«Ամաչում եմ Հանրապետության հրապարակում քայլել՝ այս ի՞նչ արեցիք». Սաշուր Քալաշյան

Նրա շնորհիվ 1980-ական թվականներին Գյումրիում կորստից փրկվեցին տասնյակ պատմամշակութային շենքեր, ձևավորվեց «Կումայրի» արգելոց-թանգարանը: Նրա համահեղինակությամբ նախագծվեցին մի շարք շինություններ, այդ թվում` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրն ու թանգարանը: Խոսքը վաստակաշատ ճարտարապետ Սաշուր Քալաշյանի մասին է, որի հետ էլ զրուցել ենք ճարտարապետության խնդիրների ու բացթողումների և, իհարկե, իր անցած ճանապարհի մասին։

Պարոն Քալաշյան, ճարտարապետությունն արվեստների մեջ ամենաբարդ ուղղությունն է, պարունակում է արվեստի բոլոր ճյուղերը։ Ինչո՞ւ որոշեցիք գնալ այս բարդ ուղիով:

– Այո, ճարտարապետությունը բարդ է, և ճարտարապետի ամենակարևոր պատասխանատվությունը հանրության համար ապրելու, արարելու բարենպաստ միջավայրի ձևավորումն է, որի բացակայության դեպքում այդտեղ ապրելը կդառնա անցանկալի: Ճարտարապետության նկատմամբ հակումն ինձ մոտ հասունացավ, երբ նկարչական դպրոց հաճախեցի:

– Իսկ ճարտարապետությունը Ձեզ նկարչությունից հեռացրե՞ց:

Կարդացեք նաև

– Դրանք կապված են իրար՝ նկարչություն, ճարտարապետություն, երաժշտություն: Արվեստի բոլոր ճյուղերը մտնում են ճարտարապետության մեջ: Ավելին, այդ բոլոր ճյուղերն առանց ճարտարապետության գոյություն ունենալ չեն կարող. ինչի՞ համար՝ որովհետև շենք է պետք, որպեսզի նրանք մեջը տեղավորվեն: Բոլորի համար բարենպաստ պայմաններ ենք պարտավոր ստեղծել, որպեսզի առանց խոչընդոտի կարողանան գործել:

– Ի՞նչ ասել է՝ գեղեցիկ շենք. դրանք զարդանախշերն են, քարի գույնը..

– Գեղեցիկ շենք՝ նշանակում է էսթետիկայի պահանջներին բավարարող մի ծավալատարածական շենք, որը մարդու հետ գտնվում է համերաշխության մեջ: Համերաշխություն ասելով՝ նկատի ունեմ համաչափությունը: Շենքը պետք է իր ձևերով, չափերով, պատուհաններով, դռներով ինչ-որ չափով համաչափ լինի մարդու կառուցվածքի հետ: Այդ դեպքում նա շենքի մեջ իրեն է տեսնում: Եթե իրեն չի տեսնում, ուրեմն այդ շենքն իր համար ընդունելի չէ:

Երևանի շենքերին նայելիս՝ մարդն ինքն իրեն կարծես չի տեսնում:

Ես այսօր ինձ չեմ տեսնում: Տեսնում էի 20-30 տարի առաջ: Երբ գալիս էի Հանրապետության հրապարակ՝ չէի ուզում հեռանալ, որովհետև անընդհատ ուզում էի նայել շրջակա շենքերին, իսկ այսօր ամաչում եմ հրապարակում քայլել, որովհետև հետևում այնպիսի բաներ են ծնվել, որ արդեն այն հարստությունը, համաշխարհային համբավը, որ հրապարակն ուներ՝ այսօր արդեն չես կարող ներկայացնել, որովհետև կասեն՝ եթե դա լավն էր, այս ի՞նչ արեցիք:

Մի ժամանակ խոսակցություն կար Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման աշխատանքներ սկսելու վերաբերյալ, որը կվերածվեր թանգարանի, զբոսաշրջությունը կավելացներ։ Իրականում ի՞նչ է թաքնված այնտեղ։

– Հրապարակի տակ հիմնականում կան շենքերի, կառույցների հիմքեր, որոնք վերաբերում են 18-19-րդ դարերին: Դրանք պատմական նշանակություն կարող է ունենան այն առումով, որ այստեղ հին բնակավայր է եղել: Բայց, երբ մայրաքաղաք է դարձել Երևանը, դրանք արժեք չեն ունեցել: Արժեք են ունեցել այն շենքերը, որոնք պահպանվել են և այսօր համարվում են հուշարձան: Իսկ այն, թե ինչպե՞ս ցուցադրել դա, իմ կարծիքով՝ այդտեղ ցուցադրելու ոչինչ չկա: Պեղել են, մենք նյութերին լրիվ ծանոթ ենք, սովորական շենքերի հիմքեր են, ինչո՞վ ենք ուզում զարմացնել որևէ տուրիստի: Ի վերջո, այդ մշակույթը ցուցադրելու համար է, բայց այդտեղ մշակույթի հարց չկա: Ֆիքսվում է, որ այդ տարածքում եղել են ինչ-որ կառույցներ, որոնք իրացվել են, որպեսզի մայրաքաղաքի կառուցվածքները դառնան գերիշխող:

– Խոսում են նաև Կոնդի մասին՝ տուրիզմը զարգացնելու առումով:

– Նույնը Կոնդին է վերաբերում: Բազմիցս մասնակցել եմ բոլոր քննարկումներին, և ոչ միայն ես, այլ կան մարդիկ ևս, ովքեր չեն կարծում, որ Կոնդն այն ձևաչափը կամ հարստությունն է, որ պետք է պահպանել և ցուցադրել: Կոնդը պարզապես հին Երևանն է: Հին Երևան՝ չի նշանակում հուշարձան: Միակ բանը, որ գովերգում են, դա պարսկական մզկիթի մնացորդն է, որից այսօր մեկ պատ է մնացել: Բնակիչները ժամանակին ձևափոխել, ապրել են: Դա էլ եթե ցուցադրես՝ էլի զարմանալի է, որովհետև ավելի լավ մզկիթ քաղաքում կա՝ Կապույտ մզկիթը, որով կարելի է հիանալ:

– Խոսվում է, որ Կոնդի համար զարգացման ծրագիր է մշակվում. արդյո՞ք Կոնդը չի արժանանա «Հին Երևան» նախագծի բախտին: 17 տարի է՝ «Հին Երևան»-ի նախագիծ են իրականացնում: Ընդհանրապես Դուք տեսե՞լ եք երկիր, որ հին շենքերը քանդեն, նորից սարքեն: Դա արհեստական չէ՞:

– «Հին Երևանը», իմ կարծիքով, անհաջողություններից մեկն է: Դա չէր կարելի անել: Տարածքը, որն իբր թե որոշվեց ներկայացնել որպես հին Երևան՝ հուշարձանները տեղափոխելով այդտեղ, մանիպուլյացիա էր, որը հակասում էր Երևանի գլխավոր հատակագծի սկզբունքներին: Դա պետք է ճեմուղի լիներ: Ճեմուղու բոլոր հատվածները բացվել էին սովետական տարիներին: Իսկ հիմա այդ բուլվարը դարձել է ինչ-որ ծածկած ունիվերմագ, և նույնիսկ տեղափոխված շենքերի արժեքը հարցականի տակ է:

Թեկուզև գործը գլուխ գա՝ արհեստական չի լինելո՞ւ:

– Արհեստական է, որովհետև դրա կողքին հիմա բազմահարկ շենքեր կան։ Պատկերացրեք, այդ շենքում ապրում եք ու պատուհանից նայում եք դուրս, այդ միջավայրը ձեզ դուր կգա՞։ Տան առջև ինչ-որ հսկայական տանիք է․ հիանալո՞ւ եք՝ ոչ, անկախ նրանից, մեջն ինչ կա-չկա։ Այսինքն, միջավայրը ձևավորված չէ, դա պետք է այգի լիներ։

Օրինակ՝ Երևանի դեպքում ինչո՞ւ հին քաղաքից ոչինչ չենք թողնում։ Պատճառը ո՞րն էճարտարապետների մեղքը կա՞, թե՞ քաղաքային իշխանություններն ուշադրություն չեն դարձնում այս ամենին։

Եթե կոպիտ չհնչի, ապա դա պետական մտածելակերպի բացակայությունն է՝ բոլոր ասպարեզներում, նույնիսկ ճարտարապետների մոտ։ Պետական մտածելակերպի բացակայությունը մեր բոլոր աղետների հիմնական պատճառն է։ Երբ ճարտարապետների պալատ էինք ստեղծում, 10 տարի տևեց, մինչև կարողացանք պետական որոշում կայացնել, որովհետև բոլորը հասկանում էին, որ իրենց ձեռնտու չէ այդ կազմակերպությունը, խոչընդոտ է։ Մինչ օրս էլ այդ վերաբերմունքը կա։ Այնուամենայնիվ, միավորման ստեղծման նպատակն այն էր, որ դրան տրվեն պետական որոշակի լծակներ՝ կարգավորելու ճարտարապետների ստեղծագործական գործունեությունը։ Ժամանակին, երբ հասարակական կազմակերպություն էր, իր դերը կատարում էր շատ պարզ պատճառով․ քաղաքաշինության ոլորտի բոլոր կառույցների պատվիրատուն պետությունն էր։ Այսօր գիտեք՝ պատվիրատուներն ինչքան են դարձել, ինչ ախորժակներ ունեն, և պետությունը նյութական ինչ վիճակում է, որ ստիպված կամ առանց ստիպելու հարմարվում է պատվիրատուների ցանկություններին, ճարտարապետներն էլ ասում են՝ դե, եթե ես չանեմ՝ ուրիշը կանի, բա ո՞նց անեմ՝ ընտանիք եմ պահում։ Այդտեղից գալիս է ամեն ինչ։

Բայց յուրաքանչյուր մասնագիտության դեպքում կան էթիկայի կանոններ, սկզբունքներ, որոնց պետք է հետևել։

– Պետական մտածելակերպ որ ասում եմ՝ էթիկան էլ մեջն է։ Բժիշկները, որ սկսում են աշխատել՝ երդում են տալիս, չէ՞։ Ճարտարապետներն էլ պետք է երդում տային, որ չեն խոչընդոտելու միջավայրի բարեկեցիկ ձևավորման խնդիրների լուծմանը։ Այ դա է բացակայում մեր պալատին, որովհետև նրան տրվել է որակավորման խնդիր՝ հիմնականում ճարտարապետներին և կոնստրուկտորներին։ Կոնստրուկցիայի և գեղագիտական մասով է ճարտարապետությունը ստեղծվում, արժևորվում։

Այսինքն, նախքան որակավորում տալը շատ բաներ պետք է հաշվի առնել։

– Այո։ Ճարտարապետների պալատի իմաստն այն էր, որ որակավորման պարտականությունները պետությունից տրվեց նրան։ Պալատը հիմա որակավորում է ճարտարապետներին և կոնստրուկտորներին։ Ստեղծված է երկու հանձնաժողով, ներգրավված են բարձրակարգ մասնագետներ։ Այստեղ պարադոքս է առաջացել, որի հաղթահարման համար ժամանակ է պետք։ Պարադոքսն այն է, որ Ճարտարապետական համալսարանը համարում է, որ դիպլոմն արդեն ճարտարապետի որակավորումն է, իսկ մենք ասում ենք՝ ոչ, դիպլոմը չէ որակավորումը, այլ՝ ստաժը։ Դիպլոմը կրթություն է, որակ չէ։ Մարդը ծանոթ է այբուբենին, բայց շենքի նախագծումը միայն այբուբենով չէ, լոգարիթմներ կան, որ պետք է տիրապետես, իսկ դրա համար պրակտիկ աշխատանք է պետք՝ նախագծի մշակում, որը բուհերում չկա։

Ձեզ հետ երիտասարդ ճարտարապետները համագործակցո՞ւմ են։

– Այո, ես շփվում եմ երիտասարդ ճարտարապետների հետ․ ովքեր հակում ունեն կայանալու։ Կապ եմ հաստատում նրանց հետ, ովքեր, զգում եմ, որ ապագա ունեն, նվիրված են գործին։

– Ճարտարապետներն այսօր անկա՞խ են։

– Այո։ Պալատի շնորհիվ անկախ են։ Սակայն բացի որակավորում տալը՝ պետք է վերահսկողություն լինի գործի նկատմամբ։ Օրինական վերահսկողություն, ոչ թե մասնագիտական, որ ասեն՝ սիրուն է կամ սիրուն չէ, այլ ասեն՝ օրինաչա՞փ են, թե՞ օրինաչափ չեն քաղաքաշինական մոտեցումները։ Մենք ճաշակի հարց չենք դնում՝ ճաշակին ընկեր չկա, բայց դնում ենք միջավայրին համահունչ լինելու խնդիրը, իսկ այդտեղ շենքի չափերն են՝ կապված տարածքի հետ, ոչ թե՝ շենքը տուֆի՞ց է, թե՞ երկաթբետոնից։ Այլ հարց է, որ գունային համադրությունները պետք է պահպանվեն։ Խնդիրը ո՞րն է, որ այդ հարցերը չեն լուծվում։ Էլի այստեղ պետության խնդիրն է։ Ունենք ոլորտ, որը կոչվում է քաղաքաշինություն։ Ճարտարապետությունը միայն ծավալատարածական շինարարությունն է, իսկ քաղաքաշինությունը քաղաքների միջավայրի ձևակերպելու սկզբունքն է։ Լինի գյուղ թե քաղաք, բոլորի համար արվում է գլխավոր հատակագիծ՝ 10-15 տարվա հեռանկարով, որն ընթացքում փոփոխության ենթակա չէ։ Օրենքով փոփոխվում է այն ժամանակ, երբ խնդիրներ են առաջանում, օրինակ՝ տարածման։ Քաղաքաշինության փաստաթուղթը հիմք է ճարտարապետական ստեղծագործության համար։ Այսօր գրեթե բոլոր բնակավայրերի համար ունենք գլխավոր հատակագծեր, բայց որևէ քաղաք չեք գտնի, որ ղեկավարվի գլխավոր հատակագծի պահանջներով։ Նախագծի տեղն էլ չգիտեն, ղեկավարվում են այս պահին առաջացած խնդրով․ եթե պատվիրատուն եկել, ասում է՝ հրապարակի մեջտեղն ուզում եմ 15 հարկանի շենք սարքել, այսքան փող եմ ներդնում, կարող է մի քիչ վեճ առաջանա, բայց մեկ էլ տեսար՝ համաձայնում են՝ ասելով՝ պետական գերակա շահ կա։ Սա էլ ծնվեց դրա համար՝ պետական գերակա շահ, որը տրորում է ամեն ինչ։ Այ, որ ասում եմ՝ ոլորտում պետական մտածելակերպի պակաս կա՝ դա է։ Ունենք այն, ինչ ունենք։

Երևանում ակտիվ շինարարություն է։ Ընդհանրապես սեյսմիկ վտանգավոր գոտի է համարվում նաև Երևանը, նորմա՞լ է, որ բարձրահարկ շենքեր են կառուցում։

– Շենքերի բարձրության մասով նորմալ կամ աննորմալ չի կարելի ասել՝ երկուսն էլ կարող են գոյություն ունենալ։ Հարցն այն է, թե ինչպե՞ս են իրար հետ փոխհարաբերության մեջ։ Հիմա, եթե երկու հարկանի տների մոտ 30 հարկանի տուն ես սարքում՝ անհամաչափություն է։ Եթե բազմահարկ շենք պետք է կառուցես, ուրեմն իրենց համար պետք է միջավայր ստեղծես։ Մեր պարագայում դա պետք է լիներ պատմական քաղաքի սահմաններից դուրս, ոչ թե սահմանների մեջ։ Ասենք՝ Աջափնյակը։ Ինչո՞ւ այն ստեղծվեց սովետական տարիներին․ որովհետև տիպարային, միանման շենքեր պետք է կառուցվեին։ Նույնը Նոր Նորքի զանգվածի դեպքում։ Իսկ քաղաքի գեղեցկությունն այն ժամանակ այն էր, որ կրկնվող շենքեր չկային, ամեն մեկն իր յուրահատկությունն ուներ։ Բարձրահարկ շենքեր թող կառուցեն նշված տարածքներում, ու այդ ժամանակ ամեն ինչ ճիշտ կլինի․ և՛ այնտեղ կլինի սիրուն, և՛ այստեղ։

Եղել եք Գյումրիի գլխավոր ճարտարապետը, բնականաբար, շատ աշխատանքներ եք կատարել, որոնցից մեկը Կումայրի արգելոց-թանգարանի ձևավորումն է։ Գյումրեցիները նշում են, որ՝ պարոն Քալաշյանի շնորհիվ կարողացանք պահել քաղաքի կենտրոնը, բարձրահարկ ու այլ՝ արժեք չներկայացնող շենքեր չկառուցվեցին։ Ինչպե՞ս կարողացաք հասնել դրան:

– Շատ ուրախ եմ, որ նման հասկացողությունն ի վերջո կա՝ հին Գյումրին արժևորվում է, հնարավորինս խնամքով են վերաբերվում։ Չեմ ասում, որ ամեն ինչ կարգին է, այնտեղ էլ խաթարումներ լինում են, որը բողոքի մեծ ալիքներ է առաջացնում, և եթե անկեղծ լինեմ, մեծ մասամբ իմ հսկողության տակ է գտնվում՝ անկախ նրանից, այստեղ եմ, թե այնտեղ՝ ահազանգը միշտ գալիս է, թե՝ այ այստեղ մի բան է կատարվում։ Միջամտում եմ, շատ անգամ կարողանում եմ չեղյալ համարել որոշումները։ Կումայրին ստեղծվեց շատ պարզ պատճառով․ 1976թ․ երբ ինձ հրավիրեցին աշխատանքի, քաղաքաշինության ասպարեզում մեծ փորձառություն չունեի, դրա համար Երևանից կանչեցի համագործակցելու քաղաքաշինության ոլորտի իմ ընկերներից Ավետիք Միրիջանյանին։ Երկուսով սկսեցինք զբաղվել քաղաքաշինության խնդիրներով. դա գլխավոր ճարտարապետի պարտականությունն է։ Սովետական տարիներին 5-ամյա պլան գոյություն ուներ․ պլան էին կազմում, թե քանի գործարան, բնակելի տուն, փողոց պետք է սարքվի։

Բավարար չէր ծրագրի քանակը, ու աշխատում էին պայմաններ ստեղծել, որ դրանց էֆեկտիվությունը քանակային առումով մեծ լինի։ Տիպարային կառուցապատման մասին է խոսքը։ Գյումրիում դա արդեն սկսվել էր ու, երբ երկուսով նայեցինք, թե առաջիկա 5 տարում ի՞նչ պետք է արվի, տեսանք, որ քաղաքում էլ տարածք չի մնացել։ Հին տարածքներում ոչինչ չէին սարքում, որովհետև այդ դեպքում շենք պետք է իրացնեին, տիրոջը բնակարան տային, դա կստացվեր, որ նոր շենքերի էֆեկտը քչացավ։ Դրա հարմար չէր խրախուսվում հին ֆոնդը քանդել, ոչ թե, որ հուշարձան էին։ Այն ժամանակ հուշարձան հասկացողությունը կար, բայց այդ ազդեցությունը չուներ։

Մենք գիտեինք, որ պատմական մասն արժեք է ներկայացնում, և ոչ մի կերպ չի կարելի տիպարային շինարարությունը տեղափոխել քաղաքի կենտրոնական մաս ու, քանի այդ 5 տարին չի եկել, երկար մտածելուց հետո եկանք եզրակացության, որ միակ լուծումը նրան արգելոց-թանգարանի ռեժիմ տալն է, որը կունենա իր քաղաքաշինական կանոնադրությունը և ինչ-որ չափով կապահովվի դրա պահպանվածությունը։ Իմ բախտը բերեց, որ այն ժամանակ տեղի իշխանությունները՝ Երևանում և Գյումրիում, հասկանում էին հարցի կարևորությունը, օժանդակում էին ինձ։ Երեք տարվա ընթացքում ուսումնասիրելով նաև միջազգային փորձը՝ կազմեցինք կանոնադրություն, որն առանց որևէ խոչընդոտի կառավարությունը հաստատեց։ Պետք է ստեղծվեր տարածքի կառավարում, որը տնօրինությունն է։ Ճիշտ է, ինչ-որ չափով պետք է ենթարկվեր քաղաքապետին, կառավարությանը, բայց խոսքը պետք է լիներ վճռորոշ։ Ստեղծվեց տնօրինություն՝ մոտ 42 հաստիքով։

Այն տարիներին դա ֆանտաստիկա էր։ Քաղաքապետը միշտ ասում էր՝ այդքան հաստիք ո՞վ է տալու, մի հաստիք ավելացնելու համար դիմում ենք, չեն տալիս, պատասխանում էի, որ եթե այդքան հաստիք չլինի՝ Կումայրին չի աշխատի։ Թույլատրեցին։ Զուգահեռ ստեղծվեց ռեստավրացիոն արվեստանոց՝ շենքերի վերականգնման համար, և նախագծային արվեստանոց՝ կրկին վերականգնման գործերով զբաղվող։ Դրանք Երևանում գործող կազմակերպությունների մասնաճյուղերն էին։ Ամենադժվարը կադրերով համալրելն է, որովհետև Գյումրիում մասնագետներ չկային, հատ ու կենտ էին․ ընդամենը 4-5 ճարտարապետ էր աշխատում և այնքան էին լճացած, որ մի քիչ դժվարանում էին հասկանալ, թե այս ինչի՞ մասին է խոսքը։ Հարցը լուծելու համար դիմեցի Կառավարությանը և Պոլիտեխնիկական ինստիտուտին։

Այն ժամանակ ավարտողները պարտադիր պետք է ուղևորվեին մի տեղ։ Պահանջը մեծ չէր Հայաստանում, մեծ մասն ուղևորվում էր Ռուսաստան։ Ես, օրինակ, ավարտելուց հետո Ուրֆա քաղաքում որպես գլխավոր ճարտարապետ պետք է աշխատեի։ Բնականաբար, հրաժարվեցի, չգնացի, բայց երբ չես գնում, դիպլոմ չես ստանում։ Պատժի նման մի բան էր։ Գնացի Գյումրի, քաղաքապետարանում ընդունվեցի մի փոքր աշխատանքի, բայց մեկ տարի հետո քաղաքապետի աջակցությամբ դիպլոմս ստացա (Ծիծաղում է․- Ա․Կ)։ Այդպես սկսեցինք գործունեությունը, որն արագ էֆեկտ ունեցավ․ Ձիթողցյանների տուն-թանգարանը ստեղծվեց, Մերկուրովի թանգարանը, և այդ շղթան շարունակվում է մինչև հիմա։ Բայց այսօր այդ թանգարանը գոյություն չունի․ այն որպես կազմակերպչական մարմին՝ ավարտվեց երկրաշարժից հետո։ Ֆինանսավորման բաց եղավ, ամեն ինչ ուղղվեց աղետի գոտու վերականգնմանը, հիմնարկները լուծարվեցին։

Խոսեցիք երկրաշարժիցմինչ օրս տարբեր վարկածներ կանոմանք նշում են, որ դա սարքած էր, ոմանք էլ, որ սեյսմիկ վիճակը հաշվի չէին առել շենքեր կառուցելիս։ Իրականում ո՞րն էր պատճառը։

– Ինչ-որ տեղ ես էլ եմ կարծում, որ դա սարքած էր: Ու մենակ ես չեմ կարծում. այդպիսի կարծիք շրջանառվեց այն ժամանակ, և դա հիմնավորվում էր նրանով, որ երկրաշարժից մեկ օր առաջ Վանաձորից ռուսական զորախումբը գիշերով տեղափոխվում է ուրիշ տեղ: Պատահականությո՞ւն էր: Ավելին, Գյումրիում ռուսական զորամասին ինչ-որ հանձնարարություն կար, որ սպաները տնից կամ, չգիտեմ, ինչ-որ մի տեղից դուրս չգան: Ու առավոտ եղավ այն, ինչ եղավ: Մի տարբերակն այն էր, որ ինչ-որ մի տեղ ռումբ էին դրել և պայթեցրել էին, որպեսզի զսպեն մեր ցանկությունները՝ Ղարաբաղի, հազար ու մի բանի հետ կապված:

– Իսկ շինությունները նորմալ սարքա՞ծ են եղել:

– Սեյսմիկան այն ժամանակ երկրորդ պլան էր մղված, թեև Գյումրին 1926թ. ունեցավ երկրաշարժ, մեծ աղետ եղավ, որից հետո վերականգնման շրջան սկսվեց: Երբ 1976թ. Գյումրիում գլխավոր ճարտարապետ էի, քաղաքապետարանի քննարկման մեջ միշտ մի հարց կար. դոմիկների բնակիչներին բնակարան տալու ընթացքը ո՞նց է: Ես էլ ասում էի՝ այդ ի՞նչ դոմիկ է: Հետո պարզվեց, որ այդ դոմիկները 1926թ. երկրաշարժից հետո փայտից սարքած կառույցներն էին, որոնք կային 1976թ.-ին: Այսինքն, 50 տարի այդ բնակիչները տուն չունեին, բայց ոչ ոք չէր հիշում: Նույնը եղավ հիմա:

Դուք նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր համահեղինակն եք: ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը դիմել է Կենտկոմին, որպեսզի ստեղծեն առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված հայերի համար հուշակոթող, սակայն հիմքում Ցեղասպանության զոհերի համար հուշակոթող ստեղծելն էր: Ինչպե՞ս ընտրվեցիք Դուք և ճարտարապետ Թարխանյանը:

Այդ տարիներին մեր կառավարությունը և կառավարման սկզբունքները շատ բարձր մակարդակի վրա էին: Հայապահպանման խնդիրը, հայանպաստ գործունեությունը բոլորի մոտ կար: Այդ ժամանակ արգելված էր հեռուստատեսությամբ եկեղեցական երգեր կատարելը: Ավելին, ֆիլմերում կամ նույնիսկ հաղորդումների ժամանակ եթե եկեղեցի էր պետք ցույց տալ, ուրեմն խաչը չպետք է երևար: Այդ անհասկանալի զսպանակը կար դրված: 1964թ. Ճարտարպետների պալատում հերթական միջոցառումն էր, մենք էլ երիտասարդ անդամներից էինք, միշտ գնում, մասնակցում էինք համաժողովներին: Այդ օրը հանրահայտ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը վեր կացավ, թե՝ մի հայտարարություն եմ անելու, ու երկու նախադասություն ասաց. «Հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցն է, և մենք՝ ճարտարապետներս, պետք է անտարբեր չլինենք»: Ով հասկանում էր՝ հասկացավ, ով չէ, այդպես էլ չհասկացավ: Ես այդ չհասկացողներից մեկն էի: Երբևէ այդ թեմային չէի առնչվել:

Նույնը՝ Արթուր Թարխանյանը, ով այդ հայտարարությունից երկու շաբաթ անց նախագծային ինստիտուտի դուռը բացում է, թե՝ արի դուս, բան ունեմ խոսելու: Ինքը 4 տարի մեծ էր ինձանից, փորձ ուներ, ճանաչված էր, ասաց, թե տնօրենն ինձ առաջարկել է ցեղասպանության հուշարձանի էսքիզային նախագիծ մշակել՝ համաձա՞յն ես՝ միանաս: Ասացի՝ պատրաստ եմ: Մենք ճարտարապետական նույն մտածելակերպն ունեինք:

Մեկ շաբաթ հետո Անտոն Քոչինյանը մեզ կանչեց իր մոտ: Պարզվեց, որ ոչ միայն մեզ, այլև 3-4 ինստիտուտի ևս տվել են այդ հանձնարարությունը: Մտավորականների փոքրիկ խումբ էր հավաքված. ներկա էր Պարույր Սևակը, Հրաչյա Քոչարը: Քոչինյանն ասաց, որ երկու տարբերակ է քննարկվում. առաջինը մեծ այգի ստեղծելն է ու 1.5 միլիոն ծառ տնկելը, այսինքն՝ սգո այգի սարքելը, իսկ երկրորդը հուշարձան սարքելն է: Առաջինի դեպքում ասաց՝ գիտենք՝ ինչ պետք է անենք, բայց երկրորդի դեպքում չենք պատկերացնում, թե այդ ի՞նչ հուշարձան կարող է լինել, դրա համար կանչել ենք, որ էսքիզային տարբերակ ներկայացնեք, թե ո՞նց եք պատկերացնում հուշարձանը. մեկ ամիս ժամանակ ձեզ: Այդ մեկ ամսում մենք խելագարվեցինք. գրականություն ձեռք բերեցինք այստեղից-այնտեղից, հատկապես մի ռուսալեզու գիրք կար՝ «Геноцид армян в Османской империи», որի հեղինակը պատմաբան Ներսիսյանն էր, բոլոր փաստաթղթերն էին, թե ինչը ոնց է եղել: Մենք ուղղակի սարսափեցինք՝ դա կարդալով:

Ասում էինք՝ բոլորը ո՞նց ցույց տանք հուշարձանի մեջ, ի՞նչ կառուցենք, որ այդ ամբողջն արտահայտի: Մեկ ամիս անց բերեցինք, ներկայացրեցինք քննարկման: Պարզվեց, որ նրանք, ովքեր հրավիրված են, նույն պատկերն են բերել. տխուր, մռայլ: Քոչինյանն ասաց. արժեքավոր առաջարկություններ են, բայց միայն ողբերգությունն եք նշում, մինչդեռ մենք՝ Սովետական Հայաստանը, զարգանում է, կուզեինք, որ դա էլ երևար: Հետո եղավ մրցույթը, երկու ամիս տևեց, մինչև ժյուրին որոշում կայացրեց. մեզ համար լրիվ անակնկալ էր, որ նախագիծն անցավ, ու շփոթված անցանք գործի:

– Տեղյակ եմ, որ հուշարձանի համար քարեր գտնելը դժվար է եղել այդ ժամանակ:

4 ամսում պետք է աշխատանքային գծագրեր տայինք, որ սկսեն կառուցել: Հաստատվեց ու շինարարությունը սկսվեց: Բայց, երբ սկսվեց շինարարությունը՝ ասացին, որ այդ մասին մամուլում խոսք չպետք է գնա, ոչ ոք չպետք է իմանա՝ ինչ է սարքվում և որտեղ, չնայած Զարոբյանի միջոցով Մոսկվայի հետ համաձայնեցված է, բայց կարող է իրավիճակն այնպես փոխվի, որ մեզ արգելեն շարունակել: Դա ներքին կարգով էին մեզ ասել, որ սուս ու փուս սարքենք: Երբ հերթը հասավ քարերին՝ եկան հայտարարեցին, որ այդ չափի քար չեն կարող տրամադրել: Մենք ի սկզբանե պատկերացնում էինք, որ թեք մույթերն ամեն մեկը մեկ մեծ քարից պետք է լինի: Մտածում էինք՝ Հայաստանում այդ չափի 12 քար հնարավոր չէ չճարել: Պարզվեց՝ հնարավոր չէ: Մտածեցինք մի տարբերակ՝ 4 մասի բաժանեցինք, որ խաչի թելադրանք ունենա: Դա էլ հարցը չլուծեց: Պետք է ավելի փոքրացնեինք: Այդ ժամանակ Քաղաքաշինության նախարարն ասաց, թե՝ առաջարկում եմ բետոնից անենք: Ասի՝ ո՞նց թե բետոնից: Թե՝ բա, հա ի՞նչ կլինի, բետոնից սիրուն կսարքենք, կմշակենք, էս կանենք, էն կանենք:

Վեր կացա, ասացի՝ պարոն նախարար, այս կարգի հուշարձանը քարի երկրում առանց քարի ո՞նց կլինի անել: Պատասխանեց, թե՝ ճիշտ ես ասում, բայց բետոնի տարբերակը մշակեք: Հանձնարարությունը եղավ, զգացինք, որ կարող է լուծում ստանա որպես բետոն, ես շատ հուզվեցի ու մտածեցի, որ ինչ-որ մի ելք է պետք: Իմ ծանոթ շրջանակներում այն ժամանակ քարհանքերի հետ կապված հարցերում մի 2 հոգու գտա, որ ասեն՝ ի՞նչ չափի մեծ քար կարելի է գտնել:

Շատ կարճ ժամանակում պատասխան ստացա, որ նման քար մի հանքից կարելի է գտնել, որը Պեմզաշենում է: Գնացինք Պեմզաշեն, ասացին, որ մինչև 3 մետր երկարությամբ, մինչև 1 մետր բարձրությամբ, կես մետր լայնությամբ քարեր կարող են տալ, ասի՝ բավարար է: Նշեցին՝ քարերը տալու համար պետք է մեկ էքսկավատոր և մեկ բուլդոզեր, որովհետև ուսումնասիրված հանքը որ պետք է բացենք, այդ գործիքները չունենք:

Շինարարներն էլ չէին ուզում, որ բետոնից արվի, նրանք էլ էին շահագրգռված, որ քարից լինի: Ընդամենը երկու շաբաթ հետո քարերի առաջին խմբաքանակը՝ 10-12 մեծ քար, եկավ շինհրապարակ: Շինարարների միջոցով արագ տաշեցինք այդ քարերը և առաջին շարքը շարեցինք, որից հետո հաջորդ ժողովը եղավ։ Կանչեցին, ասացին, թե՝ ո՞ւր է բետոնի ձեր տարբերակը, պատասխանեցինք, որ չենք անում այդ տարբերակով, թե բա ո՞նց չեք անում, հանձնարարել ենք, ասի՝ չենք անում, որովհետև քարն արդեն ճարել ենք՝ հանքը գտել ենք, քարը բերել ենք, արդեն տաշած, դրած է։ Թե բա՝ ո՞նց թե տաշած, դրած է, չի կարող պատահել։ Ասի՝ վեր կացեք, գնանք տեղում նայենք։ Եկան, տեսան, զարմացան, իրար երես նայեցին, ասացին՝ շարունակեք։ Քարերը փրկեցին մեզ։

– Տարբեր կարծիքներ կան, թե ի՞նչ են խորհրդանշում քարերըոմանք ասում են՝ Արևմտյան Հայաստանի 12 նահանգներն են, իսկ հուշասյունը՝ Մասիսն ու Սիսը։ Իրականում ի՞նչ են խորհրդանշում։

– Ամեն շենք, որ սարքվում է, միշտ պիտակավորում է գտնվում, բայց այս շենքի դեպքում այդպես չեղավ։ Բայց ժողովրդի մեջ կա մի բան, որ ինչ-որ մի բանի պետք է նմանեցնի։ Տարածվեց երկու տարբերակ, որով թեք մույթերը համարվեցին այն նահանգները, որտեղ ցեղասպանություն է եղել, իսկ հուշասյունը, որը երկու կտորից էր, ասացին՝ սա Մեծ Հայքն է և ներկայիս Հայաստանը։ Հաջորդ տարբերակն այն էր, որ 12-ը ոչ թե նահանգներն են, այլ առաքյալները, իսկ հուշասյունը՝ Մասիսն ու Սիսը։ Մենք այդպես չէինք մտածել։ Խորհուրդը, ազդեցությունը, որ մարդ պետք է ունենա այնտեղ այցելելիս՝ տալիս էին իր ձևերը։ Ուղղակի կրակի վրա խոնարհված քարեր են, որոնք այդ կրակը շրջապատել են, պահում են, իսկ հատակն իջեցված է 2 մետր, որպեսզի մարդը, որն իջնում է այնտեղ՝ կրակի մոտ, լրիվ անջատվի հորիզոնից, միայն տեսնի քարերն ու կրակը։ Դրան գումարած՝ մեր հիմնական հաջողություններից մեկն այն էր, որ երաժշտությունը դրեցինք դրա հիմքում։ Առանց երաժշտության չի շահագործվում։ Երաժշտությունը մոգական ազդեցություն է թողնում։ Երբ կառուցվեց, ու Մոսկվայից մարդիկ էին եկել, հոդվածը հոդվածի հետևից տպում էին, թե երաժշտության ու ճարտարապետության նման սինթեզ մենք չենք տեսել, չնայած ասում են՝ ճարտարապետությունը քարացած երաժշտություն է, այստեղ ստացվեց այդպես, որ իրոք քարացած երաժշտություն է։

Նշվում է, որ միշտ շինհրապարակ են եկել Սևակը, Քոչարը, Շիրազը․․․

– Այո, միշտ գալիս էին։ Շինարարության հսկողը Կարեն Դեմիրճյանն էր, ով այդ տարիներին քաղկոմի քարտուղար էր և շաբաթը մեկ գալիս էր, հետաքրքրվում էր՝ ինչն է պակաս, ինչն է ավելի, և այլն։ Եթե մի խնդիր կար՝ անմիջապես հրահանգում էին, որ լուծեին, և այլն։ Քոչինյանն էլ էր գալիս, հարցնում էր՝ գործերը ո՞նց են, ասում էինք՝ լավ է, նա թե՝ շատ եք ուշացնում։ Շինարարությունը տևեց երկու տարի, սկսվեց 1965թ․, ավարտվեց 1967թ․ ու ամբողջ ընթացքում մամուլում չհրապարակվեց։ Քոչինյանն ասում էր՝ տղերք, մի քիչ արագացրեք, հանկարծ կարող է Մոսկվայից մեկը շվվոց տա և ստիպի դադարեցնել։ Իհարկե, գալիս էին նաև մտավորականները։ Ավելին, գալիս էին քաղաքացիներ՝ հատկապես սփյուռքահայեր, որոնք մասնակցում էին շինաշխատանքին։ Քարտաշները բոլորը, այսպես ասած՝ ախպար էին, շատ որակյալ։

Բոլորս մեր մասնագիտական գործունեության ընթացքում ունենում ենք հիասթափության կամ հակառակը, հպարտության պահեր։ Ե՞րբ եք որպես ճարտարապետ հիասթափվել ու ե՞րբ հպարտություն ապրել։

Անկեղծ ասած, գոհ եմ իմ կատարած աշխատանքներից․ շեշտեմ երկուսը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը և Կումայրի արգելոց-թանգարանը։ Շատ անգամ մտածել եմ՝ ճարտարապետները որ մի լավ բան սարքում են, ու գալիս իրենց նախագծած շենքի կողքով անցնում են, ի՞նչ են մտածում։ Երբ հերթը հասավ ինձ ու սկսեցի գալ, իմ նախագծած շենքի կողքով անցնել՝ անցնում եմ՝ որպես սովորական քաղաքացի։ Մտքովս առաջին հերթին չի անցնում, որ սա ես եմ նախագծել։ Ես գալիս եմ՝ որպես սրբոց տեղ, այդպես ասենք։ Հասկացա, որ ճարտարապետն իր նախագծով ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ այն չի ծնվել, իսկ դրանից հետո իր զգացմունքներն այդ շենքի վերաբերյալ վերանում են, սկսում է ուրիշ բանի մասին մտածել։ Իսկ հիասթափությունը․․․ զուտ բարոյահոգեբանական շատ է եղել։ Իմ կյանքի մեծ մասն անցել է այդ հիասթափության, պայքարի ուղիով, և այդ պայքարը սկսվեց երկրաշարժից հետո, երբ Գյումրիի վերականգնման ուղղությունը որոշվեց։

Երևաննախագիծն էր անում այն ժամանակ գլխավոր հատակագիծը և ռուսների՝ Ռիժկովի կազմի հետ միասին, որոշեցին, որ պետք է անել Մարմաշենի թաղամասերը, որոնք ամենաբերրի հողերն են, դրանցից լավ հող Հայաստանում գոյություն չուներ, և մեզ համար դա սրբություն էր։ Մինչ այդ, երբ մտածում էին, թե Գյումրին ինչպես պետք է զարգանա, եկանք որոշման, որ քաղաքը մեխանիկորեն զարգացման իր ռեզերվները սպառել է, չորս կողմը շրջապատված է գյուղատնտեսական հողերով և ընդարձակման տեղ չունի։ Միակ զարգացման հնարավորությունը սատելիտներ ստեղծելն է քաղաքի կողքը, և գտանք երկու տեղ, ուր գյուղատնտեսական նշանակությունը գրեթե զրո էր և դատարկ էր։ Մեկը Արևիկն էր, մյուսն էլ Գուսանագյուղի և Բենիամին գյուղի արանքում մեծ տարածք էր, որը անջրդի հող էր։ Ենթադրվում էր, որ ինչպես Աջափնյակն է, մի նման խոշոր տարածք կարվի՝ սպասարկման օբյեկտներով և այլն։ Քաղաքից 10 րոպե էր հեռավորությունը։ Դա էինք առաջ մղում, բայց չընդունեցին։ Ռուսները պատճառաբանեցին, որ սովոր չեն քարոտ տեղում աշխատել՝ առավել ևս, որ Գորբաչովը ընդամենը երկու տարի ժամկետ է տվել։ Ասում էին՝ երկու տարի մենակ փորելը կտևեր, ոնց հասցնենք, իսկ այնտեղ հեշտ է, մի վայրկյանում հիմքերը կդնենք։

Մենք էլ ասում էինք՝ ախր հողը․․․ նրանք, թե՝ ի՞նչ եք ցանում, մենք կրկնակի ձեզ կտանք։ Սկսեցի այդ հողերի դեմ պայքարը, բայց օգուտ չունեցավ։ Երբ հասավ այն պահը, երբ քաղաքապետն ինձ հանձնարարեց առաջին հողհատկացման առաջադրանքը կազմել և հաստատել՝ նայեցի երեսին ու ասացի՝ հենց հիմա դիմում եմ գրում և ազատվում եմ աշխատանքից, չեմ ուզում իմ մասնագիտության մեջ հանցավոր լինել։ Ես այդտեղ ազնիվ եղա։ Իմ կարծիքով՝ ճիշտ որոշում կայացրեցի, չմտա դրա մեջ, առավել ևս պարզվեց, որ այդտեղ բան էլ չսարքվեց։ Մի մասը սարքվեց, իսկ մնացած հողերը կորան, այսինքն, շինարարությունը դադարեց։ Դա աղետի նման մի բան էր։ Մինչև հիմա էլ նման խնդիրներ որ լինում են՝ արդեն ընտելացել եմ բողոքարկման գործերին՝ առանց վարանելու մտնում եմ այդ գործի մեջ, դիմում կառավարական բոլոր մարմիններին։

Կա՞ նախագիծ Ձեր մտքում, որ կուզեիք կյանքի կոչել։

– Շատ եմ ափսոսում, որ երկու նախագիծ կյանքի չկոչվեց։ Երկուսն էլ կապված են Գյումրիի հետ։ Երրորդն էլ կա՝ Գյումրիի գլխավոր հատակագիծը, որը մշակեցի և մինչև հիմա ընթացքի մեջ է։ Իսկ այն երկու նախագծերից մեկը վերաբերում էր աղետի գոտու գաղափարին, որի նախաձեռնողը քաղկոմի քարտուղարն էր, ով ՀԿ էր ստեղծել, ուզում էր ֆոնդ հավաքել և հուշարձան սարքել՝ ի հիշատակ աղետի գոտու զոհերի։ Մրցույթ հայտարարեց, մեր նախագիծն անցավ, բայց շատ եմ ափսոսում, որ գումար չհավաքելու արդյունքում մնաց կիսատ։ Երկրորդն էլ, ավելի ուշ, 2012թ․ Գյումրիում տեխնոպարկի ստեղծման գաղափարն էր․ հողամաս հատկացվեց, էսքիզային նախագիծ արեցինք, որը մեծ արձագանք ունեցավ։ Դեռ օրակարգում է, հույս ունեմ, որ նորից կներկայացնեմ, կկենդանացնեմ։

Նաև Շուշիի գլխավոր հատակագծի մշակումն եք արել։

– Այո՝ ավելին, օգտվելով Կումայրիի փորձից՝ Շուշին գենպլանով հայտարարեցինք արգելոց-թանգարան։ Մեկ-մեկ բոլոր շենքերն արձանագրել ենք, ցուցակը կազմել ենք։ Բայց դե․․․

Ամեն դեպքում քաղաքը մի օր վերադառնալու է իր տիրոջը։

– Հույս ունեմ, որ կարող է դեռ իր հնարավորությունները չի սպառել։

Տեսանյութեր

Լրահոս