«Եթե Լաչինի միջանցքում ստեղծված խնդիրն այս պահին լուծվի, ցավոք, երաշխիք չկա, որ 1-2 շաբաթ անց Ադրբեջանը միջանցքը չի փակի». Դավիթ Հարությունով

12-րդ օրն է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 120.000 արցախահայեր այս պահին փաստացի գերության մեջ են, որոնք ունեն բուժօգնության և այլ առաջին անհրաժեշտության կարիքներ։

Ի՞նչ քայլերով հնարավոր կլինի բացել Լաչինի միջանցքը, ո՞վ ու ինչպե՞ս կարող է զսպել Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները։

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Հարությունովն անդրադառնալով այս հարցերին, նախ նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սպասելի էր, թե ինչ վիճակ կարող է ստեղծվել Հայաստանի ու Արցախի համար։

«Այս ամենը նախևառաջ պատերազմի հետևանքն է, քանի որ պատերազմից հետո Արցախը հայտնվեց խոցելի վիճակում՝ ռազմավարական, կոմունիկացիոն։ Այսինքն՝ հասկանալի էր, որ վաղ թե ուշ նման իրավիճակներ լինելու են և սահմանափակող գործոնը հիմնականում կապված էր լինելու այնպիսի գործոնների հետ, որոնք հիմնականում մեր տարածաշրջանից դուրս էին։ Այսինքն՝ Ռուսաստանի ազդեցության, ուժերի հարաբերակցության և այն պայմաններում, երբ իրավիճակը Ռուսաստանի համար դարձավ անբարենպաստ՝ կապված Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետ,  արդեն պարզ էր, որ Ադրբեջանը սկսելու է դրանից օգտվել։

Կարդացեք նաև

Հիշեցնեմ, որ այս տարվա մարտ ամսից սկսած՝ նկատի ունեմ Փառուխի դեպքերը, Ադրբեջանը սկսեց օգտվել իրավիճակից»,- նշեց Դավիթ Հարությունովը։

Ըստ քաղաքագետի, տարածաշրջանային երկրների դիրքորոշումն այդքան էլ իրավիճակին համարժեք չէ։ Օրինակ, Վրաստանի դեպքում բոլորին էլ պարզ է, որ նա Ադրբեջանի հետ երբեք կոնֆլիկտի չի գնա։ Ինչ վերաբերում է Թուրքիային ու Իրանին, ապա, ըստ նրա՝ Թուրքիան տեղի ունեցողի հարցում ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին, նաև ինտեգրված է ադրբեջանական որոշ գործողություններում՝ ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու համար։

«Մենք տեսնում ենք, որ այսօր Թուրքիան Ռուսաստանի հետ երկու ուղղություններով, բացի մեր տարածաշրջանը, վարում է ակտիվ առևտուր։ Մեկը կապված է Սիրիայի հետ, որտեղ Թուրքիան ուզում է գործողություններ իրականացնել քրդերի դեմ, ինչին Ռուսաստանը դեմ է։

Մյուսը վերաբերում է գազային հանգույցի ստեղծմանը և գազի գնի վերաբերյալ ՌԴ-ից Թուրքիայի պահանջած զեղչերին։ Գների վերաբերյալ պաշտոնական որևէ բան դեռևս չկա, սակայն արևմտյան ԶԼՄ-ներում արդեն ակտիվ այդ մասին խոսվում է: Այսինքն՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, կարող է դիտարկվել՝ որպես Թուրքիայի կողմից որոշակի ճնշում Ռուսաստանի վրա՝ այդ ուղղություններով զիջումներ ձեռք բերելու համար»,- հավելեց քաղաքագետը։

Միաժամանակ նա նկատեց՝ Թուրքիան երբ այլ տարածաշրջանում խնդիրներ է ունենում Ռուսաստանի հետ, ճնշումներ է գործադրում նրա վրա Հարավային Կովկասում։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա Իրանը, նրա բնորոշմամբ, մեղմ ասած, այդքան էլ գոհ չէ Ադրբեջանի ու Թուրքիայի ուժեղացմամբ տարածաշրջանում։

«Իրանի դիրքորոշման մեջ կա տարբերություն Սյունիքի ու Լաչինի միջանցքի իրավիճակի վերաբերյալ, մենք տեսանք, որ Սյունիքում տեղի ունեցածի վերաբերյալ Իրանը հստակ դիրքորոշում արտահայտեց, բայց միջանցքի դեպքում իրավիճակն այլ է։ Եթե չեմ սխալվում, Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն արել է, միայն այդքանը։ Միաժամանակ Իրանի ներսում տեղի ունեցող իրավիճակն է թուլացնում Իրանի դիրքերը տարածաշրջանում»,- շեշտեց նա։

Լաչինի միջանցքի խնդրի լուծման քայլերի վերաբերյալ էլ քաղաքագետն ասաց, որ միանշանակ սեղանին այդպիսի լուծումներ դրված չեն, քանի որ ստեղծված է բարդ իրավիճակ, որի լուծումը միանշանակ չէ։

«Եթե Լաչինի միջանցքում ստեղծված խնդիրն այս պահին լուծվի, ցավոք, որևէ երաշխիք չկա, որ 1-2 շաբաթ անց Ադրբեջանը միջանցքը չի փակի»,- եզրափակեց Դավիթ Հարությունովը։

Տեսանյութեր

Լրահոս