Ինչո՞ւ Ադրբեջանը շտապեց դուրս բերել խաղաղապահներին Արցախից

Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական բուռն իրադարձությունները, այսպես կոչված, սահմանազատման ապօրինի գործընթացի ֆոնին ստվերեցին օրերս ԼՂ Իվանյան բնակավայրում տեղի ունեցած՝ Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները:

ՌԴ խաղաղապահ զորակազմը ԼՂ տարածքում էր տեղակայվել՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության հիման վրա: Ըստ փաստաթղթի՝ ՌԴ խաղաղապահ առաքելությունը ԼՂ տարածքում պետք է մնար մինչև 2025թ.: Սակայն, ըստ մի շարք տեղեկությունների, Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի առաջիկայում։ Ինչպես օրերս տեղեկացրել է APA գործակալությունը, այս մասին լրագրողներին տեղեկացրել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Անար Էյվազովը հանդիսավոր արարողության ժամանակ, որը կայացել էր ռուս խաղաղապահների դուրսբերման առիթով։

«Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված խաղաղապահների դուրսբերման համաձայնագրի համապատասխան՝ տեղի է ունենում միջոցառում ռուս խաղաղապահների գործունեության ավարտի հետ կապված։ Այսօր միջոցառմանը մասնակցում են բարձրաստիճան սպաներ Ադրբեջանից և Ռուսաստանից։ Խաղաղապահների դուրսբերման գործընթացը կավարտվի առաջիկայում»,- ասել էր Էյվազովը։

Ավելի վաղ՝ ապրիլ ամսին, մեկնաբանելով խաղաղապահների առաջին հատվածի դուրսբերման փաստը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղից, քանի որ նրանց համար տարածաշրջանում այլևս գործառույթներ չեն մնացել։ Նրա խոսքով՝ իրավիճակը փոփոխվել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո։

Կարդացեք նաև

«Դա համապատասխանում է ներկայիս իրողություններին, որոնք ստեղծվել են տարածաշրջանում այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները՝ 1991 թվականի դրությամբ։ Աշխարհաքաղաքական իրողություններն այնտեղ փոխվել են, և նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել»,- հայտարարել էր Պեսկովը։

Ըստ լրատվամիջոցների, ռուս խաղաղապահները վերջնականապես կլքեն ԼՂ-ն ամռանը, իսկ մինչ այդ այնտեղ մնացել են հաշված թվով ռուս խաղաղապահներ անցակետերում։

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168.am հետ զրույցում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը և հատկապես այն, որ խաղաղապահները լիովին լքում են հակամարտության գոտին, ասաց, որ տեղի ունեցողը բնական է, հաշվի առնելով վերջին տարիներին այն քաղաքական միջավայրը, որում հայտնվել է թե Ադրբեջանը, Հայաստանը և թե Ռուսաստանը՝ իր լրջագույն աշխարհաքաղաքական խնդիրներով։

Նրա խոսքով, ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելուց և Ադրբեջանի իրականացրած սեպտեմբերյան օպերացիայից հետո Ռուսաստանն այլևս այնտեղ իր տեղակայումն արդարացնելու քաղաքական ռեսուրս չուներ։

«Այնտեղ մնալն այլևս Ադրբեջանը կընկալեր լուրջ խնդիր Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում՝ մի իրավիճակում, երբ ՀՀ-ն, եթե կոպիտ ասենք, խաղից դուրս է եկել։ Այս մասին, եթե չեմ սխալվում, իր մեկնաբանություններից մեկում ասաց նաև ՌԴ նախագահը։ Իսկ ներկայումս Ռուսաստանին ամենևին պետք չեն խնդիրներ, այլ պետք է խաղաղ հարևանության գոտի առնվազն մինչև մեծ պատերազմի ավարտն Ուկրաինայում։ Հայտնի է, որ Ռուսաստանը կարգավորման լիովին այլ փաթեթ էր առաջարկում, անակնկալ չի լինի նաև այն, եթե ասեմ, որ սկզբում կային կանխատեսումներ, որ խաղաղապահների տեղակայման ժամկետը կերկարաձգվի, սակայն Ադրբեջանն ամեն ինչ արեց, որպեսզի աշխարհաքաղաքական ներկայիս փուլում կարողանա ստանալ ԼՂ-ն ամբողջությամբ և առանց արտաքին ներկայության, երևի թե դրանով իսկ չեզոքացնելով նաև արևմտյան հետագա հնարավոր ներկայության քննարկման հարցերը»,- ասաց Եվսեևը։

Նա գտնում է, որ Ադրբեջանում կան մտավախություններ, որ ՌԴ-ն դուրս չի գա, ուստի այդ հարցը և պայմանավորվածություններն անընդհատ շրջանառում են, հրաժեշտի արարողություն են կազմակերպում՝ խաղաղապահների ելքն անշրջելի դարձնելու համար։

Եվսեևի կարծիքով, կա ևս մեկ հանգամանք, որն է՛լ ավելի մոտեցրեց խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից։

«Ինչպես միշտ, նման հարաբերություններում Ադրբեջանը փորձում է, եթե ոչ՝ առավելության հասնել Հայաստանի հետ բոլոր առանցքային, առավել ևս՝ աշխարհաքաղաքական հարցերում, այլ գոնե ունենալ հավասարակշռություն։ Եվ վերջին շրջանում՝ վերջին ամիսներին, Ադրբեջան-ԱՄՆ կարճատև լարվածությունը, Ադրբեջան-Ֆրանսիա լարվածությունը, ինչպես նաև ՀՀ-Արևմուտք հարաբերություններում որոշակի նոր մակարդակի ի հայտ գալը կարծես Հարավային Կովկասում Ադրբեջանին առանձնացրել էր Վրաստանից ու Հայաստանից՝ որպես ավելի արևմտամետ դիրքավորում ունեցող երկրներ։ Ստացվում էր, որ Ադրբեջանը դիրքավորվել է լիովին ռուսամետ դաշտում, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ցանկանում նման կերպ ընկալվել այս փուլում, թեև անընդհատ գտնվում է Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական մանևրումների մեջ՝ փորձելով և՛ Արևելքից, և՛ Արևմուտքից կորզել այն ամենը, ինչ հնարավոր է։

Կարծում եմ՝ ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերումն Ադրբեջանն Արևմուտքին կներկայացնի որպես արևմտամետ քայլ՝ հավասարակշռելու Արևմուտքի վերաբերմունքը, քանի որ վերջին ամիսների ընթացքում Արևմուտքից եղան որոշակի կոշտ հայտարարություններ Ադրբեջանի հասցեին։ Ադրբեջանը դրանք տեղում հաշվի չի առնում, սակայն աշխատում է նաև, որպեսզի դրանք չլինեն, և նաև այդտեղ Հայաստանը չունենա Ադրբեջանի նկատմամբ որևէ առավելություն, որպեսզի Ադրբեջանն Արևմուտքում ևս քաղաքականության հնարավորություն ունենա։ Կարծում եմ՝ սա նոր նրբություն է այս հարցում, որը պետք է հաշվի առնել»,- նկատեց Եվսեևը։

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՌԴ-ն դուրս է բերում խաղաղապահներին, սակայն վստահաբար պայմանավորվածությունների հիմքում կան հարցեր, որոնք հրապարակային չեն։

«Ակնհայտ է, որ այս դուրսբերմամբ Ռուսաստանն ինչ-որ բան է ստանալու գուցե աշխարհաքաղաքական բնույթի։ Թե ինչ՝ կփորձենք ավելի մանրամասնել  հետագայում»,- նկատեց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս