Հունգարիայի նոր վարչապետը կհանդիպի Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հետ
Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մագյարն այս շաբաթ իր առաջին պաշտոնական հանդիպումները կանցկացնի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ հունիսի 2-ին կմեկնի Բեռլին, իսկ հունիսի 3-ին՝ Փարիզ։
«Վաղը ես կհանդիպեմ Գերմանիայի կանցլերի հետ Բեռլինում, իսկ այնտեղից կմեկնեմ Փարիզ Ֆրանսիայի նախագահի հրավերով», – ասել է Մագյարը՝ չնշելով, թե ինչ հարցեր է նախատեսում քննարկել երկու առաջատար եվրոպական երկրների ղեկավարների հետ։
Ավելի վաղ Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը Բեռլինում հայտարարել է, որ Մերցի և Մագյարի հանդիպումը, ի թիվս այլ հարցերի, կկենտրոնանա «Ուկրաինային աջակցության, ինչպես նաև եվրաատլանտյան անվտանգության վրա»։
Հունգարիայի նոր կառավարությունը հայտարարել է Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ լիարժեք համագործակցությունը վերականգնելու մտադրության մասին։ Միևնույն ժամանակ, այն, ըստ էության, նույն դիրքորոշումն է ընդունել, ինչ իր նախորդները՝ Ուկրաինային ռազմական օգնության և այդ երկրի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում։ Մագյարը հայտարարել է, որ իր կառավարությունը մտադիր չի զենք մատակարարել Կիևին և պահանջելու է, որ նա վերականգնի Անդրկարպատյան հունգարական փոքրամասնության իրավունքները՝ որպես Եվրամիության հետ անդամակցության բանակցություններ սկսելու պայման։
Բեռլին և Փարիզ կատարած այցերով Մագյարը կշարունակի իր առաջին արտասահմանյան այցելությունների շարքը՝ մայիսի 9-ին վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Անցյալ շաբաթ նա այցելել է Բրյուսել, որտեղ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և իր բելգիացի գործընկեր Բարտ դե Վևերի հետ։ Դրանից առաջ նա այցելել է Լեհաստան և Ավստրիա՝ այդ երկրների ղեկավարների հետ բանակցություններ վարելու համար։ Այս այցերի ժամանակ նրան ուղեկցել է Հունգարիայի նոր արտգործնախարար Անիտա Օրբանը։



