Ինչո՞ւ Մոսկվան Երևանից կանչեց իր դեսպանին, և ի՞նչ կփոխվի հայ-ռուսական հարաբերություններում
Նախօրեին Ռուսաստանը հայ-ռուսական հարաբերություններում ուշագրավ՝ Ռուսաստանին ոչ բնորոշ, քայլ է արել։ ՌԴ ԱԳՆ փոխանցմամբ, մայիսի 24-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների նպատակով ՌԴ է կանչվել։ Պաշտոնական այլ մեկնաբանություններ այս մասով Ռուսաստանից դեռ չեն հնչել, հայտնի չէ, թե կոնկրետ ի՞նչ նպատակով և ե՞րբ Երևան կվերադառնա դեսպան Կոպիրկինը։
Հարկ է նշել, որ դեսպանի հետկանչը տեղի ունեցավ ՀՀ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հերթական հակառուսական և հակա-ՀԱՊԿ սրացումներից հետո, երբ նա հայտարարեց, թե ՀԱՊԿ անդամ առնվազն 2 երկիր մասնակցել է Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստությանը։
«Բելառուսի նախագահը ասել է այն, ինչ ես 4 տարի փորձում եմ ասել Հայաստանի Հանրապետությանը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են ոչ մեր կողմից մեր դաշնակիցները։ ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրներն իմիտացիա են ստեղծել, որ մեզ ուզում են օգնել, թե կամ իբր մեզ օգնել են, բայց ես ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել»,- մայիսի 22-ին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջերս Ադրբեջանում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արած մի շարք աղմկահարույց և հակահայկական բնույթի հայտարարությունների։
Իսկ Լուկաշենկոն ավելի վաղ Ադրբեջանում Ալիևին, ըստ ադրբեջանական և բելառուսական ԶԼՄ-ների, ակնարկել էր, թե տեղյակ է եղել, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Արցախի վրա, ավելին՝ համաձայն է եղել Ալիևի հետ, որ ղարաբաղյան խնդիրը կարելի է պատերազմով լուծել։
«Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել»,- ասել էր Լուկաշենկոն։
Սակայն Փաշինյանի՝ ՀԱՊԿ անդամ երկու երկրներին ուղղված մեղադրանքից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՀՀ իշխանություններին կոչ արեց հստակեցնել, թե ՀԱՊԿ ո՞ր երկու անդամ երկրների մասին է խոսքը, քանի որ իրենք չեն ցանկանում գուշակություններով զվաղվել։ Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա, դիվանագետի խոսքով, ՌԴ-ն արել է այն, ինչ հնարավոր է եղել, և դադարեցրել է պատերազմը, սակայն առաջարկներով է հանդես եկել նաև 2020 թվականի հոկտեմբեր ամսին, Ադրբեջանի նախագահը համաձայն է եղել դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն, նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը պնդել է, որ ռազմական գործողությունները շարունակվեն, որը հանգեցրել է Շուշիի գրավմանը։
Այս շղթայում կարևոր էր նաև մայիսի 23-ի ուշ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Բելառուս, որը սկսվեց Լուկաշենկոյի հայտարարություններով, նշելով, թե Կովկասի անվտանգության հետ կապված ուշագրավ առաջարկ ունի, որը քննարկել է Ադրբեջան իր այցի ընթացքում։ Իսկ Ադրբեջանում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն նաև որոշել էր Ալիևին կարգել կովկասյան ռեգիոնի առաջնորդ՝ հայտարարելով, թե այսուհետ Ալիևն է պատասխան տալիս այստեղ տեղի ունեցող զարգացումների համար։ Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ Իլհամ Ալիևն այլևս ամբողջ Կովկասի առաջնորդն է։
«Դա արդեն ոչ միայն պատասխանատվություն է Ադրբեջանի համար, դուք արդեն ընդհանուր առմամբ պատասխան եք տալիս Կովկասի համար»,- ասել էր Բելառուսի նախագահը։ Բելառուսի նախագահի հակահայկական հայտարարությունները, իհարկե, «պարարտ հող» դարձան մինչ այդ նույն Լուկաշենկոյի հետ լավ հարաբերությունների մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի համար, որը հակառուսական հայտարարությունների նոր ալիք սկսելու հարմար առիթ ստացավ։
Սակայն վերադառնալով դեսպան Կոպիրկինի հետկանչին, 168․am-ի մերձդիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմը շատ հազվադեպ է երկկողմ հարաբերություններում դիվանագիտական այս գործիքին դիմում, սովորաբար դա արվում է հարաբերությունների այնպիսի անշրջելի փուլում, երբ դրանք, ըստ էության, բարդ է «փրկելը»։ Չնայած, մեր ռուսական աղբյուրի փոխանցմամբ, սա կարծես այդ դեպքը չէ, այլ ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանությունների հակառուսականությանը որոշել է այլ կերպ արձագանքել և այլևս անպատասխան չթողնել որևէ հայտարարություն ու քայլ, ինչը տևական ժամանակ արել է։ Մեր տեղեկությունների համաձայն, բովանդակային առումով շատ բան չի փոխվի, գուցե ՌԴ արձագանքի բնույթը փոխվի։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, այս 6 տարիների դիվանագիտական առաքելությունը բավականին բարդ ու մարտահրավերային է եղել դեսպան Կոպիրկինի համար, ով կրել է ՀՀ իշխանությունների քաղաքականության ողջ հակառուսական «հմայքը», ում օրոք ՀՀ իշխանությունները բազմաթիվ խոչընդոտներ են հարուցել դեսպանի շփումների և ՀՀ-ում գործունեության հարցում։
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ դեսպանի հետկանչը ստանդարտ գործընթաց է, որով տվյալ երկիրն իր արտաքին քաղաքականությունում շտկումներ է մտցնում։ Վերլուծաբանի կարծիքով, վաղուց հասունացել է ՀՀ-ի դեպքում նման շտկումներ, փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով երկկողմ տարաձայնությունները և քայլերը, որոնք հարաբերությունները փակուղի են մտցրել։
«Կարծում եմ՝ վերջին երկու տարվա ընթացքում ՌԴ-ն բավականին զուսպ գործեց, փորձեց չլարել, չսրել հարաբերությունները, չարձագանքել յուրաքանչյուր հայտարարության, սակայն, կարծում եմ՝ այդ տակտիկան սպառվեց, և Ռուսաստանը ստիպված է լինելու արձագանքել՝ հստակության դաշտ բերելով հայ-ռուսական հարաբերությունները։ Պետք է հստակեցնել ու ասել, որ սա քաղաքականություն է՝ մեծամասամբ հրապարակային հայտարարությունների մակարդակում գտնվող, ուստի կարիք կա որոշակիացնել և հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանն իսկապես լքում է ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն և որոշում միանալ ԵՄ-ին։ Ըստ էության, սա գլխավոր խնդիրն է, իսկ դեսպանի ետկանչը և նրա վերադարձը ՀՀ պարզապես այս ամբողջ պատմության մեջ մի դրվագ է, որով ՌԴ-ն իր կողմից նոր վերաբերմունք է դրսևորում, նոր ուղերձ փորձում փոխանցել, ի տարբերություն նախկին շրջափուլի պասիվության։ Կրկին հակված եմ կարծել, որ ՌԴ-ն հարաբերությունները սրելու մտադրություն չունի, ինչպես չի սրել, այնպես էլ չի սրելու, սակայն որոշակի փոփոխություններ այդ քաղաքականությունում այնուամենայնիվ կլինեն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական գործընթացները, ինչպես նաև զարգացումները Հարավային Կովկասում»,- նման կարծիք հայտնեց Լուկիանովը։
Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահի, այսպես կոչված, առաջարկին՝ ուղղված ՌԴ նախագահին՝ Կովկասի անվտանգության և, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի դերակատարության վերաբերյալ, Լուկիանովն ասաց, որ ամենայն հավանականությամբ դրա վերաբերյալ արդեն իսկ ընթացել են կուլիսային բանակցություններ ու խոսակցություններ։ «Սակայն իրականում բարդ է պատկերացնել, թե ինչ են իրականում մտածում ղեկավարները։
Ենթադրում եմ, որ այդ հարցերը գուցեև քննարկվել են Ադրբեջանի ղեկավարի Մոսկվա կատարած այցի ընթացքում, երբ շեշտվեց, որ անվտանգության հարցեր են քննարկվել Պուտին-Ալիև ձևաչափով, իսկ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ու ղեկավարների մակարդակով հանդիպման դեպքում շեշտվեց, որ հայ-ռուսական օրակարգում նման հարց չկա։ Այս տրանսֆորմացիաները ցույց են տալիս այն բարդ փուլը, որին հասել է նոր աշխարհակարգի ձևավորումը, որով պայմանավորված՝ նոր ձևաչափեր, ազդեցության նոր տարբերակներ են քննարկվում։ Սակայն դրանց արդյունավետությունը գնահատելը դեռ չափազանց վաղ է»,- նկատեց նա։