍԴ-ն որոշի դրա սահմանադրական լինելը:

Փաշինյանի թիմն ամեն կերպ փորձում է իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես ՀԷՑ-ի սեփականատիրոջը բանտ են գցել եւ ՀԷՑ-ն էլ արդեն խլել են նրանից, եւ այդ ռազմավարական օբյեկտի կառավարումն անցել է իրենց: Ավելին` ժամանակավոր կառավարչի անունն է անգամ շրջանառվում։ Երեկ էլ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանը, որին Փաշինյանը, որպես ամենակարողի, շարունակ մի պաշտոնից մյուսն է տեղափոխում, ազատվեց պաշտոնից` ՀԷՑ-ի տնօրենի ԺՊ նշանակվելու համար: ՀԷՑ-ի մամուլի խոսնակը երեկ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ որեւէ արտառոց գործընթաց չկա այս պահին։ ՀԷՑ-ի աշխատակիցները շարունակում են իրենց աշխատանքը, տնօրինության ազատման կամ անձնակազմի փոփոխման վերաբերյալ որեւէ ծանուցում դեռեւս չի եղել։ Փաստացի իշխանությունը կառավարման լծակ դեռ չի ստացել։ Սա մանիպուլյատիվ քաղաքական գործիքակազմ է, որը հաճախ կիրառվում է՝ հանրային ընկալումն իրական փաստից առաջ գցելու նպատակով։ Եթե Սահմանադրական դատարանն օրենսդրական փոփոխությունը ճանաչի հակասահմանադրական, ապա ամբողջ գործընթացը կփլուզվի հիմքից։ Իսկ մինչ այդ՝ հանրությանը մատուցվում է հերթական բեմադրությունը՝ «ՀԷՑ-ը մերն է» վերնագրով։

Ի դեպ, ՀԷՑ-ի հարցում պետության իրական մտադրությունները դեռեւս պարզ չեն։ Եթե իշխանության նպատակը բիզնես շահերի վերահսկումն ու հանրային ծառայությունների արդար կառավարումն է, ապա պետք է ապահովվեն թափանցիկություն, պրոֆեսիոնալ կառավարում եւ օրինական գործընթաց։ Բայց եթե նպատակը PR-ն է՝ «տեսեք, պետական ունեցվածքը հետ ենք բերում» կարգախոսով, իսկ իրականում` կառավարումը մեկ ուրիշին հանձնելը, ապա սա հերթական քաղաքական մանիպուլյացիան է։

Տեսանյութեր

Լրահոս