Մեզ պետք է առաջնորդ և օրակարգ. երկուսն էլ բացակայում են. Վահան Բաբայան

Հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստով ԱԺ բոլոր խմբակցությունների կողմ քվեարկությամբ ընդունեց հայտարարություն, որով կոչ արեց Հայաստանի իշխանություններին՝ չհրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի իր առաքելությունից։

Հայտարարությամբ Արցախը նաև դիմեց Ռուսաստանին՝ խնդրելով Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակել:

«Այն ամրապնդելու նպատակով առաջարկում ենք, հաշվի առնելով Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական իրական վտանգները, ներդնել քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ»,- նշված է ընդունված հայտարարության մեջ, որն Արցախի ԱԺ պատգամավորը կարդաց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի 40 հազարանոց ցույցի ժամանակ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը երեկ Արցախում ընդունված հայտարարությունից դժգոհող հայաստանյան արևմտամետ շրջանակներին կոչ արեց ինքնախաբեությամբ չզբաղվել ու առերեսվել իրականությանը՝ տեսնելով՝ գետնի վրա Արցախում կանգնած է ռուսական և ոչ թե՝ ամերիկյան զորքը։

Կարդացեք նաև

«Իրականում հիմա Հայաստանը չէ, որն ապահովում է Արցախի անվտանգությունը, ՔՊ-ականները բացեիբաց ձեռքերը լվացել են Արցախից, ուստի բնական է, որ Արցախի սպասելիքը հիմնականում Ռուսաստանից է»,- ասաց Բաբայանը՝ ընդգծելով՝ այս ամենի այլընտրանքն արցախցիների ցեղասպանությունն է։

Ըստ Բաբայանի՝ ինչ փաստաթուղթ էլ ստորագրվի, եթե չլինի գերտերության երաշխավորություն, այդ փաստաթղթի որևէ կետ գետնի վրա իրականություն չի կարող դառնալ, ուստի, եթե հիմա Ռուսաստանը չստանձնեց Հայաստանի պաշտպանի դերը, կնքված որևէ փաստաթուղթ կյանք չի ունենալու, որքան էլ Հայաստանից և Արցախից հայտարարություններ և կոչեր հնչեն։

Բաբայանի փոխանցմամբ՝ աներկբա է՝ ստեղծված իրավիճակում շատ կարևոր է մեր հայրենակիցների համախմբումը հայկական երկու պետությունների շահի շուրջ, բայց իր համար անհասկանալի է, եթե Փաշինյանը ստորագրի ռուսական տարբերակները, որոնք Արցախի հարցի համար հայանպաստ պատուհան են բացում, այդ դեպքում ի՞նչ է պահանջելու ընդդիմությունը՝ նոյեմբերի 5-ին հայտարարված հանրահավաքի ժամանակ։

«Ամեն օր ասվում է՝ ժողովուրդ, սա բոլորի պայքարն է, եկեք հանրահավաքի. բայց էդպիսի քաղաքական հաղթանակ ո՞ր երկրում եք տեսել, ո՞ր երկրում է այդպես իշխանություն փոխվել, չէ՞ որ իշխանափոխության համար պետք է ընդամենը երկու բան՝ առաջնորդ և քաղաքական օրակարգ. երկուսն էլ բացակայում են»,- ասաց Բաբայանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս