Նկատում եմ որոշակի պասիվություն ՌԴ-ի հետ հարաբերություններում, ինչը մտահոգիչ է. Տարածաշրջանային հարցերով փորձագետ

Իրանի սահմանին մեկնարկել են ադրբեջանաթուրքական հերթական համատեղ զորավարժությունները, Ադրբեջանի իշխանամետ haqqin.az պարբերականը հրապարակել է հոդված խոսուն վերնագրով՝ «Ուղերձ Թեհրանի վարչակարգին. Թուրքիայի և Ադրբեջանի բանակները պատրաստ են անցնել Արազ գետը», ռուս- ուկրաինական շարունակվող հակամարտության ֆոնին Ադրբեջանն իրեն ավելի վստահ է զգում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով. սրանք տարածաշրջանի մասին ամեն օր թարմացվող լրահոսի մի մասն են միայն: Փորձագետներն ու միջազգայնագետներն իրավիճակը բնութագրում են պայթյունավտանգ:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ առավել մտահոգիչ են հատկապես Ադրբեջան-Հայաստան կոնֆլիկտի և Արցախյան հիմնախնդրի շրջանակներում տեղ գտնող զարգացումները և Իրանի հետ կապված իրողությունները՝ և՛ Արևմուտք-Իրան իրադարձությունների, և՛ դրան ածանցյալ Ադրբեջան-Թուրքիա-Իրան հարաբերությունների համատեքստում:

«Դիցուք, Իրանի սահմանին մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները նշվածի վառ օրինակն են: Իրավիճակը պերմանենտ լարվածության գծով է զարգանում: Լարվածությունը դրսևորվում է քարոզչական և ռազմական մանևրների հարթություններում:

Իրավիճակի նման դինամիկայի մեկնարկ կարելի է համարել ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիային հաջորդած իրողությունները՝ Պրահյան և Սոչիի հանդիպումները, Բրյուսելում չեղարկված հանդիպման հանգամանքը, ինչպես նաև՝ և թվարկածներով պայմանավորված՝ գործընթացների փակուղում հայտնվելը:

Կարդացեք նաև

Փաստացի, երբ հայտնի դարձավ, որ Բրյուսելում չի կայանալու Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հերթական միջնորդավորված հանդիպումը, ականատես եղանք Ադրբեջանի կողմից հռետորաբանության կտրուկ սրման և Ադրբեջան-Հայաստան օրակարգում եղած բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ ադրբեջանական առավելապաշտական դիրքորոշման վերաընդգծման»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արմեն Պետրոսյանը:

Փորձագետն ուշադրություն հրավիրեց նաև Ադրբեջանի նախագահի այն ուղերձներին, որոնք «արձանագրում էին», թե Հայաստան-Ադրբեջան օրակարգում եղած բոլոր հարցերի առնչությամբ կա միջազգային հանրության ըմբռնում ադրբեջանական դիրքորոշմանը՝ հղում կատարելով ՌԴ-ին և Իրանին:

«Փաստացի, պաշտոնական Բաքուն օգտվում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակից՝ ՌԴ թուլացումից, Իրանի շուրջ և Իրանի ներսում ձևավորված իրավիճակից, արևմտյան դերակատարների՝ մեր տարածաշրջանից ուշադրությունը շեղելու հանգամանքից»,- նշեց նա՝ հավելելով նաև հարակից զարգացումները՝ ինչպիսիք են Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունած բանաձևերը, Լավրովի հայտարարությունները, Ադրբեջանին անվերապահ աջակցություն ցուցաբերելու մասին Թուրքիայի շարունակական ուղերձները:

Այս համատեքստում Արմեն Պետրոսյանն անդրադարձավ նաև Ռուսաստան-Ադրբեջան և Իրան-Ռուսաստան ակտիվացած դիվանագիտական շփումներին՝ նկատելով. «Վերջին օրերին ՌԴ էր այցելել իրանական պատվիրակություն և օրակարգում դարձյալ տարածաշրջանային կապուղիների հարցն էր ներառված. փորձ է արվում հնարավորինս մեղմացնել իրանական դիրքորոշումը, քանի որ հենց Իրանն է ՀՀ-ի հետ միասին մինչև այժմ կտրուկ դիրքորոշում բարձրաձայնել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի կամ, ընդհանրապես, միջանցքի ծրագիր իրականացնելու առնչությամբ»:

Այս իրավիճակում Հայաստանի դիվանագիտական քայլերի մասին մեր հարցադրմանն ի պատասխան՝ փորձագետն արձանագրեց՝ Իրանի հետ կա ներդաշնակ համագործակցություն, իսկ ՌԴ-ի հետ հարաբերություններում նկատվում է պասիվացում:

«Այդուհանդերձ, Իրանը բավականաչափ բարդ իրավիճակում է և՛ ներքին խնդիրների պատճառով, և՛ նաև ուկրաինական ճգնաժամի ազդեցությամբ Արևմուտքի հետ հարաբերությունների լարվածության խորացման ու ՌԴ-ից կախվածության աճի համատեքստում:

Ակնհայտ է, որ վերջին ամիսներին բավականաչափ սերտացել են ՌԴ-Իրան հարաբերությունները, և իրանական կողմին հաջողվել է ՌԴ-ից մեծածավալ ներդրումների խոստումներ ստանալ: Սրանով իսկ իրանական կողմն ավելի խոցելի է դարձել, ու չնայած միջանցքի խնդիրն Իրանի համար կարևոր է անվտանգային և ռազմավարական տեսանկյունից, սակայն ՌԴ ակտիվ ներգրավման արդյունքում հնարավորություն է ստեղծվում Իրանի կտրուկ դիրքորոշումը հղկելու համար:

Ես նկատում եմ որոշակի պասիվություն ՌԴ-ի հետ հարաբերություններում, ինչը մտահոգիչ է: Կարծում եմ՝ այս պահին Հայաստանը Ռուաստանի հետ պետք է ավելի սերտ աշխատի՝ առավել իրատեսականորեն գնահատելու ՌԴ մոտեցումները մեր տարածաշրջանում եղած խնդիրների առնչությամբ, որովհետև, այնուամենայնիվ, որքան էլ նշում ենք, թե ՌԴ դիրքերը թուլացած են, գոնե ՀՀ-ի հետ կապված խնդիրներում այն շարունակում է մնալ ազդեցիկ խաղացող, և նրա քաղաքականությունն ու մոտեցումները ՀՀ-ի համար կենսական նշանակության հարցերում կարող են լրջագույն խնդիրներ ստեղծել ՀՀ-ի համար, և իհարկե, հնարավորություններ ստեղծել առկա իրավիճակում նվազագույն կորուստներով դուրս գալու տեսանկյունից»,- ամփոփեց Արմեն Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս