
Նիկոլ Փաշինյանին որ դատում էին, ես ԱԺ-ում դեմ քվեարկեցի. «Հրապարակ»

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումից անցել է մի քանի շաբաթ։ Թեեւ առաջնորդարանում եւ Շիրակի թեմում կյանքն ընթանում է իր հունով, բոլորն իրենց գործն անում են նախկինի պես, այնուամենայնիվ, Սրբազանի պակասը զգացվում է։ Զգացվում է ոչ միայն հոգեւոր, այլեւ Գյումրու քաղաքային ու քաղաքական դաշտում, որտեղ գրեթե յուրաքանչյուր հանրային հանդիպման ժամանակ անդրադառնում են Միքայել սրբազանին ու նրա անարդար կալանքին։
Ավագանու վերջին նիստի ժամանակ «Հայաստան» դաշինքի անդամ Կարեն Սիմոնյանը հիշեց Սրբազանին, դժգոհեց ու քննադատեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին, նրանց մեղադրեց իշխանության հետ համագործակցելու մեջ, ապա բոյկոտեց նիստը՝ լքելով դահլիճը։ Քաղաքապետարանում կայացած մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման ժամանակ եւս Սրբազանի անունը հնչեց. ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը նշեց, որ յուրաքանչյուր մարզիկի անունը հնչեցնելիս հիշվում էր նաեւ Միքայել սրբազանի անունը, ամեն մրցելույթից առաջ նրանից էին մարզիկներն օրհնություն ստանում։
«Միքայել եւ Բագրատ սրբազանների աշխատանքը ես եմ տեսել։ Երբ 2015 թվականին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ ողբերգություն եղավ, տեսա, թե ինչպես էր Միքայել սրբազանն աշխատում իր հոտի հետ։ Տեսել եմ 2016-ին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Բագրատ սրբազանի աշխատանքը, երբ շատերը խուսափում էին, ինքն ինչեր էր անում։ Մի խոսքով, Աստված պահապան մեր սրբազաններին, մեր Գյումրուն»,- ասաց Մխիթարյանը։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ զրույցում ասաց․ «Այնքան են բոլորիս խաբել, որ արդեն չգիտենք, թե ինչ է կատարվում, ոնց է կատարվում, էս ժողովրդից ի՞նչ են ուզում։ Մենակ կոչ կանեմ էդ ոստիկանների ծնողներին, ընտանիքներին՝ էդ հացը, որ իրենք վաստակում են, անեծքով է, մի կատարեք էդ հրամանները, որ Աստծո դեմ են, դուք չեք պատկերացնում, որ Աստծո անեծքը թափավ ձեր վրա, էլ պրծում չի լինի։ Տիրան թագավորը սպանեց մեր հայոց երկու կաթողիկոսներին՝ Հուսիկին ու Դանիելին, դրանից հետո պարսիկ Շապուհն իրեն գերի տարավ ու կուրացրեց, երկու սրբերի նահատակեց, երկու աչքերը կուրացան․․․, դուք էդ պատժից չե՞ք վախենում»։
Անդրադառնալով Միքայել սրբազանին առաջադրված մեղադրանքին, թե նա ռազմական հեղաշրջման կոչ է արել, Ղուկասյանն ասաց․ «Բա ինչի՞ մի գործողություն չարեցին, էսօր մեր ազգի հետ որ խոսում ես, կեսը կեսի մեռնելն է ուզում՝ պիտի սատկի, պիտի խփենք, բայց ո՞վ ում է վերացրել, ամեն խոսքի համար մարդկանց տանում կալանո՞ւմ են։ Նիկոլ Փաշինյանին որ դատում էին, ես ԱԺ-ում դեմ քվեարկեցի։ Ի՞նչ ասեմ․․․․» ։
Դիտարկմանը, թե Գյումրին այս օրերին տուժո՞ւմ է ընդդիմադիր քաղաքապետ ունենալու պատճառով, եւ արդյո՞ք իշխանությունը հավասարաչափ ֆինանսավորում հատկացնում է, Գյումրու քաղաքապետը նշեց, թե ամեն ինչ կարգին է։ Եվ, չնայած սրան, նկատենք, որ Վարդան Ղուկասյանը մարզիկներին պարգեւատրելիս իր խոսքում դիմեց կառավարությանը, որ ուշադրություն դարձնեն Գյումրուն, հոգսը թեթեւացնեն։
«Ես կուզեի, որ ՀՀ կառավարությունը շատ մեծ ուշադրություն դարձներ Գյումրի քաղաքին, էս չեղած բյուջեով Հայոց աշխարհի պատիվը բարձր ենք պահում աշխարհով մեկ, այսինքն՝ մենք գրպանի ու որովայնի մասին չենք մտածում, կուզեի, որ պետությունը ստանձներ որոշակի պարտականություններ եւ թեթեւացներ Գյումրու քաղաքապետարանի բեռը, չնայած ամեն ինչին՝ մենք մեր գործն անում ենք, շարունակելու ենք անել»,- ասաց նա։
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քնարիկ Հարությունյանն էլ ասաց, թե 2018 թվականին Հայաստանում սպորտի ոլորտը բյուջեից տարեկան ստացել է ընդամենը 2 մլրդ 144 մլն դրամ։ Նշելով, որ 2023 թվականին արդեն գումարի չափն անցել է 10 միլիարդից, ՔՊ անդամը փորձեց ընդգծել, թե իշխանությունն ամեն ինչ անում է, եւ որ համագործակցությունը չի խաթարվում նույնիսկ այն դեպքում, երբ Գյումրին ընդդիմադիր քաղաքապետ ունի։