
Ռուս-վրացական սահմանից Ուկրաինայի 65 քաղաքացի վերադարձել է հայրենիք

Ռուսաստանից արտաքսված և վրացական «Դարիալի» անցակետում մնացած Ուկրաինայի 65 քաղաքացիներ վերադարձել են Ուկրաինա, հայտնել են Ուկրաինայի և Վրաստանի պետական մարմինները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարությամբ կազմակերպվել է ռուս-վրացական սահմանի բուֆերային գոտուց ուկրաինացի 65 քաղաքացիների վերադարձը հայրենիք։ Նրանց թվում կա 10 կին և 8 ծանր հիվանդ։ Բոլորը գտնվում էին վրացական «Դարիալի» անցակետում՝ Ռուսաստանի գործողությունների հետևանքով ստեղծված ճգնաժամի պայմաններում:
Ուկրաինացի դիվանագետներն ու հյուպատոսները բոլոր ջանքերը գործադրել են քաղաքացիներին վերադարձնելու և սահմանին նրանց գտնվելու պայմանները բարելավելու համար, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ», — սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
Նրա խոսքով՝ օգոստոսի 21-22-ին «համատեղ ջանքերի շնորհիվ» հնարավոր է եղել Վրաստանից Ուկրաինա վերադարձնել քաղաքացիների ևս մեկ մեծ խմբի Մոլդովայի միջոցով։