Իրենք այս երկու տարում Արցախի ինքնորոշման իրավունքի պահանջն ուղղակի թաղել են ամեն ձևով. ադրբեջանագետ

Ստեփանակերտ-Գորիս մայրուղին կրկին փակ է. ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտոնական պարզաբանումներից՝ պատճառը դարձյալ, այսպես կոչված, ադրբեջանցի բնապահպաններն են: Այս անգամ ադրբեջանցիների կրեատիվությունը մեկ քայլ առաջ է անցել. որոշել են նաև վրան տեղադրել Հայաստանն Արցախին կապող ճանապարհին՝ Շուշիի հարակից հատվածում:

Պարզվում է՝ նման սադրանքները ոչ միայն իրավիճակն ապակայունացնելու փորձեր են, կամ «դեմարշ» ընդդեմ ՌԴ խաղաղապահների, այլև`զուտ բիզնես նպատակներ հետապնդող արշավներ:

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 168.amի հետ զրույցում շեշտեց.

«Իրականում խնդիրները շատ խորքային են: Դեռևս այս տարվա հուլիսին Իլհամ Ալիևը հստակ հրամանագրով, որը նաև հրապարակվել է արևմտյան մամուլում, վաճառել է Դրմբոն-Կաշեն հանքը հանքարդյունաբերությամբ զբաղվող բրիտանական ընկերությանը: Եվ այժմ իրենք ամեն բան անում են՝ մուտք գործելու այդ հանք, որովհետև իրենք պարտավոր են ապահովել մուտքն ու հասանելիությունը հանք:

Կարդացեք նաև

Այսինքն՝ խնդիրը միայն այն չէ, որ նրանք սադրանքի են դիմում, փորձում փակել ամենակարևոր կենսական ավտոճանապարհը և ցույց տալ, որ ամեն պահի կարող են խնդիրներ ստեղծել արցախահայության համար, այլև այն, որ այդ հանքն Ալիևը վաճառել է: Մինչդեռ այդ հանքը գտնվում է Արցախի վերահսկողության տակ»:

Ի դեպ, ադրբեջանագետը հիշեցրեց, որ սա Իլհամ Ալիևի միակ «ապօրինի» առևտուրը չէ. openDemocracy-ի հետաքննության համաձայն` նա դեռևս 2020 թ. սեպտեմբերի 7-ին՝ պատերազմից 20 օր առաջ, վաճառել է Քաշաթաղի շրջանի հանքերը:

«Այսպես կոչված, Զանգելանի շրջանում հանքերը վաճառվել են նույն բրիտանական ընկերությանը, և այդ ամբողջ գործարքում «խառնված է» Բաքվում Բրիտանիայի դեսպանատունը և անձամբ դեսպանը: Այնուհետև, 2021 թվականի հուլիսին վաճառել են Կաշեն-Դրմբոն հանքը: Դա այն գինն է, որը վճարել են միջազգային լռության համար»,- մանրամասնեց Տաթևիկ Հայրապետյանը:

Ըստ նրա՝ նաև սրանով պայմանավորված ենք Ստեփանակերտ-Գորիս մայրուղու վրա պարբերաբար ականատես լինելու ադրբեջանական սադրանքներին:

Լուծումների մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ նա նկատեց. «Քանի որ անընդհատ խոսում են միջազգային մեխանիզմների, ուղիղ՝ Բաքու-Ստեփանակերտ կապի մասին, իսկը ժամանակն է՝ թող միջազգային որևէ ձևաչափը որոշվի: Որովհետև խաղաղապահներն այնտեղ չեն բնապահպանական և տնտեսական խնդիրներ լուծելու համար. նրանք այնտեղ են, որպեսզի ապահովեն անվտանգություն:

Ի դեպ, այս ամբողջ արշավը, որ ընթանում է, ադրբեջանական ողջ քարոզչամեքենան ներկայացնում է հակառուսական, խաղաղապահների գործունեության դեմ: Ադրբեջանում գեներացվում է հանրային պահանջ, որպեսզի խաղաղապահները մինչև 2025 թիվը դուրս գան տարածաշրջանից:

Լավ կլինի, որ Արցախի իշխանությունները նախաձեռնողականություն ցուցաբերեն և ասեն, որ պատրաստ են՝ միջազգային հստակ մեխանիզմների միջոցով, խոսակցությամբ խնդիրները լուծելու համար: Որովհետև Ադրբեջանը ոչ միայն հանքն է վաճառել, կամ սադրանքների է գնում, այլև փաստացի արցախահայությանն ուզում է զրկել ապրուստի բոլոր տեսակի միջոցներից»:

Իսկ թե այս իրավիճակում որքանով են արդյունավետ Նիկոլ Փաշինյանի հաճախադեպ կոչերը արցախահայության ցեղասպանության վտանգի մասին, ադրբեջանագետն արձագաքնեց.

«Գիտեք, ամեն ինչ խոսքերով չի որոշվում, գործողություններով է որոշվում: Իսկ գործողությունն այն է, որ իրենք այս երկու տարում ուղղակի Արցախի ինքնորոշման իրավունքի պահանջը թաղել են ամեն ձևով: Ամեն անգամ դիրքորոշում են փոխում, և այդ փոփոխամտությունն ու անկարողությունը բոլոր միջազգային հարթակներում ուղղվել է մեր դեմ, իսկ Ադրբեջանը գիտի ինչ նպատակ է դրել և բոլոր մեթոդներով դրան է հասնում»:

Տեսանյութեր

Լրահոս