«Մի ողջ ժողովուրդ հայտնվել է ցեղասպանության եզրին՝ ՄԱԿ-ից ակնկալում ենք համապատասխան որոշումների ընդունում». Դավիթ Բաբայան

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Հայաստանի դիմումի հիման վրա այսօր՝ դեկտեմբերի 20-ին, նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի հարցը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակի հիման վրա քննարկումը:

Ռուսական ТАСС գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկվելու է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:

Ի՞նչ սպասել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն անդրադառնալով հարցին՝ նշեց, որ նման նիստ անցկացնելը կարևոր է, քանի որ Ադրբեջանի պահվածքը, քաղաքականությունը մարտահրավեր է  միջազգային օրենքին, միջազգային հանրությանն ու մարդասիրական նորմերին։

«Փաստորեն, մի ողջ ժողովուրդ հայտնվել է ցեղասպանության եզրին։ Բնական է, որ ՄԱԿ-ը նույնպես պետք է ամեն ինչ անի, որպեսզի ագրեսորին սանձազերծի, սա իրենց անմիջական պարտականությունն է։ Նստել ու ինչ-որ հայտարարություններով սահմանափակվել՝ սա էլ տարբերակ է, բայց ճիշտ տարբերակը չէ, որովհետև այն, ինչ անում է  Ադրբեջանը, պարզապես սարսափելի է։ Ակնկալում ենք, որ կքննարկվի և պետք է ընդունվեն համապատասխան որոշումներ և Ադրբեջանի նկատմամբ պետք է կիրառվեն համապատասխան սանկցիաներ»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Բերձորի միջանցքը փակել են ռուս խաղաղապահները, հակառակ դեպքում նրանք ուժով կարող էին այն բացել, Դավիթ Բաբայանը հակադարձեց՝ եթե ադրբեջանական կողմն է նման հայտարարություններ անում, ապա դա հասկանալի է, բայց երբ հայ որոշ վերլուծաբաններ կամ անհատներ են ասում՝ անհասկանալի է, որովհետև կրկնում են նույն ադրբեջանական թեզերը, թեպետ պարզ է, թե նրանք ովքեր են։

«Ես չեմ հասկանում, այդ մարդկանց կյանքի իմաստը Ռուսաստանի դեմ պայքարե՞լն է, իրենց էներգիայի մեկ տոկոսը եթե ներդնեն արցախահայության համար, ի շահ ազգային շահերի, ապա դրական բան կլինի, բայց ոչ՝ նրանք ամբողջովին լծված են հակապետական շահերը սպասարկելով։ Այդ մարդկանց անիմաստ է անդրադառնալը։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մանդատին, ապա կարծում ենք, որ անպայմանորեն նոր որակ պետք է հաղորդվի։ Դրա համար մենք ուզում ենք, որ խաղաղապահներն ունենան նաև խաղաղություն պարտադրելու լիազորություններ։ Առանց նրանց, ագրեսորը կդիմի ավելի վտանգավոր ու ահաբեկչական քայլերի, դրա համար ուզում ենք նրանց թիվն ավելանա, լիազորությունների  հետ միասին»,- հավելեց Դավիթ Բաբայանը։

Հարցին՝ ավելի քան մեկ շաբաթ է՝  Հայաստանում է, շատերի հետ է խոսել, մարդկանց մեջ տեսե՞լ է այն գիտակցումը, որ եթե այսօր Արցախի համար ոտքի չկանգնեն, վաղը թշնամին հասնելու է Երևան, Դավիթ Բաբայանը պատասխանեց՝ ցավոք, շատ բացասական երևույթներ է տեսնում։

«Իսկապես տեսնում եմ, որ մեր հասարակությունն ինչ-որ արատներ ունի, որովհետև կա անտարբերություն, սա հիվանդություն է, և եթե այս վիճակից դուրս չգանք, շատ վատ է լինելու։ Մեր ամենամեծ խնդիրը մենք ենք առաջին հերթին»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են մեկ հոգու տեղափոխել Երևան՝ վիրահատելու նպատակով։

Դեկտեմբերի 12-ին հաջորդող օրերին Ադրբեջանը դադարեցրել էր նաև Արցախ մատակարարվող գազը, որը վերականգնեց միայն մի քանի օր անց։

Տեսանյութեր

Լրահոս