Պատերազմի օրերին Փաշինյանը պատրաստ էր նշաձողի իջեցման՝ առանց միջազգային հանրությանը հղման. ինչո՞ւ Շուշիի հարցում չունեցանք դա

2022թ. ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ նշաձողը։

Թե կոնկրետ ով էր միջազգային անվան տակ նման պահանջ դնողը, Փաշինյանը, բնականաբար, չէր մանրամասնել:

Ի դեպ, Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ հարցին՝ ով է այդ միջազգային հանրությունը, որը ստիպում է Նիկոլ Փաշինյանին Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնել՝ Ռուսաստա՞նը, Ամերիկա՞ն, Թուրքիա՞ն, Ադրբեջա՞նը, Մեծ Բրիտանիա՞ն, Ֆրանսիա՞ն, Եվրոպա՞ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը պարզաբանել էր.

Կարդացեք նաև

«Ելույթում հստակ ասվում էր՝ միջազգային հանրությունը մեզ ասում էր՝ ձեր նշաձողը եթե իջեցնեք, կունենաք միջազգային աջակցություն, կոնսոլիդացիա ձեր շուրջ, ձեր խնդրի, եթե չիջեցնեք՝ կներեք, մենք ձեզ չենք կարող օգնել: Ո՞վ է այդ միջազգային հանրությունը՝ առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն են, երկրորդ՝ Եվրոպական միության անդամ տարբեր պետություններ: Այսինքն, քաղաքակիրթ աշխարհը ասում է՝ ժողովուրդ ջան, անիրատեսական նպատակ եք դրել ձեր առաջ, 30 տարի զրկանքների միջով եք անցել, հիմա եկել է մի իրավիճակ… Հիմա կամ մենք փորձում ենք ինչ-որ ձևի վերաիմաստավորել մեր բանակցային պրոցեսը, և դա առաջարկվել է, խոսքը գնում է իրավունքներից դեպի կարգավիճակ, ոչ թե կարգավիճակից դեպի իրավունքներ, կամ շարունակում ենք այն, որ բաներ ենք ասել, որին մենակ մենք ենք հավատում»,– բացահայտել էր Մարուքյանը:

Ի՞նչ է ստացվում՝ այն, որ այսօր ՀՀ-ին Եվրոպայից, ԱՄՆ-ից պատրաստակամություն են հայտնում օգնել, կարո՞ղ ենք ասել, որ արդեն իջեցրել ենք Արցախի կարգավիճակի նշաձողը:

ՀՀ ընդդիմադիր քաղաքական դաշտում Փաշինյանի այս հայտարարությունը որակեցին սեփական մեղքը միջազգային հանրության վրա բարդելու փորձ:

168.am-ի հետ զրույցում էլ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն այդ ժամանակ վստահեցրել էր՝ Նիկոլ Փաշինյանը ստում է, ֆրանսիական կողմից ոչ մի ճնշում չկա:

«Մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող Ֆրանսիայից ոչ մի նման ճնշում չկա: Սրանով գուցե Փաշինյանը փորձում է արդարացնել իր արածը: Կրկնում եմ՝ Ֆրանսիայից ճնշում չկա»,- շեշտել էր նա:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը, բնականաբար, վրդովմունք էր առաջացրել նաև Արցախում, և այնտեղ գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդիպում էին պահանջել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Առաջարկն ընդունվել էր, իսկ հանդիպման ժամանակ Արցախի Հանրապետության ղեկավարը շեշտել էր՝ Արցախի իշխանությունները որևէ հանգամանքում չեն հրաժարվելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման պայքարի ճանապարհից:

Ի դեպ, 2022-ի հոկտեմբերի 17-ին Առաջին ալիքի հետ զրույցում ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, խոսելով Արցախի խնդրի արևմտյան տեսլականից, առաջարկներից՝ նշել էր․ 

«Ադրբեջանը, Ռուսաստանը, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության մյուս երկրները պետք է հասկանան, որ Խորհրդային Միության ժամանակ կային ինքնավար մարզեր: Խոսքը միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, բազմաթիվ էին դրանք՝ Ռուսաստանի կամ Խորհրդային միության ծայրամասային հատվածներում: Նրանք կարգավիճակ են ունեցել Խորհրդային Միության սահմանադրությամբ: Այո, Ադրբեջանը հանրապետություն էր, բայց Լեռնային Ղարաբաղն ինքնավար մարզ էր: Եվ դա պետք է շարունակվի։ Այսինքն, Ադրբեջանը, որպես խաղաղության պայմանագրի մասնակից, պետք է հասկանա՝ Արցախն ունի կարգավիճակ և պետք է նրան որոշակի ինքնավար կարգավիճակ տա՝ այնտեղ հայկական մշակույթի ու մարդկանց պահպանման նպատակով, և սա համաձայնագրի տիրույթում»:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը 2022-ի ապրիլի 13-ին նկատի ուներ ԱՄՆ-ին: Գուցե՝ այո, գուցե՝ ոչ:

Պատերազմի օրերին Փաշինյանի՝ նշաձողի իջեցման պատրաստակամությունը և Շուշիի հարցում դրա չկիրառումը

Մի բան փաստ է՝ Նիկոլ Փաշինյանը Արցախի խնդրի կարգավորման համատեքստում ոչ մեկ անգամ է խոսել նշաձողի իջեցումից՝ առանց միջազգային հանրությանը հղման:

44-օրյա պատերազմի օրերին երկրի ղեկավարության քաղաքական հայտարարությունների գրառումների ուսումնասիրությունների շրջանակում, մասնավորապես, արձանագրում ենք ասվածի ապացույցը 2020-ի նոյեմբերի 1-ին Al Jazeera-ին տված հարցազրույցում:

«Al Jazeera – Դուք ասել եք, որ պատրաստ եք ցավոտ փոխզիջումների: Ինչի՞ մասին է խոսքը:

 Նիկոլ Փաշինյան – Ես 2 օր առաջ (հոկտեմբերի 26-ին) ասել եմ, որ Հայաստանը, այո, պատրաստ է փոխզիջումների: Փոխզիջումը միշտ էլ ցավոտ է: Բայց դա է ամբողջ խնդիրը՝ ինչ է նշանակում փոխզիջում: Փոխզիջում նշանակում է՝ քո դրած նշաձողից որոշակիորեն նահանջելու պատրաստակամություն, այսինքն՝ քո դրած նշաձողը ցածրացնելու պատրաստակամություն: Հենց ամբողջ խնդիրն այն է, որ երբ Հայաստանը համաձայնվում է ցածրացնել այդ նշաձողը՝ ընդունելի դաշտ ձևավորելու համար, այս նոր նշաձողն արդեն անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և նա պահանջում է ավելին:

Al Jazeera – Ի՞նչ նշաձող նկատի ունեք:

Նիկոլ Փաշինյան – Ընդ որում՝ սա նորություն չէ, սա երկար տարիների շարունակական քաղաքականություն է: Ես Ձեզ կարող եմ բերել հետևյալ օրինակը. 2011 թվականին Կազանում տեղի ունեցածը, կարծում եմ, ամենաշատն է ցույց տալիս իմ նշած օրինակը: Ես արդեն ասացի, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը: Եվ, ըստ էության, դա այն նշաձողն է, որ Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը և հայ ժողովուրդը դնում են: 2011 թվականին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը համաձայնվել էր, որպեսզի տարածքները հանձնի Ադրբեջանին: Եվ այդ համաձայնության համատեքստում Լեռնային Ղարաբաղը ստանա միջանկյալ կարգավիճակ, որպեսզի հետագայում Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ փախստականների վերադարձից հետո, հանրաքվե տեղի ունենա, և այդ հանրաքվեով որոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը:

Al Jazeera Դուք խոսում եք փախստականների վերադարձի մասին՝ միայն Ադրբեջանի՞ց, թե՞ Հայաստանից, Ադրբեջանից:

Նիկոլ Փաշինյան – Խոսում ենք Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և ընդհանրապես հակամարտության գոտու փախստականների վերադարձի մասին: Եվ սա բավական լուրջ նշաձողի իջեցում է: Այս նշաձողի իջեցման արդյունքում ձևավորվել էր փաստաթուղթ, որը, ըստ էության, համաձայնեցված էր արդեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Բայց Ադրբեջանը վերջին պահին հրաժարվեց ընդունել այս փաստաթուղթը: Եվ այս պրոցեսը ցույց է տալիս, թե ինչու հարցը չի կարգավորվել: Որովհետև ամեն անգամ, երբ հայկական կողմը որոշակի ճկունություն է ցուցաբերում և նույնիսկ մի փոքր զիջում է իր դիրքերից, դա արդեն անընդունելի է դառնում Ադրբեջանի համար»:

Այստեղից հարց՝ եթե Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր նշաձողի իջեցմանը, այդ թվում, իր խոսքերով՝ նախկինների սահմանած՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և ընդհանրապես հակամարտության գոտու փախստականների վերադարձի առումով, ինչո՞ւ մերժեց 2020-ի հոկտեմբերի 19-ի ՌԴ նախագահ Պուտինի առաջարկը՝ գնալ պատերազմի դադարեցմանը՝ համաձայնելով փախստականների վերադարձին Շուշի, որը մնալու էր հայկական հսկողության տակ:

«Ինձ հաջողվել էր համոզել նախագահ Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, բայց նրա կողմից պարտադիր պայման էր փախստականների վերադարձը, այդ թվում՝ Շուշի քաղաք։ Ինձ համար անսպասելի մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես էր ձևակերպվել, որ նրանց համար դա անընդունելի է, և վարչապետ Փաշինյանն ինձ ուղիղ ասել էր, որ դրանում սպառնալիք է տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի շահերին։ Հիմա էլ հասկանալի չէ, թե որն է այդ սպառնալիքը՝ հաշվի առնելով, որ նախատեսվում էր խաղաղ բնակիչների վերադարձ՝ պահպանելով հայկական վերահսկողությունը Ղարաբաղի այդ հատվածում, ներառյալ Շուշին՝ հաշվի առնելով մեր խաղաղապահների առկայությունը»,- հայտարարել էր ՌԴ ղեկավարը:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ Շուշիի մասով հաստատել էր Պուտինի ասածը:

«ՌԴ նախագահը պայմանավորվածության համաձայն՝ զանգեց: Ասաց, որ Ալիևը համաձայն է, բայց խաղաղապահները ոչ թե ԼՂԻՄ սահմաններով պետք է տեղակայվեն, այլ, քանի որ Հադրութն ու Թալիշն իրենց հսկողության տակ են, ադրբեջանցիները համաձայն չեն այդ բնագծերից ետ գնալ, և նախկին ԼՂԻՄ տարածքում պետք է խաղաղապահներ տեղակայվեն ըստ փաստացի շփման գծի:

Նաև՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետև ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչո՞ւ եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս՝ ասաց, որ տրամաբանական է, և ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, ովքեր պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը: Համոզված եմ, որ եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհն իրենց հսկողության տակ պիտի լինի»,- գրել էր Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն այստեղ մոռանում է կամ չի ցանկանում անդրադառնալ քաղաքի հայաթափմանը և դրա մեթոդներին, և որ, օրինակ, 1886-ին Շուշիի բնակչության մոտ 57-ը տոկոսը հայեր էին: Սա այլ առիթով մանրամասն քննարկման թեմա է:

Նաև այս պատմական վիճակագրությունը և Շուշին դժբախտ և դժգույն քաղաք համարող Նիկոլ Փաշինյանի կողմից դրա անտեսումը հաշվի առնելով՝ պետք է նշել՝ գերագույն հրամանատարի՝ պատերազմի օրերին Շուշիի հարցում, այսպես ասած, նշաձողի իջեցման չգնալու արդարացումը թույլ է և անթույլատրելի, հատկապես, երբ օրեր հետո Շուշին հանձնվեց, կամ կորցրեցինք նաև սուբյեկտիվ պատճառներով, որի մեղավորությունը պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը տարբեր մարդկանց «գրպանը» փորձեց գցել:

Իսկ փախստականների վերադարձի հարցն ավելի ուշ ամրագրվեց 2020-ի նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ համաձայնագրի մեջ:

Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության 7-րդ կետում նշվում է.

«Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»:

(Внутренне перемещенные лица и беженцы возвращаются на территорию Нагорного Карабаха и прилегающие районы под контролем Управления Верховного Комиссара ООН по делам беженцев.)

168.amգրել էր ներքին տեղահանված անձանց հիշատակման ռիսկերի մասին: Այսինքն, վաղն այս համատեքստում խոսվելու է ՀՀ տարածք ադրբեջանցիների վերադարձի մասին:

Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանից դուրս

Ինչ վերաբերում է Կազանի փաստաթղթին, ապա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել էր այս փաստաթղթին՝ նշելով, որ այն ենթադրում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ Ադրբեջանից դուրս:

«Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս։ Նորից եմ ասում՝ դեն շպրտեք ձեր գլխից, թե ինչ էինք մենք տալու, դուք մտածեք այն մասին, թե ինչ էինք ունենալու: Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որը ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։ Դա մեզ հնարավորություն էր տալիս շատ հանգիստ գնալ խնդրի լուծման, այո, փոխզիջումների միջոցով։

Բացի դրանից, մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ, որը, ինչպես և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ համանախագահները որակում էին որպես «այսօրվա իրողություն պլյուս»։ Ահա այդ միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության յոթ երաշխիք, որոնցից առաջին կետը հետևյալն էր՝ ԼՂ անվտանգությունն ապահովում են ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, որ ՀՀ-ն պաշտոնապես հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը, որ ԼՂ-ի գործադիր և օրենսդիր մարմինների ընտրությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, որ ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում է, այսպես ասած, ճանաչված միջազգային հանրության կողմից, խաղաղապահների մասնակցություն և այլն»,- ասել էր Սերժ Սարգսյանը և անդրադառնալով ՀՀ-ի հետ ցամաքային հուսալի կապին՝ հավելել.

«Եվ ԼՂ-ն իրավունք էր ստանում, խնդրում եմ՝ ուշադրությամբ լսեք, անդամակցել միջազգային այն կառույցներին, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման չէր պլյուսը դա էր։ Եվ մինչև ԼՂ անկախության օրը՝ մինչ հանրաքվեի օրը մենք ունենում էինք մեր վերահսկողության տակ Լաչին և Քելբաջար շրջանները»:

Սերժ Սարգսյանը շարունակել էր՝ այդտեղ ցամաքային սահմանի կամ միջանցքի մասին խոսք չկար։

«Ընտրվում էր 4 կոմիտե, այդ կոմիտեներից մեկն զբաղվում էր հանրաքվեով, մյուսն զբաղվում էր Քարվաճառից մեր բնակչության, հայկական բնակչության տարհանման, ադրբեջանցիների գալով, բայց դա երբեք չէր հանձնվում Ադրբեջանի վերահսկողության տակ, և դրանք փոխկապակցված էին։ Որքանով առաջ էր գնում հանրաքվեի գաղափարը, որքանով օրը մոտենում էր, զուգահեռաբար նաև այս խնդիրն էր լուծվում»,- մանրամասնել էր Սերժ Սարգսյանը և հարցին՝ վերադարձող ադրբեջանցիները չէի՞ն մասնակցելու հանրաքվեին, պատասխանել էր՝ իհարկե, ոչ:

Տեր-Պետրոսյանի «ինքնավարության ամենաբարձր հնարավոր աստիճանը»

Արցախի կարգավիճակի համատեքստում նշենք, որ 168.amգաղտնազերծված փաստաթղթեր էր հրապարակել, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում է Արցախի՝ «ինքնավարության ամենաբարձր հնարավոր աստիճանի» մասին:

Փաստաթղթերից մեկում՝ թվագրված՝ 1996 թվական, անդրադարձ է կատարվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԱՄՆ փոխքարտուղար Սթրոբ Թելբոթի և ԱՄՆ Ազգային Անվտանգության տեղակալի խորհրդատու Բերգերի հետ ունեցած հանդիպումներին:

Փաստաթղթում ասվում է, որ ըստ Բերգերի՝ «լիարժեք ինքնավարության» և «ամուր ինքնակառավարման» հասկացությունները պետք է մանրամասնվեն այնպես, որ դրանք համապատասխանեն երկու կողմերի պահանջներին։

«Որպեսզի սկզբունքների հայտարարությունն իրականություն դառնա, այն պետք է բազմակողմանի լինի։ Պարտադիր չէ, որ ամեն մանրամասնություն տրամադրվի, սակայն բոլոր հիմնական մտքերը պետք է բավարար մանրամասնությամբ ներկայացվեն, որ կողմերից յուրաքանչյուրին վստահություն ներշնչեն, որ իրենց շահերը պաշտպանված են,- նշվում է փաստաթղթի շարունակության մեջ և հավելվում,- Ի դեպ, նշված է, որ Տեր-Պետրոսյանն ասել է, թե խնդիր չի լինի տարածքային ամբողջականությունը և Լաչինի հարցը հետագա հանդիպումներում քննարկելու հարցում, եթե ամերիկացիները կարողանան կոնֆիդենցիալությունը երաշխավորել:

Ավելին, երբ ԱՄՆ փոխքարտուղարն ասել է, թե իրենք ցանկանում են Ադրբեջանից հստակ բացատրություն ստանալ, թե ինչ ասել է ինքնավարության մաքսիմում աստիճան, Տեր-Պետրոսյանն արձագանքել է. «Ինքնավարության ամենաբարձր հնարավոր աստիճանը»»:

Հավելենք, որ պատերազմի ընթացքում՝ 2020-ի հոկտեմբերի 19-ին, Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե պատերազմը ԼՂ կարգավիճակի համար է:

Իսկ 2020-ի նոյեմբերի 1-ին Al Jazeera-ին տված հարցազրույցում չնայած տարածքային լրջագույն կորուստների՝ «հաղթելու ենք» տրամաբանության մեջ պնդում էր.

«Ադրբեջանի իշխանությունները այնքան են հաղթական ինֆորմացիայով սնել իրենց հանրությանը, որ նրանք ամեն օր, արդեն երկար ժամանակ սպասում են, որ, վերջ, պատերազմն ավարտվելու է իրենց վերջնական հաղթանակով։ Եվ նրանք սպասում են այդ լուրին: Ես ցանկանում եմ ասել՝ իրենք այդ լուրը չեն ստանալու, այդ լուրը չեն ստանալու: Եվ նրանք ավելի ու ավելի են խրվելու այնքան ժամանակ, մինչև չճանաչեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման լեգիտիմ իրավունքը, և մինչև կառուցողական դաշտում մենք բոլորով դիվանագիտական լուծմանը հասնելու անկեղծ ջանքեր չգործադրենք»:

Պատերազմը ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով, իսկ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ոչինչ չի անում, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, ավելին, փորձում է արդարացումներ գտնել՝ մեղքը գցելով նախկինների վրա:

Մինչդեռ 2016-ին Ալիևն ինքը խոստովանել էր՝ «փակ դռների հետևում մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Ի դեպ, 2020-ի հոկտեմբերի 26-ին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ նշել էր՝ «Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ՝ առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա»:

Եվ սա գիտակցելով՝ հրաժարվել Շուշին ֆիզիկապես վերահսկելու հնարավորությունից՝ պատճառաբանելով, թե ունենալու ենք ադրբեջանցիների մեծաքանակ վերադարձ, ինչ է՝ անմտությո՞ւն, թե՞…, երբ դեռ հարց է՝ կունենայի՞նք այդ վերադարձը:

Եվ հետո պարադոքս է ստացվում՝ Շուշիի հարցում Նիկոլ Փաշինյանը չի առաջնորդվել, իր խոսքերով, նախկիններից ժառանգած ցածրացված նշաձողով՝ փախստականների վերադարձ, բայց պատերազմում կորուստների համար մեղադրում է նախկիններին:

Իսկ, առհասարակ, նշաձողն իջեցնում են, երբ դիմացինդ ևս պատրաստ է դրան, հակառակ դեպքում՝ դա ոչ թե փոխզիջում է, այլ զիջում:

Նիկոլ Փաշինյանի դեպքում հիմնականում գործ ունենք զիջման հետ՝ կամավոր կերպով որևէ բանից հրաժարվել՝ հօգուտ մեկ ուրիշի:

Հ.Գ. Սոչիում Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպում է հոկտեմբերի 31-ին, ճիշտ նույն օրը, երբ 2 տարի առաջ նամակ էր գրել Պուտինին՝ աջակցություն խնդրելով, քանի որ մարտական գործողությունները Հայաստանի Հանրապետության սահմանին էին մոտենում:

«Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանն իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»,- մասնավորապես նշված էր Փաշինյանի՝ Պուտինին ուղղված նամակում:

Թե որքանով էր այն սկիզբ դրել ինչ-որ գործընթացի կամ արձագանք գտել, հատկապես, գործնական, այլ առիթի թեմա է:

Տեսանյութեր

Լրահոս