Քաղաքական ռաբիսի վերջը՝ ռեքվիեմ
Պոպուլիզմը շռայլություն է, որն իրենց կարող են թույլ տալ համեմատաբար անդարդ հասարակությունները, անվտանգ ու բարեկեցիկ երկրները, որոնց հոգսը եկամուտների հավասար բաշխումն է կամ սոցիալական ծառայությունների մատչելիությունը բոլորի համար։
Պոպուլիզմը, իհարկե, կործանարար է նաև այդ անդարդների պարագայում, սակայն հետևանքները հիմնականում անդառնալի չեն լինում։ Այլ է անվտանգային, գոյաբանական խնդիրներ ունեցող հասարակությունների պարագան, որոնք պոպուլիզմի շռայլություն թույլ տալու համար վճարում են հազարավոր կյանքերով, տարածքային կորուստներով, ինքնիշխանության նվազմամբ։
Մենք՝ որպես հասարակություն, ահա, չենք գիտակցել պոպուլիզմի անկարելիությունն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային պայթյունի ներուժ ունեցող վառոդի տակառի վրա գտնվող մեր երկրի համար, ինչի դիմաց արդեն իսկ վճարել ենք Արցախի մեծ մասի կորստով ու հազարավոր երիտասարդների կյանքով։ Բայց դա ողբերգության միայն մի մասն է, ինչ-որ տեղ անգամ արդարացում ունեցող մասը՝ հասարակությունն էլ սխալվելու իրավունք ունի, չի դիմացել պոպուլիզմի գայթակղությանը և խելամիտ չի գտնվել։ Բայց եթե այդ և մնացած բոլոր արդարացումները, թեկուզ վերապահումներով, կարող էին ընդունելի լինել մինչև 44-օրյա պատերազմը, ապա դրանից հետո՝ արդեն 2021 թվականին, պոպուլիզմը հանդուրժելը որևէ բանական բացատրություն չունի և չի կարող ունենալ։
Հասարակությունը, ինչպես և անհատը, կարող է սխալվել ու արդարանալ մեկ անգամ, բայց երկրորդ անգամ նույն սխալի կրկնությունն արդեն հիմարություն է՝ ամենամեղմ բնորոշմամբ։ Եվ ահա, մենք, արդեն մեկուկես տարի, ապրում ենք համազգայյին հիմարության արդյունքում ստեղծված իրականության պայմաններում, բայց շարունակում ենք կրկնել նույն սխալը՝ այս ամենի մեջ կրկին մեղադրելով բոլորին, բացի մեզանից։ Դրան, ի դեպ, նպաստում են, այսպես կոչված, «ինտելեկտուալ պոպուլիստները», որոնք բոլոր առիթներով կրկնում են, թե «չի կարելի մեղադրել ժողովրդին»։ Իրականում դա պոպուլիզմի նույնպիսի դրսևորում է, ինչպես Նիկոլ Փաշինյանի խոնարհումը, որովհետև նպատակը կրկին մեկն է՝ ժողովրդին դուր գալը և ճշմարտությունը չասելը։
Ընդ որում, վտանգավոր է նաև հակառակ դրսևորումը՝ ամեն ինչում կուրորեն միայն ժողովրդին մեղադրելը։ Իրականությունը, ինչպես պատահում է սովորաբար, ինչ-որ տեղ այդ ծայրահեղությունների մեջտեղում է։ Այսինքն, այո, հասարակությունը մեղավոր է երկրորդ անգամ, բոլոր աղետներից հետո կրկին պոպուլիստական իշխանությունը պահպանելու հարցում, բայց ուղղակի մեղադրելը որևէ արդյունք չի կարող տալ, պետք է հասկանալ դրա խորքային պատճառները։
Հասարակությունները, ընդհանուր առմամբ, չնայած բոլոր տարբերություններին, թերևս նույնական են միջինացված որակներով, այսինքն՝ այնպես չէ, որ եվրոպական որևէ երկրի հասարակություն հայ հասարակությունից շատ ավելի բարձր արժեքներ է դավանում, ինչպես որ ամերիկյան միջինացված հանրությունն ավելի պետականասեր չէ, քան հայերը։ Խնդիրը հանրության այս կամ այն վարքագիծը խրախուսող կամ զսպող մեխանիզմներն ու ինդիկատորներն են, որոնք ամենացածրորակ հասարակությանը կարող են դարձնել խիստ պետականապաշտ, և հակառակը՝ որակյալ հանրույթին կարող են վերածել անտարբերների բազմության։
Այս հարցում դերակատարում ունեն պետության բոլոր պայմանական վերնախավերը՝ քաղաքական, լրագրողական հանույթը, գիտական շրջանակները, մտավորականները, բոլոր այն շերտերը, որոնք օբյեկտիվորեն կարող են ազդել հանրային նախընտրությունների, կյանքի նորմերի, կենցաղավարական ու քաղաքական ճաշակի վրա։ Բայց բոլոր այս խավերից առաջ ու բոլորից ավելի ազդեցիկ, հանրային նախընտրությունների, առաջնահերթությունների, նորմերի ու վարքագծի վրա ազդելու ամենամեծ հնարավորությունն ունի իշխանությունը, որն էտալոնային դեր է կատարում՝ անկախ իր որակներից կամ դրանց բացակայությունից, արժեքներից կամ դրանց չգոյությունից։
Լայն իմաստով, իշխանությունն է ընտրում իր սոցիալական բազան, թեև ի սկզբանե սոցիալական տարբեր շերտերն են դառնում իշխանության գալու երաշխավորը։ Բայց անկախ նրանից՝ իշխանությունը կազմավորվում է հանրային հարաբերականորեն ցածր խավի հիման վրա, թե ոչ, արդեն իշխանության իրացման ընթացքում այն կարող է ընտրել սոցիալական այն հենարանը, որի վրա խարսխվում է ոչ թե իշխանությունը մեխանիկորեն պահպանելու, այլ պետության, հասարակության զարգացման ուղենիշներ սահմանելու նպատակով։
Եթե ավելի պարզեցնենք ասվածը, Նիկոլ Փաշինյանն ինքն է ընտրում՝ ռազմավարական իմաստով հենվել, ասենք, հանրության ինտելեկտուալ, մտավորական, գաղափարակիր հատվածի վրա՞, թե՞ ամեն ինչ կառուցել այն խավին դուր գալու համար, որը կենդանական հաճույք է ստանում մուրճի թափահարումից ու ասֆալտին ծեփելու մասին զառանցանքից։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ընտրել է երկրորդ տարբերակը։
Նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ այն պատճառով, որ այդ՝ պայմանականորեն ասած «մուրճասեր» հատվածի հետ աշխատելը բազմապատիկ ավելի հեշտ է, մեծ հաշվով, նրա հետ նույնիսկ աշխատել պետք չէ, բավական է որոշակի չափաբաժնով ցածր ռեֆլեքսներ արթնացնող հերթական հայտարարությունը կամ պատմությունը, և այդ հատվածը շարունակում է բնազդային հավատարմությունը՝ առանց ավելորդ հարցեր բարձրացնելու պետության, պետականության կործանման, անվտանգության զրոյացման, ինքնիշխանության փոշիացման, բոլոր այն խնդիրների մասին, որոնց վերաբերյալ հասարակության՝ պայմանականորեն մտածող հատվածն արդարացի հարցադրումներ է ներկայացնում։
Պարզ է, որ մտածող հատվածի հետ պետք է աշխատանք, խոսակցություն, երկխոսություն, հիմնավորում, փաստարկ, ծրագիր, ռազմավարություն, մինչդեռ մյուս խավի համար միանգամայն բավարար է էժանագին փաթեթավորմամբ կեղծիքը, հերթական «ներքին թշնամու բացահայտումը», «արտաքին չուզողների մերկացումը»։ Ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, նաև սա է Հայաստանի ներկայիս ողբերգական վիճակի պատճառներից մեկը։ Իշխանությունը որպես հենարան՝ ընտրել է հանրության ամենացածր հատվածներին, իսկ մնացյալ բոլորը, որոնք բնազդներից բացի, այդուհանդերձ, նաև մտածելու կարողություն ունեն, գրեթե հայտարարվել են դասակարգային թշնամիներ։
Զուտ իշխանության պահպանման տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի ընտրած այս մոդելը, հնարավոր է՝ միանգամայն արդարացված է։ Բայց դա հակադարձ համեմատական է պետության պահպանման ու ամրապնդման նպատակադրման հետ, քանի որ նման սոցիալական հենարան ունեցող իշխանությամբ պետությունը դատապարտված է երաշխավորված կործանման։
Պոպուլիզմով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը շարունակեց պետությունը կառավարել պոպուլիզմով։ Նա, որպես պետական կառավարման հիմնական մեթոդ՝ ընտրեց քաղաքական ռաբիսը։ Իսկ դրա վերջն արդեն իսկական ռեքվիեմն է պետության համար, որի նախերգանքը լսում ենք այս օրերին։
Հարություն Ավետիսյան