«Չի բացառվում, որ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումով՝ Իրանի դեմ մեծ պատերազմ սկսվի». Հրանտ Միքայելյան
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն ասել է, թե պատահական չէ, որ վերջին շրջանում ՀՀ իշխանություններն ավելի շատ խոսում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, քան նրանց կարգավիճակի մասին. «Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան, պատրաստ է քննարկել և նրանց տրամադրել այն բոլոր իրավունքների երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի այլ քաղաքացիներ»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է նշանակում Լավրովի հայտարարությունը, որ Արցախի կարգավիճակի հարցը ոչ թե հետաձգվում է, այլ փակվո՞ւմ, այսինքն՝ խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը հօ՞դս է ցնդում:
Հարցադրմանն ի պատասխան՝ Միքայելյանն ասաց, որ Լավրովն արձանագրում է՝ Ռուսաստանն էլ չի պնդելու Արցախի կարգավիճակի մասին դրույթները. «Փաշինյանը դեռ մինչև պատերազմն ասել է, որ պետք է Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովվի, բացի այդ, նա ասում էր, որ իր կետից է սկսում բանակցությունները, ինչը հենց նրա մասին է, այսինքն՝ կարգավիճակից դեպի էթնիկ փոքրամասնություն շեղումը տեղի է ունեցել դեռ մինչև պատերազմը: Հիմա ուղղակի վավերացվում է: Շատ բաներ այն ժամանակ չէին բացահայտվել, հիմա ուղղակի պարզ է, որ այդ քաղաքականությունը Փաշինյանը սկսեց փոխել միանգամից: Ռուսաստանը հիմա փոխում է իր դիրքորոշումը, սրանով ձեռքերը լվանում է, ասում է՝ դուք հայերով չեք զբաղվում այդ խնդրով, մենք էլ չենք զբաղվելու: Հայաստանում շատերն ասում էին՝ Ղարաբաղի խնդիրը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև խնդիրն է, Ռուսաստանն ասում է՝ ոչ, դա Հայաստանի և Ադրբեջանի խնդիրն է, ոնց դուք լուծելու եք, մենք էլ վերջում վավերացնելու ենք, այդքան բան»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի բառերով ասած՝ Ռուսաստանը չկարողացա՞վ պաշտպանել իր դիրքորոշումը, նա պատասխանեց. «Եթե մենք Ռուսաստանից ակնկալենք, որ հայկական շահերը պաշտպանի, սխալ կլինենք, որովհետև այո, մի կողմից՝ Ռուսաստանը չուզեցավ կամ չկարողացավ պաշտպանել իր նախորդ դիրքորոշումը, բայց մեզ համար դա չպետք է լինի գլխավոր խնդիր: Ռուսաստանը չկարողացավ իր դիրքորոշումն ապահովել Խերսոն քաղաքում, դա նույնիսկ ամոթալի էր, բայդ դա իրենց խնդիրն է: Հիմա, մեր խնդիրը ո՞րն է, նայենք, վավերագրենք, թե ինչ է արել Ռուսաստա՞նը, թե՞ մեր խնդիրները լուծենք, թե՞ ակնկալենք, որ Ռուսաստանն է մեր խնդիրները լուծելու:
Հոգնեցինք ասելով, որ չի կարող ուրիշ երկրի վրա պատասխանատվություն լինի մեր ապագայի համար: Եթե նման մարդիկ կան, որոնք մտածում են, որ Ռուսաստանն է հայերի բոլոր հարցերը լուծելու, դա շատ թերի մտածելակերպ է, սխալ մոտեցում է: Երևի այդ մարդիկ ուզում էին ջրել Արցախի հարցը, որ եթե ստացվի, թող Ռուսաստանը հոգա, եթե ոչ, դե թող Ռուսաստանն էլ պատասխանատու լինի: Այս դեպքում հարց է ծագում, եթե իսկապես չստացվեց Արցախի հայերի իրավունքները պաշտպանել, այդ թվում՝ կարգավիճակի հարցում, մենք կարող ենք Ռուսաստանին մեղադրել, կարող ենք անվերջ խոսել, բայց փաստը մնում է փաստ, որ մենք չկարողացանք նրանց իրավունքները պահել: Միշտ Հայաստանն է եղել Արցախի երաշխավորը, հիմա եթե մենք Ռուսաստանին ենք երաշխավոր դարձնում, Լավրովն ասում է՝ ոչ»:
Ադրբեջանը Հայաստանի դեմ մեծ թափով գործի է դրել տեղեկատվական դիվերսիայի ավանդական գործիքները՝ ամենօրյա ռեժիմով հայկական կողմին մեղադրելով հրադադարի իբրև թե խախտումների մեջ, ապատեղեկատվություն տարածելով այն դեպքում, երբ ՀՀ սահմանամերձ գյուղերն ու դիրքերն են գտնվում թշնամու մշտական կրակոցների թիրախում:
Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է՝ սա վերաճի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, թե՞ Ադրբեջանին էլ դա ձեռնտու չէ այս փուլում:
«Կարող եմ միայն վարկածներ հնչեցնել և այն սկզբունքները, որոնց հիման վրա Ադրբեջանը կարող է տեսականորեն որոշում ընդունել. Սկզբունք մեկ՝ ի՞նչ գին է Բաքուն վճարելու, եթե նման որոշում ընդունի: Այստեղ տեսնում ենք, որ այդ գինն այդքան էլ բարձր չէ, որովհետև Ադրբեջանի համար Հայաստանի դեմ ագրեսիան շատ քիչ բան արժե: Այո, մի քանի դատապարտող հայտարարություններ կհնչեն, դիմադրություն կլինի, բայց այս պահին Ադրբեջանը չունի վտանգ, որ կարող է պարտվել: Երկրորդ՝ Ադրբեջանը չունի վտանգ, որ կարող է չիրականացնել իր քաղաքականությունը: Երրորդ՝ Ադրբեջանը չունի վտանգ, որ իր դեմ պատժամիջոցներ կկիրառվեն:
Իրանի միջամտությունը միակ գործոնն է, բայց տարբեր ձևերով սահմանափակվում է: Օրինակ՝ 1.5 ամիս առաջ Անկարայում հավաքվել են Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարները, ի՞նչ են քննարկել. Ես ենթադրում եմ, որ Իրանի դեմ իրենց քաղաքականությունը: Այսինքն՝ չի բացառվում, որ Հայաստանի վրա հարձակումով սկսվի Իրանի դեմ մեծ պատերազմ, որտեղ կներքաշվի Իրանը, և Ադրբեջանին պաշտպանելով՝ մի քանի երկիր կհարձակվեն Իրանի վրա: Սա զուտ վարկած է, բայց քանի որ մենք տեսնում ենք՝ Իրանի դեմ քաղաքականությունն ակտիվանում է, տարբեր ձևերով փորձում են Իսլամական Հանրապետությունը ոչնչացնել, պարզ է, որ Հայաստանն այստեղ խաղաքարտ է դառնում:
Ռուսաստանի ուղղությամբ ևս նման իրավիճակ է: Դրսի խաղացողներին հետաքրքրում է, թե որ կողմից կլինի Հայաստանը: Քանի Հայաստանը ռուսական ինտեգրման ալյանսներում է մնում, Հարավային Կովկասը չի կարող ամբողջությամբ պրոարևմտյան կամ պրոթուրքական լինել, որովհետև այստեղ դիվերսիֆիկացիա կա արտաքին ներկայության: Բայց եթե Հայաստանը դուրս է գալիս, ապա ստացվում է, որ այս տարածաշրջանը կարող է ամբողջությամբ անցնել Թուրքիայի վերահսկողության տակ, որովհետև այս պահի դրությամբ Հայաստանն է զսպում Թուրքիայի քաղաքականությունը: Եթե Հայաստանը հրաժարվում է այս դերից, որը Փաշինյանը փորձում է անել, այստեղ փոփոխություն է տեղի ունենում: Դրա համար մի կողմից՝ Հայաստանը երկրորդական դեր է խաղում, բայց Հայաստանի դիրքորոշումից ամեն դեպքում շատ բան է կախված»,- պարզաբանեց քաղաքագետը:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում