«ՀՀ նախկին իշխանության ԼՂ հարցով ժառանգությունը Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի պայմանավորվածություններն էին, որոնք ներկայիս իշխանություններն ի չիք դարձրեցին». Վիտալի Բալասանյան

168.am-ի հարցազրույցը Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ԱՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ:

– Արցախի նախագահի թեկնածուների շարքում գլխավոր «խաղացողները» 3-4-ն են, որոնցից յուրաքանչյուրը տարբեր ոլորտներ են ներկայացնում: Արցախցին ո՞ւմ է պատրաստ իր ձայնը տալ, նրան ի՞նչ նախագահ է պետք՝ տնտեսության մա՞րդ, փորձառու զինվորակա՞ն, թե՞ քաղաքական գործիչ:

 – Պատմական էքսկուրս անեմ. 1988-ի ազգային ազատագրական զարթոնքը, ոմանք խոսում են ղարաբաղյան շարժման մասին, բայց ըստ իս՝ մենք նորից ազգային ազատագրական պայքար վերապրեցինք: Եթե տարանջատենք բլոկների, կունենանք 1988-89 թվականներն ընդգրկող մի ժամանակահատված, երբ ԽՍՀՄ սահմանադրությամբ, որտեղ ազգերի ինքնորոշման մասին հոդված կար, և մենք բարձրաձայնեցինք այդ հարցը, որի դիմաց ստացանք ադրբեջանական ագրեսիա: Դա խորհրդային Ադրբեջանի կողմից կազմակերպված ոչ թե ակցիա էր, այլ հարձակում խաղաղ բնակչության վրա: Մասնավորապես, փետրվարի 22-ին ադրբեջանական բազմահազարանոց զինված խառնամբոխը հարձակվեց ԼՂԻՄ-ի Ասկերան ավանի վրա:

Դա պատմական օր էր մեզ բոլորիս համար, ես ավելի քան համոզված եմ և վստահաբար ասում եմ՝ Ադրբեջանի այն քաղաքականությունը, որն այսօր կա, դա 1918-1920, 1988-1991, 1992-1994 և 2016 թվականների ռազմական, տնտեսական քաղաքականության շարունակությունն է: Վերջին ապացույցը Մյունխենում Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունն էր, որտեղ ոչ մի բան չի թաքցնում և ասում է այն, ինչ մտածում է Ադրբեջանի քաղաքական և ռազմական իշխանությունը, ավելի շատ՝ քաղաքական իշխանությունը: Ինչ-որ անհայտ տարածքի վրա Թուրքիայի բոլշևիկների միջամտությամբ ստեղծվեց առաջին ադրբեջանական հանրապետությունը, անկախություն հռչակեցին մի տարածքի վրա, որի պատկանելությունն առ այսօր չգիտեն՝ ում տարածքի վրա է եղել:

Ժամանակ առ ժամանակ մենք քաղաքական գործիչների, գեոպոլիտիկների բառապաշարում լսում ենք, որ Հարավային Կովկասում կան տարածքային վիճարկելի խնդիրներ, մասնավորապես, անցած տարի Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ իր ելույթում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին հայտարարեց, որ առաջին և երկրորդ ռուս-պարսկական պատերազմների արդյունքում դեռևս կան վիճարկելի տարածքներ Հարավային Կովկասում: Հիմա ինչո՞ւ այս էքսկուրսն արեցի. մեր ժողովուրդը ճանաչում է իր ռազմական և քաղաքական գործիչներին, վստահաբար հիմա էլ կարող եմ ասել, որ մեր ժողովուրդը, արցախահայությունը, ելնելով անվտանգային խնդիրներից, իր ձայնը կտա ռազմաքաղաքական գործչի, որն այս պահի դրությամբ ես եմ հանդիսանում: Եվ ես շեշտում եմ, որ Արցախի Հանրապետության համար ամենակարևորը մեր անվտանգությունն է, մնացածը՝ սոցիալական, տնտեսական, իհարկե, շատ կարևոր դեր ու նշանակություն պիտի ունենա մեր կյանքում: Այսինքն՝ սոցիալական և տնտեսական վիճակը պետք է զուգահեռաբար բարելավել, բայց կրկնում եմ՝ մեր ամենակարևոր հարցը մնում է անվտանգությունը՝ պաշտպանված հայրենիք, անվտանգ սահմաններ և մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը:

Հայաստանի վարչապետը պնդում է, որ պետք է գտնել ղարաբաղյան հարցի այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի ՀՀի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Դուք սա ինչպե՞ս եք պատկերացնում՝ սա զուտ դիվանագիտական խա՞ղ է, թե՞ հստակ պատկերացումներ կան իրենց մոտ:

– Եկեք որևէ մեկի հասցեին գնահատականներ չհնչեցնենք: Բայց ես կարող եմ ասել իմ տեսլականը, տեսակետը. վերջին 2 տարում ՀՀ քաղաքական իշխանությունը ղարաբաղյան հարցը բանակցություններում ձախողման է տարել՝ ի դեմս վարչապետի: Վերջերս նա Կապանում «չելենջ» (մարտահրավեր) հայտարարեց, որին Արցախի նախագահի թեկնածուներից ոմանք արձագանքեցին, ես չեմ արձագանքել, որովհետև ես իմ տեսակետներն ունեմ և ժամանակ առ ժամանակ դրանք հնչեցրել եմ: Ես 2005-ից լինելով քաղաքականության մեջ՝ ԱԺ պատգամավոր, Պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ, ժամանակ առ ժամանակ ներկայացրել եմ ղարաբաղյան հարցի կարգավորման իմ դիրքորոշումը:

Այսօր շատերը խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ՄԱԿ-ի ամբիոնից ևս խոսում են պետությունների տարածքային ամբողջականության մասին, Մինսկի խումբը ևս բարձրաձայնում է, թե կարևորում են տարածքային ամբողջականությունը: Հիմա, 1918-ին մի ինչ-որ կառույց հայտարարում է անկախություն, բայց նշված չէ՝ ո՞ր տարածքի վրա, ի՞նչ սահմաններով: Սկզբնական շրջանում նա հայտարարվում է՝ որպես Ադրբեջանի մուսուլմանական հանրապետություն, որևէ կառույցի, այդ թվում՝ Ազգերի լիգայի կողմից չի ճանաչվում, հետո անվանափոխում են՝ մուսաֆաթական Ադրբեջան, որը նույն գնահատականին է արժանանում, այնուհետ անունը դնում են Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն: Իսկ հետագայում ԽՍՀՄ-ի կազմում են հայտնվում այդ տարածքում գտնվող 15 հանրապետությունները: 1918-1920թթ. քաղաքական քարտեզի վրա չի եղել Ադրբեջան:

Թող Ադրբեջանը ցույց տա քաղաքական մի քարտեզ, որի վրա գոյություն է ունեցել այդպիսի պետություն, մինչ 1918-ն ընդհանրապես չի եղել: Այն հայտնվել է որպես մեկ քաղաքական միավոր՝ Խորհրդային Միության կազմում: Խորհրդային Միության փլուզումից հետո հիմք են ընդունել պայմանական այն վարչատարածքային սահմանները, որոնք այդ 15 հանրապետություններն ունեցել են: Դրանք բոլորը պայմանական ԽՍՀՄ-ի տարածքներն են եղել, իսկ վարչական տարածքների սահմանազատումներն արել են՝ ելնելով էթնիկ բնակավայրերից, ջրբաժաններից, արոտավայրերից: Մենք Ադրբեջանի «կազմում հայտնվել» ենք 1921-ին, բայց չենք եղել իրականում, 1923-ին Ղարաբաղին տվել են ինքնավար մարզի կարգավիճակ, իսկ մինչև 1988-ը տարբեր ժամանակներում Ղարաբաղի վարչական տարածքը փոքրացել է: Եթե մենք նայենք մինչև 1920 թվականը, ապա կտեսնենք, որ 1917-20-ին գործող Ազգային խորհուրդը, որի նստավայրը Շուշիում էր, ենթարկվում էր 5 մելիքություններին: Եվ եթե այդ մելիքությունների սահմանները նայենք, կտեսնենք այսօրվա Արցախը և Քուռ-Արաքսյան հովիտը:

Այսօր նույն վիճակում է ՀՀ-ն, և եթե ինչ-որ քաղաքական գործիչ խոսի ՀՀ սահմանների մասին, աբսուրդային վիճակ է ստացվում, քանի որ ՀՀ տարածքում է գտնվում նաև Նախիջևանը: Խորհրդային Միության ժամանակներում լենինյան, ստալինյան պլանի կամ որոշման արդյունքում ստացանք այսօրվա Հայաստանը, ավելին, հիշենք Տավուշի հատվածը, Վրաստանի հետ սահմանը, ո՞ւր է Ջավախքը: Եվ այսօր խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին… Ադրբեջանի նախագահն իր շահերից է խոսում, բայց ըստ իրենց է ճիշտ դա միայն, մինչդեռ ըստ միջազգային օրենքի և իրավունքի՝ պիտի ճշտել նրանց ազգային ինքնությունը, պատկանելությունը, տարածքները, թե ումն են եղել: Երկրորդ՝ եթե պատմական էքսկուրս անենք աշխարհի քաղաքական քարտեզի վրա, կտեսնենք, որ բոլոր պետությունների սահմանները գծված են պատերազմների ավարտի արդյունքում: Չկա մի պետություն, որի սահմանները հենց այնպես գծվել են, հիմա խոսել Ղարաբաղի պատկանելության մասին՝ ըստ Ադրբեջանի և Ադրբեջանին պաշտպանողների, իրականությունից հեռու է: Իհարկե, եղել են տարհանվածներ պատերազմական գործողությունների հետևանքով, բայց դա բոլոր պետությունների կյանքում էլ եղել է՝ խաղաղ բնակիչները տարհանվում են, փախստականներ, գաղթականներ, ներընկալվածներ միշտ էլ լինում են: Սրանք տարբեր բաներ են:

Ադրբեջանը բազմաթիվ անգամներ խոսել է, որ մենք Խոջալուում «ցեղասպանություն» ենք իրականացրել: Դա իրականությանը չի համապատասխանում: 1000-ից ավելի բնակչի անձամբ ես և իմ հրամանատարությունը փոխանցել ենք, ոչ թե փոխանակել, լուսանկարները կան, սա մեր Ասկերանի շրջանում է եղել: Պատերազմական գործողությունների ժամանակ, երբ հակառակ ճամբարում հայտնվում են քաղաքացիներ, բնակիչներ, կա միջազգային տերմին, իսկ հայերեն դա հնչում է՝ ներընկալված, դրանք պատանդներ չեն, գերիներ և ռազմագերներ չեն: Եթե պատանդ վերցրած լինեինք, ինչպես Ադրբեջանն է պնդում, ի՞նչ ենք ուզել դրա դիմաց, եթե ռազմագերիներ են եղել, ո՞ւր են հարուցված քրեական գործերը: Չկա նման բան:

Ինչ վերաբերում է տարածքներին, ապա Արցախը ներկայիս տարածքով երբեք Ադրբեջանի մաս չի կազմել, այլ Խորհրդային Միության ժամանակահատվածում՝ այնպես, ինչպես մնացած 15 հանրապետությունները, ինքնավար մարզերը գտնվել են մեկ՝ Կրեմլի դրոշի ներքո, այնպես էլ եղել են Արցախն ու Ադրբեջանը: Պատերազմական գործողությունների ժամանակ մենք բնակավայր չենք գրավել, այլ լռեցրել ենք թշնամու այն կրակակետերը, որտեղից վտանգ է սպառնացել մեր բնակչության ֆիզիկական գոյությանը: Եթե վաղն էլ այդպես լինի, վաղն էլ ենք այդ կրակակետերը լռեցնելու՝ լինի Միրբաշիրում, Բարդայում… Նրանք, ովքեր խոսում են, որ մենք պարտադրել ենք բնակիչներին լքել իրենց բնակատեղին, թող 2016-ի ապրիլյան գործողությունների կադրերը նայեն՝ որտե՞ղ էին ադրբեջանական կրակակետերը, բոլորը բնակավայրերում են եղել: Իսկ մենք ի՞նչ պիտի անեինք, բնականաբար, պիտի դրանք լռեցնեինք, իսկ այդ դեպքում, իհարկե, մարդիկ պիտի թողնեն և հեռանան այդ տարածքից, կամ զոհվեն: Սա է ամբողջ իրականությունը:

– Լուրջ փաստեր ունենալով՝ ինչո՞ւ է հայկական կողմը տարիներ շարունակ, մեղմ ասած, կաշկանդված կամ ոչ համարձակ մոտեցել այս թեմային:

– Ես երբ ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն էի, բարձրաձայնել եմ, և հիմա էլ եմ բարձրաձայնում: Առհասարակ, մարտական գործողությունների ավարտից հետո, և ոչ միայն՝ Խոջալուի հետ կապված, պետք է պարզ բարձրաձայնեինք, ասեինք այն, ինչ կատարվել է: Հիմա տեսեք, թե Մերձավոր Արևելքում ինչ է կատարվում՝ փախստականներ, սպանություններ, գերիներ, պատանդներ: Դեռևս իմ բանակում եղած ժամանակ բազմաթիվ միջազգային կառույցների հետ հանդիպումներ ենք ունեցել և անդրադարձել Խոջալուի դեպքերին: Երբ մեզ ցույց էին տալիս տարբեր գրքեր «ցեղասպանության» մասին և այսօր էլ ցույց են տալիս, ասել եմ, հիմա էլ եմ ասում միջազգային փորձագետներին՝ այսօր տեխնիկան այնպես է զարգացել, որ այդ նկարներով, որտեղ սպանված կամ զոհված են խաղաղ բնակիչները, թող փորձաքննություն անեն, տեղանքում ապացուցեն, ֆիքսեն՝ այո, սա ձեր տարածքում է եղել: Բնականաբար, երբ տանկը կրակում է, բեկորները նետվելու են, և մոտ եղած մարդը սպանվելու է: Իհարկե, խաղաղ բնակիչներ զոհվել են, բայց ոչ այնպես, ինչպես ներկայացվում է:

Զինված մարդն իրավունք չունի կրակ բացի խաղաղ բնակավայրից, բայց Ադրբեջանը լրիվ հակառակն է արել և այսօր էլ անում է. իրենց բոլոր կրակակետերը գտնվում են բնակավայրերի մոտ: Ինչի՞ մասին է խոսքը: Վերադառնալով նախկին մտքին. մինչ այժմ այդ միջազգային կառույցներից չեմ ստացել պատասխան, բայց ամեն տարի իրենց ասում եմ՝ մենք միշտ պատրաստ ենք այդ փորձաքննությանը: Եթե Ադրբեջանն ունենար կոնկրետ փաստեր՝ Խոջալուի հետ կապված, մի րոպեում ինձ կբռնեին՝ դե, ասել ես, արի տանենք փորձաքննությունն անենք, տեղազննությունն անենք… Չկա նման առաջարկ: Վառ ապացույց է նաև Մութալիբովի հայտնի հարցազրույցը, որով թեման լրիվ փակվել է:

– Վերջին շրջանում բանակում տիրող իրավիճակը, ոչ մարտական մահվան դեպքերն օրակարգային թեմա է դարձել: Դուք ի՞նչ խորքային պատճառներ եք տեսնում այստեղ:

– Ես հիմա չեմ անդրադառնա բանակին, որովհետև ահագին ժամանակ կտրված եմ եղել: Երբ Անվտանգության խորհրդի քարտուղար էի, լինում էի և՛ խրամատում, և՛ բոլոր պլանների մշակմանը, քննարկմանը, իմ անմիջական մասնակցությունը կար, բայց հիմա, քանի որ ես կտրված եմ, խրամատում չեմ լինում, զորամասերում չեմ լինում, չեմ կարող որևէ գնահատական տալ:

– Ամեն դեպքում, կողքից գնահատելով՝ ի՞նչ պատճառներ կարող են լինել:

– Պատճառների մասին այսօր չեմ խոսի, քանի որ վերջին ժամանակահատվածում արդեն իսկ և՛ Արցախի նախագահի, և՛ ՀՀ վարչապետի կողմից տրվել են հանձնարարականներ, կարող է իմ ասածը ծառայողական քննությանը խանգարի: Եթե անհրաժեշտությունը կլինի, որպես փորձագետ ինձ կհրավիրեն, և ես անմիջական մասնակցություն կունենամ՝ կլինեմ 7-14 օր խրամատում, զորքի հետ մարտական հերթապահություն կիրականացնեմ, կամ մի ամիս կապրեմ զորքի հետ, որը քիչ ժամանակահատված է, բայց ինձ նմանների համար դա բավարար է, հետո նոր ես ինչ-որ բան կարող եմ ասել: Կողքից շատ հեշտ է խոսելը, առաջարկություն անելը կամ քննադատելը: Կամ ասելը՝ ես լինեի, այդպես չէի անի… Պետք է զորքի հետ ապրել. եթե զորքի հետ չես ապրում, գնահատականները սխալ են:

– Ձեր նախընտրական ծրագրում անվտանգության, բանակի հետ կապված գլխավոր ի՞նչ խնդիրներ եք լուծելու:

– Եկեք հիմա չխոսենք դրա մասին, քանի որոշակի գաղտնիություն է պարունակում: Բայց կարող եմ մոտավորապես ասել՝ փոխելու ենք պետական սահմանի պաշտպանության ձևաչափը, դեռևս 1994-ի մայիսից հետո ես ժամանակ առ ժամանակ պաշտպանության նախարարներին, նախագահներին առաջարկություններ եմ արել. ես խրամատից ծնված մարդ եմ, ոչ թե շտաբից:

Ի դեպ, ռազմական ամբիոնի հարցն էլ եմ քննարկել Արցախի և ՀՀ նախկին և ներկա իշխանությունների հետ: Մենք ռազմական ուսումնական հաստատություններում լուրջ խնդիրներ ունենք, և թե քանակական, թե որակական առումով չենք կարող ռազմական ուսումնական բազային արտադրենք այն ապրանքը, որը կլինի մեր բանակի կառավարությունը: Պահեստազորի հարցը ևս ժամանակին քննարկել եմ, արել եմ առաջարկություններ, երբ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն էի: Այսինքն՝ պահեստազորի մասով ունենք հատուկ վերաբերմունք:

Կարևոր կետերից է նաև քաղպաշտպանությունը: Հիմա տեսեք՝ բանակ, քաղպաշտպանություն և թիկունք: Եթե մենք կարողանում ենք այս կառույցները համատեղ և համահունչ զարգացնել, իսկ դրա համար պետք է, որ Արցախը և ՀՀ-ն նվազագույնն ունենան 25 տարվա ռազմավարական ծրագիր, հեռահարը՝ մինչև 50: Բայց և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում չունենք այդ ռազմավարությունը: Եթե ունենք, ապա այնքանով՝ որքանով է: Կրկնում եմ՝ նվազագույնը 25 տարվա ռազմավարություն, հեռահարը՝ 50 տարվա, թե ինչպես ենք տեսնում մեր անվտանգությունը, տնտեսությունը, արտաքին քաղաքականությունը, ԼՂ հարցը: Վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, թող դա ինքնագովազդ չլինի, որովհետև այն ծրագիրը, որ ունեմ, այն ճանապարհը, որն անցել եմ, համոզված եմ՝ մեր ժողովուրդն իր քվեն վստահելու է ինձ:

Հայկական երկրորդ հանրապետությունը պիտի լինի համահայկական պետություն: Ինչ է դա նշանակում. Արցախի կառավարությունը ձևավորելու ենք ՀՀ-ից, ամբողջ Սփյուռքից: Այսինքն՝ նախարարներից մեկը կարող է ՌԴ-ից լինի, մեկ ուրիշը՝ Ֆրանսիայից, մյուսը՝ Կանադայից, 5-ը՝ ՀՀ-ից, 2-ը՝ Արցախից, և այլն: Ես շատ եմ կարևորում, որ մենք ունենանք համահայկական պետություն: Սա չլուծված հարց է: Ժամանակ առ ժամանակ ես էի ասում, որ Արցախը մարզ չէ, բայց մարդիկ պարտադրում էին, պահանջում էին ՀՀ-ի իշխանությունները, թե Ղարաբաղը դա մարզ է: Ոչ, մենք պետք է ունենանք մեկ Արմենիա հայրենիք, որի մեջ առնվազն կա ՀՀ, Արցախի Հանրապետություն: Հայաստանի դեպքում հեռահար ռազմավարությամբ պիտի շեշտվի, որ Նախիջևանը դա ՀՀ անքակտելի մասն է: Բայց մեծ Արմենիայի մեջ պիտի ունենանք նաև Արևմտյան Հայաստանը:

Մենք ունենք հռչակագիր Արևմտյան Հայաստանի մասին, որի համահիմնադիրներից մեկը ես եմ: Հռչակագիրն ընդունել ենք 2004-ին դեկտեմբերին Շուշիում, ունենք ԱԺ, վարչապետ, աշխատանքներ տարվում են: Եվ եթե կարողանանք, վստահ եմ, որ կարողանալու ենք Արցախը դարձնել համահայկական պետություն, մենք պիտի մտածենք երրորդ հանրապետության մասին: Հիմա գուցե միջազգային հանրությունը, մեզ չսիրող երկրները մեր մասով խոսեն: Բայց պատմաիրավական առումով հայկական է, այդ դեպքում ինչո՞ւ չխոսենք, երբ, կրկնում եմ, պատկանելությունը մերն է: Պատերազմների արդյունքում մենք զրկվել ենք Արևմտյան Հայաստանից, բայց քաղաքական ճանապարհով կարող ենք վերադարձնել:

Եթե մենք էքսկուրս անենք պատմական պայմանագրերին՝ Թուրքմենչայի, Գյուլիստանի, ՌԴ-Թուրքիա, Սևր, Լոզան, Բաթում, կտեսնենք, որ սրանք կնքվել են այնքանով, որքանով՝ իրավիճակից ելնելով, որ հակահայ են եղել, կամ հակառուս: Վստահ եմ, որ մի օր ռուսները և հայերը համատեղ վերանայելու են այդ պայմանագրերը, և վերականգնվելու է պատմաիրավական իրողությունն այն տարածքների, որի պատկանելությունը մեծ Արմենիայինն է, մեծ Ռուսաստանինն է:

– Վերցնելն էլ հեշտ չէ, բայց առավել դժվար է պահելը:

– Ես որևէ խնդիր չեմ տեսնում, դրա համար էլ ասում եմ՝ նախ Արցախը պիտի դարձնել համահայկական պետություն: Երբ ամբողջ հայությունը պետականաշինության գործին կլծվի, երբ մեր նախարարներից մեկը կլինի ՌԴ-ից, Կանադայից, Ուրուգվայից, եվրոպական մեկ այլ երկրից, վստահ եմ՝ ամբողջ հայությունն իր ներուժը բերելու է այստեղ: Այն տարածքը, որ այսօր 000քառ կմ տարածք է, բայց մեր տարածքը 12.000 քմ կիլոմետր չէ, դա՝ օդով: Իսկ եթե մենք տեղանքը նայենք, ռելիեֆը, ապա դա 3 անգամ պիտի բազմապատկվի: Մենք անպիտան տարածք չունենք Ղարաբաղում, կարող է 2 տոկոս ժայռ լինի, բայց դա էլ իր պիտանելիությունն ունի: Ղարաբաղում չկան անապատներ, տափաստաններ, ճահիճներ, Ղարաբաղի տարածքը՝ իր բոլոր հողակտորներով, աշխարհում եզակի տարածքներից է՝ պիտանելիության առումով: Վստահաբար կարող եմ ասել՝ Ղարաբաղի տարածքն աշխարհի խաչմերուկն է:

Նրանք, ովքեր կհակաճառեն իմ ասածներին, պատրաստ եմ այդ մարդկանց հետ քննարկել այդ հարցը, ապացուցել և ցույց տալ, քանի որ կան պատմական արխիվային տվյալներ: Ես այդ մարդկանց դրանք ցույց կտամ, որ իմանան, թե որն է այն տարածքը, որ կոչվում է աշխարհի կենտրոն: Ընտրություններից հետո ես սրան կանդրադառնամ, ձեզ կտամ քարտեզներ, նյութեր, դրանք կարող եք տեղադրել 168.am կայքում, և բոլորը կտեսնեն՝ որն է կոչվում համահայկական տարածք:

– Մի ժամանակ ասում էին՝ Արցախի տարածքում նավթ կա…

– Հիմա մենք չենք ասի, թե Արցախի տարածքում ինչ կա: Մենք գիտենք՝ Արցախի տարածքում ինչ կա: Իհարկե, քչերը դա գիտեն, դա պետական գաղտնիք է, որը չենք ասելու: Բայց կան այնպիսի հարստություններ, որոնք չենք բացելու, այլ մշակելու ենք այնպիսի ռազմավարություն, որ, պայմանական ասած, այս կամ այն հանքը մեր հետնորդներինն է: Այսինքն՝ դա պիտի շահագործվի 50, 100 տարի հետո: Մենք մշակելու ենք այդպիսի ռազմավարություն:

– Վերադառնանք ներքաղաքական հարթություն. ինչպիսի՞ն պիտի լինի ՀՀ մասնակցությունը կամ աջակցությունն Արցախում սպասվելիք ընտրություններին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում վերջերս հորդորեց՝ Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն և այդպիսով կրկին հրահրում է ներազգային թշնամություն: Սա միջամտությո՞ւն է:

– Այդ հարցերը, խնդրում եմ, տվեք Նիկոլ Փաշինյանին:

– Լավ, ենթադրենք՝ Դուք դարձաք Արցախի նախագահ, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր համագործակցությունը ՀՀ ներկա իշխանությունների հետ՝ ունենալով որոշակի տարաձայնություններ:

– Ես ռազմական և քաղաքական գործիչ եմ, ես միայն քննադատություններ չեմ անում, ես առաջարկություններ եմ անում: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի կարծիք հայտնելու, քննադատելու, առաջարկություններ անելու: Ես մտահոգված եմ մեր երկրով՝ Արցախի և Հայաստանի, հատկապես որ, ԼՂ հարցը դեռ չի լուծվել: Կրկնում եմ՝ վերջին 2 տարում մենք բանակցությունները փակուղի ենք տարել, ես ժամանակ առ ժամանակ արձագանքել եմ, կոշտ արձագանքել եմ Ժնևյան, մյունխենյան հանդիպումներին: Որևէ մեկին անձնավորել չի կարելի:

Ես անձնական որևէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել: Ավելին ասեմ՝ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղում, ինձնից բացի, ուրիշ մարդու չէր ճանաչում, անձնական շփումներ միշտ եղել են, այսօր էլ անձնական որևէ խնդիր չկա: Եվ Աստված մի արասցե, եթե Վիտալի Բալասանյան-Նիկոլ Փաշինյան անձնական թշնամանք լինի, դա դեռ չի նշանակում, որ մենք պետական շահերը ստորադասելու ենք: Չի լինելու այդպիսի բան, ես առաջնորդվելու եմ օրենքներով, միջազգային նորմատիվ ակտերով, ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ի և Արցախի միջև կնքվի ռազմավարական միջպետական պայմանագիրը: Երբ պատգամավոր էի, բազմաթիվ անգամ լսումներ ենք արել, որ կնքվի այդ պայմանագիրը: Նայեք 2005-ից իմ բոլոր ելույթները: Եթե մենք ունենայինք այդ միջպետական պայմանագիրը, որևէ կապ չէր ունենա, թե ովքեր են Արցախի և ՀՀ-ի առաջին դեմքերը, կառաջնորդվեին այդ փաստաթղթով, և այս տարաձայնությունները չէին լինի: Իսկ տարաձայնություններ Արցախի և ՀՀ-ի քաղաքական իշխանությունների միջև եղել են 1991-1994 թվականներին՝ Շուշիի ազատագրման օպերացիա, Քարվաճառի օպերացիա, այնուհետ պիտի հետ տայինք, Աղդամի օպերացիա, երբ կրակակետեր էինք լռեցնում: Իհարկե, եղել են տարաձայնություններ, Գորիսի հայտնի դեպքը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր, դրանք միշտ լինելու են: Այստեղ գլխավորն այն է, որ պիտի ՀՀ և Արցախի իշխանությունները դերաբաշխում անեն, հատկապես՝ ղարաբաղյան հարցում: Սա շատ կարևոր է, որ այսօր արված չէ:

Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ես բարձրաձայնել եմ և՛ Անվտանգության խորհրդի նիստում, և՛ կաբինետներում, որ պիտի լինի այդ դերաբաշխումը, որը վտանգավոր է: Հիմա՝ Ժնև, հետո՝ Մյունխեն, ինֆորմացիաներն այնքան լղոզված են, որ անգամ աշխարհահռչակ գեոպոլիտիկ չի կարողանում վերլուծել, թե ինչի մասին է խոսքը: Մի՞թե սա այն շիրման է, որի տակ այլ գործողություններ կան, որևէ մեկը չի կարող ասել: Իհարկե, բանակցությունների ժամանակ կա գաղտնիության պահպանման ռեժիմ, բայց բնակչությունը պիտի մոտավոր տեղյակ լինի՝ ինչի մասին է խոսքը: Հիմա պատկերացրեք՝ ձեզ ամուսնացնենք, բայց դուք փեսացուին չեք ճանաչում, և խոսում ենք ինչ-որ աբսուրդ տղամարդու մասին, որը չկա, տանելու է միշտ փակուղի: Դերաբաշխում պիտի լինի արտաքին քաղաքականության մեջ, հարաբերություններում՝ ՀՀ-Իրան, Արցախ-Իրան, ՀՀ-ԵՄ, Արցախ-ԵՄ, ՀՀ-ՌԴ, Արցախ-ՌԴ, ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-Արցախ, սա պիտի անենք:

– ՀՀ իշխանությունները խոսում են ԼՂ հարցով նոր առաջարկների մասին՝ պնդելով, որ չեն լինելու հնի շարունակողը, նախկինների «ժառանգության» կրողը: Իհարկե, հստակ նոր առաջարկներ սեղանին, մեծ հաշվով, չեն դրվում:

– Երբ Նիկոլ Փաշինյանը Կապանում հայտարարեց, թե իրեն ժառանգություն են թողել Մադրիդյան սկզբունքները, ինքը դրան երևի ծանոթ է այնքանով՝ որքանով, երբ ասում է, թե դա շատ ծանր ժառանգություն է: Նախկին իշխանությունների ժառանգությունը դա չի եղել, այլ 2016-ի ապրիլից հետո Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի ձեռք բերված պայմանավորվածություններն էին, որը ենթադրում էր ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի կաբինետի մեծացում, մշտադիտարկման սարքերի տեղադրում, և այլն, որով իսկ մինչ քաղաքական հարցերի լուծումը միջազգային հանրության կողմից ֆիքսվելու էին Ղարաբաղի և Ադրբեջանի պետական սահմանները:

Սա շատ կարևոր էր, որը հետին պլան մղվեց, ինչը մեծ վրիպում է, քանի որ այդպիսով հաղթանակ է տոնել Ադրբեջանը, երբ ՀՀ իշխանություններն ի չիք են արել այդ պայմանավորվածությունները: Այս դեպքում պարտություն է կրել ՀՀ իշխանությունը, Ղարաբաղը՝ չգիտենք ինչ տարածքի մեջ է մնացել այս թեմայով: Ժառանգությունը սա է, և Նիկոլ Փաշինյանը պիտի հենվի այս կետի վրա և առաջ տանի: Սա շատ կարևոր քաղաքական ձեռքբերում է եղել վերջին տարիների ընթացքում:

 

Տեսանյութեր

Լրահոս