Հիվանդների տեղափոխումն Արցախից Երևան՝ անհնար է.խախտվում է արցախահայության կյանքի իրավունքը. Անտոնյան

«Շուրջ 120.000 արցախցիներ 10 օր է, ինչ շրջափակման մեջ են գտնվում, խախտվել է ազատ տեղաշարժի իրենց իրավունքը: Երեխաները, երիտասարդները զրկված են կրթություն ստանալու իրավունքից, հիվանդների տեղափոխումը Ստեփանակերտի հիվանդանոցներից Երևան՝ անհնար է: Խախտված է արցախահայության կյանքի իրավունքը»,- ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց ավագանու անդամ Արման Անտոնյանը՝ ընդգծելով, որ Արցախն ու Հայաստանը կապող կյանքի ճանապարհը փակել են մի խումբ ադրբեջանցիներ՝ կեղծ օրակարգերով:

Ապա, խոսքն ուղղելով արցախահայությանը՝ Անտոնյանը նշեց. «Այնքան ուժ ու կամք ունենք, որ կհաղթահարենք նաև կյանքի այս դժվարությունները, ու մեր երկար պայքարը՝ Հայրենիքում ազատ ու խաղաղ կյանքի համար, կպսակվի խաղաղությամբ և կյանքի իրավունքների վերահաստատմամբ»:

Հիշեցնենք՝ ադրբեջանցի, այսպես կոչված, «բնապահպանները», փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղծահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Դեկտեմբերի 13-ի երեկոյից ադրբեջանական կողմը խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16-ին:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս