Լաչինի միջանցքը փակ է՝ որպես անողնաշար, անատամ, անխելք քաղաքականության հետևանք. Հակոբ Ճաղարյան

Քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ փակ է Շուշի-Քարին տակ խաչմերուկը. քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:

Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- նշված էր շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Ավիացիոն փորձագետ, Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր , որ ինքն էլ շուրջ մեկ ժամ է կանգնած է Երևանից Ստեփանակերտ գնացող ճանապարհին:

«Ես ինքս արդեն մոտ 1 ժամ սահմանին կանգնած եմ:

ՀԳ: Չեմ բացառում, որ էսօր դեռ կբացվի, ու տեղ կհասնեն հավաքված մեքենաները:
Բայց ձեր ընտրած «ապագային» ձեր խաղաղության գործընկերն արդեն կարմիր քարտա ցույց տվել»,- նշել էր նա:

168.am-ի հետ զրույցում, արդեն, Հակոբ Ճաղարյանը տեղեկացրեց. «Համաձայն Արցախից ստացած տեղեկությունների՝ ինչ-որ ադրբեջանցի բնապահպաններ Շուշիի տակ փակել են ճանապարհը: Լաչինի միջանցքն այս պահին փակ է:

Որպես քաղաքացի ասում եմ՝ եթե մարդը, կուսակցությունը չի կարողանում կառավարել, եթե երկիրը տանում է կատաստրոֆայի, պետք է հրաժարվի այդ երկրի կառավարումից»:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մինչև շրջադարձը հաշվել է սպասող մոտ երեսուն մեքենա՝ բեռներով, մարդատար, նաև՝ երթուղային ավտոբուս:

Հստակեցմանը՝ արդյո՞ք որևէ պարզաբանում ներկայացվել է սպասող մեքենաներին, արդյո՞ք ռուս խաղաղապահները որևէ կերպ չեն միջամտում իրավիճակին, նա արձագանքեց. «Այստեղ ռուս խաղաղապահ չկա. մոտակայքում որևէ ռուս խաղաղապահ չի երևում:

Լաչինի միջանցքը փակ է՝ արձանագրում եմ այդ փաստը, և փակ է՝ որպես անողնաշար, անատամ, անխելք քաղաքականության հետևանք»:

Տեսանյութեր

Լրահոս