Զելենսկին կրկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել ցանկացած ձևաչափով

Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին ևս մեկ անգամ հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ցանկացած ձևաչափով: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին հայտարարեց, որ Պուտինը պատրաստ է Զելենսկու հետ հանդիպման միայն այն դեպքում, եթե բարձրագույն մակարդակի հանդիպում պահանջող բոլոր հարցերը լավ մշակված լինեն: Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի դիրքորոշումը վկայում է, որ Կիևի ռեժիմն ուզում է խաթարել կարգավորման ուղղությամբ ամերիկյան ջանքերը, այնինչ Մոսկվան սերտորեն համագործակցում է Վաշինգտոնի հետ այդ ուղղությամբ՝ ճգնաժամի հիմնապատճառները վերացնելու համար:

«Հերթական անգամ հաստատել եմ, որ պատրաստ եմ Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպման ցանկացած ձևաչափով»,- գրել է Զելենսկին՝ միևնույն ժամանակ կրկին առանց ապացույցների մեղադրելով Ռուսաստանին գործընթացը ձգձգելու մեջ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը նախապատրաստվում է, որից հետո կարող է տեղի ունենալ նաև նրա մասնակցությամբ եռակողմ հանդիպում:

Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարեց, որ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում հանդես են եկել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակման օգտին: Այդ կապակցությամբ մասնավորապես քննարկվել է այն գաղափարը, որ պետք է ուսումնասիրել ուկրաինական և ռուսական կողմերի ավելի բարձր մակարդակի ներկայացուցիչների հանդիպման հնարավորությունը։

Տեսանյութեր

Լրահոս