Բաժիններ՝

«Ֆիլհարմոնիկը՝ մարզերում». 6 համերգ Լոռիում, Շիրակում և Սյունիքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ շարունակում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը:

Այն իրականացվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Ծրագրի նպատակն է մարզերում մշակութային կյանքի ակտիվացումը:

Այս եզակի նախաձեռնության շնորհիվ մարզային հանդիսատեսը հնարավորություն ունի ունկնդրելու դասական երաժշտության բարձրաճաշակ կատարումներ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Մարզային հյուրախաղերի ընթացքում նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա աշխարհահռչակ և հայ հանդիսատեսի կողմից սիրված ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։

Ծրագրում ընդգրկված են Ժան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի նախերգանքը, Էդուարդ Հարությունյանի «Վալսը» և հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից։

Համերգները կանցկացվեն ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի մի շարք քաղաքներում։ Նախատեսված է 6 համերգ հետևյալ ժամանակացույցով.

սեպտեմբերի 2-ին՝ Ստեփանավանի մշակույթի պալատում,

սեպտեմբերի 3-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում,

սեպտեմբերի 10-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում,

սեպտեմբերի 11-ին՝ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում

սեպտեմբերի 13-ին՝ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական թատրոնում,

սեպտեմբերի 14-ին՝ Սիսիանի Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնում:

Գորիսի և Սիսիանի համերգները կազմակերպվում են «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերության աջակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս