Մոսկվան և Թեհրանը գիտակցում են՝ իրենց դեմ ուղղված ցանկացած գործողություն ունի մեկ ընդհանուր արմատ. Խրամչիխին

Իրան-Ուկրաինա հարաբերությունները վերջին ժամերին կտրուկ սրվել են՝ մինչև անգամ հանգեցնելով նրան, որ Իրանը սպառնում է, որ ռազմական պատասխան է հասցնելու Ուկրաինային:

Օրերս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ ուկրաինական ուժերը Կասպից ծովում հարվածել են Իրանից Ռուսաստան ռազմական բեռներ տեղափոխող նավերին, ինչպես նաև ռուսական ռազմանավին։ «Մենք շատ լավ արդյունքներ ունենք Կասպից ծովում հեռահար հարվածներից։ Դրանք նավեր էին, որոնք մասնակցում էին Իրանից ռազմական բեռներ տեղափոխելուն, և մեկ ռազմանավ»,- տելեգրաման իր ալիքում գրել էր Զելենսկին։

Հուլիսի 25-ին Իրանի ԱԳՆ-ն էլ հայտնեց, որ Ուկրաինան հարված է հասցրել Կասպից ծովում գտնվող իրանական առևտրային նավին, ինչի հետևանքով անձնակազմի անդամներից մեկը զոհվել է։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով՝ Կիևն այդ քայլին դիմել է Իսրայելի հրահանգով՝ Եվրոպային Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։

Ինչպես հայտնում է իրանական պետական IRNA գործակալությունը, Թեհրանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ իրանական կողմն իր բողոքն է հայտնել, ինչպես Թեհրանն է բնութագրում, «թշնամական և հանցավոր» հարձակման առթիվ։

Կարդացեք նաև

Իրանի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն դատապարտել է «ուկրաինական ռեժիմի» գրոհը Կասպից ծովում իրանական առևտրանավի դեմ։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը դա գնահատել է որպես Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում և ագրեսիայի ակտի օրինակ, որը կարող է էլ ավելի բորբոքել պատերազմի կրակը։

Ընդգծելով, որ Իրանը երբեք չի միջամտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդի, եվրոպական երկրների և ՄԱԿ բոլոր անդամների ուշադրությունն է հրավիրել այն ակնհայտ փաստի վրա, որ ուկրաինական ռեժիմը, հարձակվելով իրանական առևտրանավի վրա, ոչ միայն կատարել է միջազգային իրավախախտում, այլև վտանգավոր կերպով ձգտում է բորբոքել պատերազմի և անկայունության կրակը։

«Ցանկացած կողմ, որը մտահոգված է Արևելյան Եվրոպայում և կից տարածաշրջաններում խաղաղությամբ և անվտանգությամբ, պետք է պատասխանատու դիրքորոշում որդեգրի ուկրաինական ռեժիմի այս վտանգավոր գործողությունների նկատմամբ և ուկրաինական կառավարությանը պատասխանատվության ենթարկի հանցավոր և սադրիչ գործողությունների համար։

Իրանն առանց վարանելու կպաշտպանի իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին, հատկապես՝ ինքնապաշտպանության սկզբունքին համապատասխան։ Ակնհայտ է, որ ուկրաինական ռեժիմի ղեկավարի արկածախնդրության հետևանքների պատասխանատվությունը կրելու են այդ ռեժիմը, նրա աջակիցներն ու հրահրողները»,- նշել են Իրանի ԱԳՆ-ում։

Իրանի խորհրդարանի (Մեջլիսի) Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Իրանն անպատասխան չի թողնի Ուկրաինայի գործողությունները։

«Իրանին ուղղված յուրաքանչյուր հարվածի համար միշտ էլ պետք է վճարել, սա արդիական է նաև այսօր․ ԱՄՆ-ը ու Իսրայելն արդեն լավ գիտեն այդ մասին։ Ուկրաինան նույնպես, թերևս, շուտով կհասկանա, որ Իրանն անպատասխան չի թողնում նման քայլերը։ Սխալ հաշվարկ արածների ցուցակը շարունակում է համալրվել»,- X-ում գրել է նա։

Ուկրաինայի առաջնորդն էլ միջադեպին հաջորդած իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Իրանն արդեն հարձակվել է Ուկրաինայի վրա՝ մատակարարելով զենք Ռուսաստանին։

«Պետք է զգույշ լինենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ոչ մի դեպքում չբացենք նոր ճակատ։ Բայց մենք պետք է ազնիվ լինենք. իրանցիներն ու հյուսիսկորեացիներն արդեն հարձակվել են մեզ վրա»,- ասել է Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում։

Նա հույս է հայտնել, որ «նրանք չեն ուժեղացնի այս գրոհները», բայց ընդգծել է, որ Կիևը պատրաստ է ամեն ինչի։

«Մենք չենք կարող վստահել այդ մարդկանց (իրանցիներին), քանի որ հենց սկզբում, առանց մեր կողմից որևէ էսկալացիայի, իրանցիները զենք մատակարարեցին»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։ Ավելի վաղ ուկրաինացի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին The New York Times-ին հայտնել էր, որ Կիևը կալանիչ ԱԹՍ-ներ և մասնագետներ է ուղարկել՝ Հորդանանում ամերիկյան ռազմաբազաներն իրանական ԱԹՍ-ներից պաշտպանելու համար։

Հուլիսի 26-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։ «Ռուսաստանի նախարարն անկեղծ ցավակցություն է հայտնել իրանցի նավաստու մահվան կապակցությամբ, որը տեղի է ունեցել հուլիսի 25-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից Իրանի սեփականություն հանդիսացող «Անա» չորաբեռնանավի վրա իրականացված հարձակման հետևանքով. նավը Աստրախանից դուրս էր եկել քաղաքացիական բեռով։

Լավրովը խնդրել է զոհվածի հարազատներին ու մերձավորներին փոխանցել աջակցության խոսքեր և մաղթել է շուտափույթ ապաքինում տուժածներին։ Արաղչին շնորհակալություն է հայտնել Աստրախանի իշխանություններին՝ հարձակման ենթարկված նավի անձնակազմին օգնություն ցուցաբերելու համար և ընդգծել է Կիևի ռեժիմի նմանատիպ արկածախնդրությունները կանխելու անհրաժեշտությունը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Լավրովին տեղեկացրել է շարունակվող դիվանագիտական ջանքերի մասին, որոնք ուղղված են Մերձավոր Արևելքում լարվածության ապաէսկալացիային և առաջացել են Միացյալ Նահանգների՝ Իսլամական Հանրապետության վրա հարձակման հետևանքով»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը գտնում է, որ Կասպից ծովում տեղի ունեցած միջադեպը վառ ապացույցն է մի գործընթացի, որն անվանում են աշխարհաքաղաքական միաձուլում:

Ըստ նրա, Մերձավոր Արևելքն ու Արևելյան Եվրոպան առանձին, անկախ աշխարհագրական տարածքներ չեն, որտեղ հակամարտությունները տեղի են ունենում մեկուսացված. դրանք վերածվել են միասնական անվտանգային համակարգի, փոխկապակցվածությունը չափազանց մեծ է:

Նրա խոսքով, պատերազմի բաղադրիչ է նաև մատակարարման շղթաների թիրախավորումը: Ուկրաինայում, նրա խոսքով, համոզված են, որ Ռուսաստանի ռազմական դիմադրունակությունը մեծապես կախված է արտաքին լոգիստիկայից՝ մասնավորապես Իրանի հետ համագործակցությունից։ Սակայն, նրա խոսքով, այստեղ առավել մեծ է Ուկրաինայի և Արևմուտքի հարաբերությունների դերը և սա ոչ այնքան ռազմական, այլ քաղաքական գործընթացներ դրդող միջադեպ էր:

«ՌԴ ԱԳՆ-ի և Իրանի ԱԳՆ-ի անմիջական ու սինխրոն արձագանքը ևս այս կապակցվածության արդյունքն է։ Մոսկվան և Թեհրանը գիտակցում են, որ իրենց դեմ ուղղված ցանկացած գործողություն Կասպից ծովում կամ Մերձավոր Արևելքում ունի մեկ ընդհանուր արմատ՝ գլոբալ հակամարտություն Արևմուտքի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Խրամչիխինը համարում է, որ այս միջադեպը կոտրում է այն կարծրատիպը, թե տարածաշրջանային պատերազմները կարող են մեկուսացված մնալ։

«Մերձավոր Արևելքն ու Ուկրաինան իրարից անկախ ուղղություններ չեն. ռազմական տեխնոլոգիաների, լոգիստիկայի և դաշնակցային կապերի միջոցով դրանք հյուսվել են մեկ շղթայի մեջ: Սակայն չեմ համարում նաև, որ սա կդառնա իրավիճակի հետագա ընդլայնման պատճառ, գուցե Իրանը պատասխանի, ինչպես և խոստացել է, սակայն ընդլայնում ներկայումս հարկավոր չէ ոչ Ուկրաինային, ոչ էլ՝ Իրանին»,- ասաց նա:

Նրա խոսքով, սա Հարավային Կովկասի համար ևս նշանակում է, որ որևէ ռեգիոն կտրված չէ ներկայումս տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներից:

Ըստ նրա, հակամարտությունները ներկայումս չունեն հստակ սահմաններ, քանի որ, եթե մի ռեգիոնում կա ռազմականացված պայքար, այլ ռեգիոններում այն կրում է այլ՝ ինտենսիվ քաղաքական բնույթ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031