Հայ ժողովուրդը պիտի կայացնի իր վճիռը, նա է իշխանության կրողը, և կապ չունի, թե ովքեր են իշխանավորները․ Վարդան Խաչատրյան
Կառավարությունները կարող են որոշակի ազդեցությունների ենթարկվել, բայց այնուամենայնիվ, շատ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանի պես երկիրը՝ իր արքետիպային արմատներով, իր բացառիկ համաձուլվածքով, իր պատմական և ներկա հավակնություններով, հնարավոր կլիներ մտցնել թշնամական կառավարման ռեժիմի մեջ։ Բացարձակ ինքնիշխանություն չկա, ԱՄՆ-ը ևս չունի բացարձակ ինքնիշխանություն։ Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը պետություններ են, որոնց պետական քաղաքականությունը մշտապես եղել է հայատյացության ուժագծի վրա։ Այդ պետությունները պարբերաբար աշխարհին ներկայացրել են հայ ժողովրդի համար ամենածայրահեղ վատը, և մեր հավակնությունների բացարձակ ժխտողներն են։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
«Այս իշխանություններն արդյունավետ չեն։ Խնդիրն այն է, թե ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից։ Երբ ասում ենք, որ իշխանությունը պետք է հեռանա, հասկանանք՝ ինչպե՞ս։ Ինչուները պիտի հնչեն, դրանց պատասխանները պետք է հասկանանք ճշգրտորեն։ Վերջին հաշվով՝ հայ ժողովուրդը պետք է կայացնի իր վճիռը։ Բոլոր ժամանակներում խոսակցություններ են եղել, թե իշխանություններն ամեն ինչ կարող են անել, իսկ մարդիկ՝ ոչինչ, բայց դրանք ոչ արհեստավարժ խոսակցություններ են։ Իշխանությունը բոլոր ժամանակներում պատկանում է միայն և միայն ժողովրդին։ Ժողովուրդն է այդ իշխանության կրողը, և որևէ կապ չունի՝ ովքեր են իշխանավորները։ Ժողովրդի դեմ կարող են ժամանակավորապես բռնաճնշումներ գործադրվել, բայց որքան դրանք շարունակվեն, այնքան ցավագար է լինելու հանգուցալուծումը»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
«Չկա ուրիշ իշխանություն, բացի նրանից, որը հենված է ժողովրդի վրա։ Իշխանությունը պետք է հիշի, որ եթե ինքը ցինիզմով մերժում է ժողովրդին, ժողովուրդն էլ դժգոհ է, հանգուցալուծումը լինելու է, և կապ չունի, թե դա ինչպիսի իշխանություն է կամ ժամանակին ինչպիսին է եղել։ Ոչ լեգիտիմ դառնալը, լեգիտիմությունը կորցնելը միայն ընտրություններում պարտվելով չէ։ Կարող ես հաղթել ընտրություններում, բայց երբ քո համարումն իջնում և հասնում է հատակին, դու արդեն լեգիտիմ չես։ Այս տեսակետից այդ ոչ լեգիտիմ իշխանությունն իրեն որևէ ցինիզմ չպետք է թույլ տա։ «Լավագույն» իշխանությունը մեծ սարսափի մեջ գործող կաշառակերների իշխանությունն է, այդ ժամանակ նրանք աշխատում են ոչինչ չանել, քանի որ գոնե կարճաժամկետ պահպանվելու և շարունակելու միակ հնարավորությունը նրանց ստիպում է ամեն ինչ անել ի շահ և հօգուտ ժողովրդի»,- նշեց նախկին պատգամավորը:
Հանրային գործչի պնդմամբ՝ երեսուն տարվա ընթացքում իշխանափոխություններ ու փոփոխություններ են եղել, ժողովրդի ճնշմամբ ուժ և էներգիա է օգտագործվել: «Օլիգոպոլիաներ ենք ունեցել, երկրի ընթացքը որևէ կերպ ժողովրդի գերակա շահերով պայմանավորված չի եղել, իշխանություն ունեցող շատ-շատերի էրոգեն գոտին եղել է դրամապանակը։ Նոր չէ, որ այդպես է դարձել։ ժողովրդի կամքը հաշվի չառնելու հետևանքները մտահորիզոնի սակավ լինելու պատճառով ոչ մի իշխանություն էլ չի հասկացել»,- ասաց նա:
«Որքանո՞վ է օբյեկտիվ ու անաչառ այն խոսքը, որ մենք Արցախի անվտանգության երաշխավորն ենք։ Ինչպե՞ս կարող է երկիրը երաշխավոր լինել, երբ նա զինարտադրություն չունի, և երբ գիտենք, որ Արցախը պատերազմով անջատված հատված է։ Ի՞նչ երաշխիքներ ես ի վիճակի տալ այդ դեպքում։ Ինչպիսի՞ն կարող է լինել իրավիճակը, երբ անվտանգության մի համակարգից համարյա թե փորձում ենք դուրս գալ և հայտարարում ենք, որ կմտնենք մեկ այլ համակարգ, երբ գիտենք, որ չենք մտնելու։ Ստեղծված իրավիճակն աբսուրդին մոտ իրավիճակ է, թե՛ մեկը, թե՛ մյուսն անհասկանալի են»,- ամփոփեց Վարդան Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: