Փաշինյանն այս 4 տարում մեզ կռվացրեց աշխարհի հետ և դարձրեց ոչնչություն ամբողջ աշխարհի աչքերում. Արմինե Ադիբեկյան
Շուրջ մեկ օր է՝ ադրբեջանցիների խմբակը փակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։
«Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը, և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում»,- նշված է Արցախի Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց՝ իրավիճակի նման սրացումների մասին շատերն են խոսել դեռ մեկ տարի առաջ:
«ՀՀ-ն ոչինչ չի արել այդ ուղղությամբ, ու հիմա եկել ենք անակնկալի: Պետք է պայքարել՝ օգտագործելով բոլոր լծակները:
Բայց արդեն մեր դիրքերն այնքան զրոյացված են, այնքան արժեզրկված են, որ չունենք այն քաշն արտաքին աշխարհում, որ կարողանանք աշխարհից ինչ-որ բան պահանջել: Որովհետև Փաշինյանն այս 4 տարում մեզ կռվացրեց ամբողջ աշխարհի հետ և դարձրեց ոչնչություն ամբողջ աշխարհի աչքերում. այժմ Ադրբեջանն է օրակարգը թելադրում՝ կուզի՝ կփակի, չի ուզի՝ չի փակի: Եվ միջազգային հանրությունը ոչինչ չի կարող անել, որովհետև բոլորը՝ ՀՀ-ն ներառյալ, «ճանաչել են» Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս»,- ասաց ադրբեջանագետը:
Ի դեպ, նա հստակեցրեց, որ այս իրավիճակում պետք է դիտարկել՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ՝ ուժային լծակները: Արմինե Ադիբեկյանը լուրջ ակնկալիքներ չունի ռուս խաղաղապահների միջամտությունից:
«ՌԴ խաղաղապահները, 24 ժամ է՝ չեն կարողանում խնդիր լուծել: Այս մասին ես խոսել եմ դեռևս 2010-2013-2016 թվականներին, երբ «խաղաղապահների» թեման նոր-նոր նետվում էր տեղեկատվական դաշտ:
Ռուս խաղաղապահն այնտեղ ոչ հայ է պաշտպանում, ոչ ադրբեջանցի. ռուս խաղաղապահը պաշտպանում է իր պետության շահերը, և հիմա, եթե իր պետության շահերից է բխում հաճոյանալ Ադրբեջանին, նրանք ոչինչ չեն անի:
Եթե անգամ այժմ հաջողվի միջանցքը բացել, ժամանակավոր բնույթ է ունենալու. երաշխավորված չէ, որ մի շաբաթ հետո նույնը չի կրկնվի: Երբ Ադրբեջանը շանտաժի դիմաց ստանում է ինչ-որ բան, նա այդ սցենարն անվերջ կրկնում է: Նա այժմ փորձում է այդ կերպ Արցախի եկամտի վերջին աղբյուրը կտրի»,- պարզաբանեց նա:
Հարցին, թե հաշվի առնելով մինչև տարեվերջ «խաղաղության պայմանագիր» կնքելու մասին ավելի վաղ եղած հայտարարությունները, արդյո՞ք այս կերպ փորձ է արվում արագացնել գործընթացը և արագ «ամփոփել» տարին, ադրբեջանագետը պատասխանեց.
«Դա էլ ներառյալ: Բայց Ադրբեջանն ուզում է պայմանագիր կնքել այն դրույթներով, որը ձեռնտու է բացառապես Բաքվին. Երևանի շահերն այստեղ բացարձակապես դերակատարություն չունեն, ոչ ոք հաշվի չի առնում հայության շահերը: Իսկ «խաղաղության պայմանագիր» կնքելով՝ ոչինչ չի ավարտվում. նոր թափ է առնելու, որովհետև չգիտենք՝ Փաշինյանն ինչի տակ է ստորագրելու»:
Ամփոփելով՝ ադրբեջանագետն արձանագրեց, որ արցախահայության ցեղասպանության վտանգը ռեալ է, իսկ օգնող չկա:
«Աշխարհը թքած ունի. աշխարհն ունի իր խնդիրները, և նրանք այս ամեն ինչին նայում են՝ ելնելով իրենց խնդիրների լուծումից: Ես հիշեցնեմ՝ երբ Ռուանդայում Ցեղասպանություն տեղի ունեցավ, բելգիական խաղաղապահները լուռումունջ կանգնած նայում էին և չմիջամտեցին, որովհետև դա չէր բխում իրենց երկրի շահերից»,- նշեց Արմինե Ադիբեկյանը: