Արցախի մանկական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեխաների վիճակը կայուն ծանր է

«Ամեն օր հիվանդանոց են ընդունվում երեխաներ, ոմանք էլ առողջանում և դուրս են գրվում: Հիմնականում բրոնխո-թոքային հիվանդներ են: Մեծ մասի վիճակը կայուն ծանր է՝ դրական տեղաշարժով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Արևիկ» մանկական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի վարիչ բժիշկ Մեսրոպ Մարգարյանը։

Նրա փոխանցմամբ՝ վերակենդանացման բաժանմունքում այս պահին 10 երեխա է, բոլորն էլ՝ բրոնխո-թոքային ախտանիշով, բուժում ստանում են ամբողջ ծավալով, վերահսկողության տակ են:

Վերակենդանացման բաժնի վարիչի փոխանցմամբ՝ այս պահին դեղորայքի կարիք չկա:

Նշենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Կարդացեք նաև

«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

Հիշեցնենք՝ 19 օր է, ինչ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120.000 բնակչությունը, որից 30.000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ: 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունի: Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով:

Տեսանյութեր

Լրահոս