Նիկոլ Փաշինյանի թիրախում դարձյալ ընդդիմադիր լրատվամիջոցնե՞րն են

ՀՀ իշխանությունները, թերևս, օգտվելով փաստից, որ հասարակության, լրատվամիջոցների ուշադրությունը հիմնականում սևեռված է Արցախի շրջափակման խնդրի վրա, ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ:

Օրենսդրական նախաձեռնությամբ, օրինակ, առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում ինտերնետային կայքերի, սոցիալական ցանցերի, ինտերնետային հավելվածների գործողության ժամանակավոր կասեցման (արգելափակման), ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում իրավական հիմքերը, ռազմական դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատկությունները:

Նշվում է, որ ռազմական դրությամբ պայմանավորված՝ ոչ ռազմական բնույթի հրատապ հարցեր լուծելու նպատակով փոխվարչապետը կարող է վարչապետի հանձնարարականով  համակարգել ռազմական դրության պայմաններում կիրառվող ոչ ռազմական բնույթի միջոցառումների իրականացումը և սահմանափակումների կիրառումը:

Կարդացեք նաև

Միաժամանակ նշված լիազորությունների իրականացման համար փոխվարչապետը կարող է ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաև պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ տալ պետական կառավարման համակարգի մարմիններին:

Բացի այդ, որոշակի խնդիրների օպերատիվ լուծման նպատակով ռազմական դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ կարող է ստեղծվել ռազմական դրության տարածքի հատուկ կառավարման խորհուրդ` որպես վարչապետին կից խորհրդակցական մարմին:

Ինչո՞ւ է հիմա Նիկոլ Փաշինյանը նման քայլի դիմում: Արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ իշխանությունները ևս չեն բացառում նոր լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը, ինչի մասին վերջին օրերին ռազմական ոլորտի մասնագետները խոսում են, ըստ այդմ՝ թաքցնելու բան կա հասարակությունից:

168.amի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշեց.

«Մենք արդեն տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը բոլոր օրենքներն օգտագործում է զուտ իր անձնական իշխանությունն ամրապնդելու համար։ Օրինակ՝ քովիդի համաճարակի պատճառով մտցված արտակարգ իրավիճակն օգտագործվեց, որպեսզի ներդրվի քաղաքացիներին առանց դատարանի որոշման փաստացի հետևելու, բջջային հեռախոսների միջոցով ցանկացած քաղաքացու տեղայնացնելու, ինչպես նաև բողոքի ցույցերն արգելելու համար։

Հիշեցնեմ, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին բերման էին ենթարկել մենակ բողոքի պիկետ իրականացնելու համար։ Նույնը եղավ ռազմական դրության ժամանակ. ռազմական դրության ռեժիմն օգտագործվում էր կապիտուլյացիայի ստորագրումից ամիսներ անց էլ բողոքի ցույցերը ցրելու, ցուցարարների վրա քրեական գործեր կարելու համար։ Չմոռանանք համատարած գրաքննության մասին։

Այս պայմաններում հասկանում ենք, որ ցանկացած կայք արգելափակելու որոշում ընդունվելու է մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի, այլ ոչ թե ազգային անվտանգության շահերից ելնելով, խլացվելու է ոչ իշխանահաճո ցանկացած տեղեկություն, մեկնաբանություն: Բռնապետական ռեժիմները միշտ էլ փորձում են համապատասխան գործիքակազմ ունենալ ձեռքի տակ՝ քաղաքական և քաղաքացիական ազատությունները սահմանափակելու համար։ Գուցե տեսնում են պատերազմի սպառնալիք, կամ չեն տեսնում, կարևորը՝ առիթը բաց չեն թողնում ազատությունները սահմանափակելու:

Նիկոլական համատարած գրաքննությունը ենթադրում է, որ հանրությանը տալու են միայն այն տեղեկությունները, որոնք Նիկոլ Փաշինյանի շահերից են բխում: Ինչպես արդեն համոզվել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ նիկոլական վարչակարգի պաշտոնական քարոզիչները չէին խորշում բացահայտ ստից ու խաբեությունից, միաժամանակ սահմանափակելով ու պատժելով իրավիճակի մասին ճշմարիտ տեղեկություններ տրամադրել փորձողներին: Ընդ որում, ի տարբերություն հայ հանրության, թշնամին իրական պատկերի մասին հստակ տեղյակ էր»:

Այսինքն, ըստ Կարեն Վրթանեսյանի, «նիկոլական քարոզչամեքենայի» թիրախում միայն ու միայն հայ հասարակությունն էր 44-օրյայի ժամանակ, և նույնը նաև այս դեպքում է լինելու:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ըստ էության, հաստատում է Կարեն Վրթանեսյանի միտքը՝ կառավարությունը ստանում է գերագույն գործիքակազմ, որով կարող է երկրում ամբողջությամբ ինտերնետը, այսպես ասած, փակել:

«Կամ կարող է առգրավել լրատվամիջոցի ողջ տեխնիկան: Այսինքն, չկա ոչ մի կարգավորում, թե ինչ միջոցներով է դա արվելու, ով է որոշում կայացնելու, ով է պատասխանատուն: Կամ ո՞րն է բալանսավորող գործիքը, կամ՝ կա՞ դա, թե՞ ոչ: Փաստացի ոչ մի երաշխիք չկա, որ, օրինակ, չեն արգելափակի միայն ընդդիմադիր լրատվամիջոցները՝ քաղաքական որոշման հիման վրա»,- 168.am-ի հետ զրույցում ընդգծեց մեդիափորձագետը:

Ըստ նրա՝ հասարակության մեջ շատերն են ցանկանում, որ առնվազն սոցցանցերն արգելափակվեն ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ, և իշխանությունների այս որոշումը չմտածված աջակցություն է այս հարցում:

«Եթե կառավարությունը հաշվետու չէ, նա ինչ ուզենա՝ կանի»,- շեշտեց Մարտիրոսյանը:

Ի դեպ, Սամվել Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ՀՀ տարածքում արգելափակված են ադրբեջանական լրատվամիջոցները, և հասկանալի չէ՝ ով է դա անում, ինչ մեխանիզմով:

44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո տարբեր շրջանակներից շատ էինք լսում, որ ՀՀ-ում Ֆեյսբուքը պետք է փակվեր: Ադրբեջանում Ֆեյսբուքը հասանելի չէր, ֆեյսբուքյան մեսենջերի աշխատանքի խափանումներ կային, մարտական գործողությունների վայրից ցանկացած տեղեկություն արգելափակվում էր, նվազագույնի էր հասցված հակառակորդ կողմի քարոզչական ինֆորմացիայի տարածումը:

Մինչդեռ ՀՀ-ում սոցցանցերը հասանելի էին, մասնավորապես՝ Ֆեյսբուքը, ընդամենը մի քանի օր անհասանելի եղան ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ տելեգրամյան, յութուբյան ալիքներում հօգուտ Ադրբեջանի տեսանյութերը շարունակում էին հասանելի մնալ, անգամ երբեմն դրանց անջատումները լիովին չէին խոչընդոտում թշնամու տարածած ռուսալեզու տեղեկությունը հայ հասցեատիրոջը հասանելի դարձնելուն: Գուցե ՀՀ-ում էլ պիտի Ֆեյսբուքը փակվեր:

Այսինքն, պատերազմի ժամանակ տեղեկատվական անվտանգության առումով և ոչ միայն, կարող են լինել ինչ-ինչ սահմանափակումներ, արգելափակումներ, սակայն, խնդիրն այստեղ այն է, թե ո՞վ է դա անողը, ինչպե՞ս և ի՞նչ հեռահար և ոչ հեռահար նպատակով, և արդյոք դրանից երկիրը շահելո՞ւ է, թե՞ ոչ: Ամեն ինչ պետք է ճկուն լինի, որ չվտանգվի ոչ երկրի անվտանգային շահը, ոչ էլ հասարակության տեղեկացված լինելու իրավունքը, իհարկե, իրավիճակին համարժեք թույլատրելիության սահմաններում:

Հիշեցնենք, որ 2020թ. պատերազմի ժամանակ ՀՀ-ում ռազմական դրության պայմաններում սահմանափակումներ մտցվեցին տեղեկատվական ոլորտում, զանգվածային լրատվամիջոցների աշխատանքում, Կառավարության համապատասխան որոշման հավելվածում, մասնավորապես, նշվում էր.

«Հայաստանում և Արցախում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը: Սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ»։

Այս առնչությամբ ՄԻՊ-ը դիմել էր ՍԴ և համացանցում տեղեկացնելով դրա մասին՝ որոշ թեզեր ներկայացրել իր դիրքորոշման մասին:

«1. Ռազմական դրությունը հասկանալիորեն կարող է մարդու իրավունքների և ազատությունների, այդ թվում՝ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակումների հիմք լինել, ու Հայաստանի Սահմանադրությունը նման հնարավորություն ամրագրում է: Ռազմական դրության պայմաններում պետությունը պետք է ունենա կոնկրետ իրավիճակով պայմանավորված՝ անհրաժեշտ ու բավարար սահմանափակումներ ամրագրելու հնարավորություն՝ բացառելու համար տեղեկատվական հոսքերի հարցում վտանգներն ու սպառնալիքները, ռազմական դրության պայմաններում առավել արդյունավետ պաշտպանելու համար մարդկանց իրավունքները:

2. Մյուս կողմից, սահմանափակումները պետք է ամրագրվեն հստակ կանոններով, ունենան բարձր աստիճանի կոնկրետություն և բացառեն որևէ տեսակի անորոշություն: Այս պահանջն ունի հիմնարար կարևորություն, քանի որ վերաբերում է ոչ միայն Հայաստանում լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու լրագրողներին, այլ նաև բոլոր քաղաքացիներին առհասարակ: Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ սահմանափակումները խախտելու համար կոնկրետ դեպքում վարչական վարույթներն ու տուգանքները չպետք է դառնան անհամաչափ միջամտություն մարդու իրավունքներին կամ լրատվական գործունեություն իրականացնողների մասնագիտական աշխատանքին»:

Այո, չկային հստակ չափանիշներ և կոնկրետություն, ավելին, այս սահմանափակումների հեղինակ իշխանությունը դրանք չէր տարածում իրենց մերձակա շրջապատի, պաշտոնյաների, պատգամավորների վրա, որոնք ֆեյսբուքյան գրառումներ էին անում պատերազմի թեժ օրերին, իհարկե, դրանք հետո երբեմն հեռացնում էին, բայց դրանք արդեն տարածված էին լինում:

Ի դեպ, 44-օրյա պատերազմի օրերին օտարերկրյա լրատվամիջոցների նկատմամբ հակամարտող երկու կողմն էլ որոշակի սահմանափակումներ մտցրել էին, բայց, ամեն դեպքում, հայկական կողմում օտարերկրյա լրատվամիջոցներին հաջողվում էր տեսանկարահանել այն, ինչը բացառվում էր ադրբեջանական կողմում՝ մարտական գործողությունների ժամանակ:

Արդյունքում՝ հայ հասարակության մի մասի համար վստահելի տեղեկատվական աղբյուր էին ոչ թե սահմանափակումների տակ գտնվող տեղական լրատվամիջոցները և, երբեմն ոչ էլ՝ պետական գերատեսչությունները, այլ ռուսական մեկ այլ աղբյուր՝ Սեմյոն Պեգովը՝ WarGonzo-ն: Նա, իհարկե, աստիճանաբար Արցախի և ՀՀ պետական տեղեկատվական քարոզչության մաս դարձավ:

Տեղեկատվական պատերազմում մենք պարտվել ենք և շարունակում ենք պարտվել, որովհետև ճիշտ և տեղին համագործակցություն չի եղել լրատվամիջոցների հետ և չկա, ինչը հաստատում է այն միտքը, որ Նիկոլ Փաշինյանի թիրախը ոչ թե Ադրբեջանի հասարակությունն է, այլ՝ Հայաստանի, այլապես լրատվամիջոցների և փորձագետների հետ համագործակցությամբ, այսպես ասած՝ «կխաղային» Ադրբեջանում առկա խնդիրների վրա, այդ թվում, բանակում առկա խնդիրների: Բայց նման խնդիր դրված չէ, Նիկոլ Փաշինյանի իշխանության ավելի քան 4 տարվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարները լրատվամիջոցների հարցերին չեն պատասխանել, չեն կազմակերպվել հաշվետու կամ տարեվերջյան ասուլիսներ, պաշտպանության գործող նախարար Սուրեն Պապիկյանը որևէ շրջայցի լրագրողների ուղեկցությամբ կամ մասնակցությամբ չի մասնակցել: Ուստի ունենք այն, ինչ ունենք…

Ի դեպ, վերջերս Փաշինյանի համակիրներից ոմանք առանց ՊՆ-ին տեղեկացնելու գնացել էին դիրքեր և լուսանկարել, մինչդեռ լրագրողների այցեր դիրքեր, մեղմ ասած, հաճախակի չեն:

Տեսանյութեր

Լրահոս