Արդեն ունենք օրինաչափություն՝ Ալիևն ինչ-որ մեկնարկ է տալիս պրոցեսի, որից հետո Նիկոլ Փաշինյանն այդ օրակարգը բերում է ներքին լսարան․ սահմանադրագետ

«Սա խորհրդանշական օր է ցանկացած հայի համար, որովհետև 35 տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 23-ին, մեր նախահայրերի պատգամով և կուռ կամքով հնարավորություն ստեղծվեց սերունդներին թողնելու Հայաստանի անկախ պետականությունը։ Ու այդքան երկար բացակայությունից հետո այդքան տենչալի անկախությանը մեր նախահայրերը կարողացան հասնել մեծագույն ջանքերի ու արյան գնով»,- Անկախության հռչակագրի 35-ամյա հոբելյանական տարեդարձի մասին իր արձանագրումներում այս մասին 168am-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը։

Գոհար Մելոյանը թեև չէր ծանոթացել Անկախության հռչակագրի մասին Նիկոլ Փաշինյանի վերջին ուղերձ-ակնարկին, սակայն նկատեց՝ այն ուղերձները, որոնք մինչ այս էլ արվել են Փաշինյանի կողմից հռչակագրի վերաբերյալ, կարմիր թելով իրենց միջով անցկացնում են մեր հիմնարար սկզբունքներից և համազգային նպատակներից հրաժարումը։ Մինչդեռ, ըստ նրա, վերջինս մեր պետականության ծագման հիմքում է ընկած։

«Անկախության հռչակագիրը  խաղարկման առարկա չի կարող հանդիսանալ․ անկախության հռչակագիրն անանց փաստաթուղթ է, որը ժամանակով ճկվող չէ, որովհետև հռչակագիր երևույթը, տերմինաբանական եզրութաբանական առումով էլ, երբ ուսումնասիրում ենք՝ այն հռչակագրում է, արձանագրում է իրողությունը։

Անկախության հռչակագիրը մեր պետության ծննդյան վկայականն է»,- շեշտեց սահմանադրագետը՝ ցավով արձանագրելով, որ այս իշխանության թեթև ձեռքով շատ արժեքներից հրաժարում է տեղի ունենում։

Կարդացեք նաև

«Թիրախում են մեր Անկախության հռչակագիրը, մեր Սահմանադրությունը, ու դա  պատահական չէ․ ուղղակիորեն պայմանավորված է թշնամու պահանջատիրությամբ, որը հանրային կերպով մեր հակառակորդը բարձրաձայնում է, և նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում «խաղաղության միտված» հռչակագիր ստորագրելուց անմիջապես հետո հակառակորդ պետության նախագահը հայտարարեց, թե հայկական կողմը դեռևս տնային աշխատանք չի կատարել՝ նոր Սահմանադրության ընդունմամբ։ Ինչին էլ հերթական անգամ հաջորդեց մեր երկրի ղեկավարի՝ թշնամի պետության ղեկավարի օրակարգի սպասարկումը։

Արդեն ունենք օրինաչափություն․ Իլհամ Ալիևն ինչ-որ մեկնարկ է տալիս պրոցեսի, դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանն այդ օրակարգը բերում է մեր ներքին լսարան և ջանք չի խնայում այդ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ»,- ամփոփեց մասնագետը՝ հույս հայտնելով, որ հանրությունը կունենա այնքան բանականություն ու այնքան կամք, որպեսզի կանխի թշնամու թելադրանքով սահմանված  նպատակների կյանքի կոչումը։

Տեսանյութեր

Լրահոս