«Նիկոլ Փաշինյանը ստում է. Ֆրանսիայի կողմից ոչ մի ճնշում չկա». Մուրադ Փափազյան

«Արդյոք կա՞ մեկ հայ աշխարհի վրա, որ համաձայն է Արցախը վերադարձնել Ադրբեջանին: Կա՞ մեկ հայ, որ համաձայն է Նիկոլ Փաշինյանի այս որոշման հետ: Մենք խստորեն դատապարտում ենք Փաշինյանի այս որոշումը: Փաշինյանն իրավունք չունի Արցախին պարտադրել թշնամու լծի տակ ապրել: Հիշեցնենք, որ դա ինքն է որոշել Ալիևի հետ: Եվ այս որոշումը նշանակում է՝ Արցախի ժողովուրդը լուրջ վտանգի տակ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ հավելելով, որ Արցախի շուրջ միասնականությունը, ի վերջո, Հայաստանին ի նպաստ կեցվածք է, որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Ալիևի և Էրդողանի նպատակն Արցախը չէ միայն, այլ Հայաստանը:

«Արցախից հետո Հայաստանի հերթն է գալու, քանի որ գիտեն՝ Հայաստանը պաշտպանված չէ պատշաճ: Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելն է, որը նշանակում է՝ և՛ դիվանագիտական, և՛ առևտրային հարաբերությունների վերականգնում: Այսինքն, սա ենթադրում է, որ տնտեսապես Թուրքիան հաստատվելու է Հայաստանում՝ իր ընկերություններով, ավելին, գնելու է հայկական ընկերություններ, որպեսզի Հայաստանի ժողովուրդը աշխատի թուրքերի համար և կապված լինի Թուրքիայի հետ, կամ կախվածության մեջ լինի Թուրքիայից: Այլ կերպ ասած՝ մի կողմից՝ Ադրբեջանի լծի տակ, մյուս կողմից՝ Թուրքիայի: Սա՞ է Փաշինյանի խոստացած ապագան հայ ժողովրդի համար: Մենք դեմ ենք և կոչ ենք անում համայն հայությանը, որ մերժեն և դատապարտեն Նիկոլ Փաշինյանին»,- շարունակեց Մուրադ Փափազյանը:

Ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե՝ «միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը ստում է:

«Մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող Ֆրանսիայից ոչ մի նման ճնշում չկա: Սրանով գուցե Փաշինյանը փորձում է արդարացնել իր արածը: Կրկնում եմ՝ Ֆրանսիայից ճնշում չկա»,- ընդգծեց Մուրադ Փափազյանը:

Այս համատեքստում նա հիշեցրեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զարմացել էր, որ պատերազմի օրերին Փաշինյանն իր հետ կապ չէր հաստատում, և դրա նախաձեռնողը միշտ ինքն էր: Այսինքն, միշտ Ֆրանսիայի նախագահն էր հեռագրեր ուղարկում կամ հեռաձայնում Փաշինյանին, և Փաշինյանը միշտ պատասխանողի դերում էր, երբեք նախաձեռնությունն իր ձեռքը չի վերցրել և գրել ու տեղեկություն տրամադրել Ֆրանսիայի նախագահին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից առաջ և հետո: Մինչդեռ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է և աշխարհի հզոր պետություններից մեկը:

«Փաշինյանը պատերազմի ընթացքում Մակրոնին միշտ ասում էր, որ ամեն ինչ նորմալ է ընթանում: Եվ երբ մենք պահանջում էինք, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, մեզ պատասխանում էին՝ ինչպե՞ս ճանաչեն, երբ ինքը՝ Հայաստանը, չի ճանաչել: Մակրոնը զարմանում էր, որ մենք ավելի պահանջատեր ենք, քան Փաշինյանը»,- շեշտեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Մուրադ Փափազյանը հարկ համարեց հիշատակել 2018-ի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Փաշինյանի արած հայտարարությունը Արցախի հարցի կարգավորման հետ կապված, որտեղ, մասնավորապես, ասվում էր.

«Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե՞ չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»:

«Թող իր խոսքին տեր կանգնի: Թող հավաքի ժողովրդին, որպեսզի նրանք որոշեն: Հայտարարված էր նաև, որ ինքն Արցախի ժողովրդի կողմից ընտրված չէ, և այս պատճառով չի կարող նրանց ճակատագիրը որոշել: Ուրեմն թող հիմա լռի»,- եզրափակեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

Տեսանյութեր

Լրահոս