Ի՞նչ գնով է փորձում Ալիևը կատարել «ազատագրված տարածքներում» 2026թ. 140.000 մարդ վերաբնակեցնելու խոստումը
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է երկրի Բնակարանային օրենսգրքում, «Փախստականների և բռնի տեղահանվածների (երկրի ներսում տեղահանված անձանց) կարգավիճակի մասին» և «Բռնի տեղահանվածների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության մասին» օրենքներում փոփոխությունները:
Համաձայն նոր նորմերի՝ ստեղծվելու է «օկուպացիայից ազատագրված» (չակերտները.- Մ.Պ.) տարածքներում մշտական բնակության հիմնադրամ, որում ներառված բնակելի տարածքները տրամադրվելու են բռնի տեղահանվածներին՝ հետագայում նրանց որպես սեփականություն թողնելու պայմանով։ Ադրբեջանի քաղաքացիների վերաբնակեցման, նրանց բնակարանների հանձնման և սեփականության իրավունքի ձևակերպման կարգը որոշելու է լիազոր պետական մարմինը։
Ադրբեջանական աղբյուրներից տեղեկանում ենք, որ նախկինում նման օբյեկտները հատկացվում էին վարձակալության պայմանագրերի հիման վրա։
Այդ փոփոխություններով հստակեցվում են նաև բռնի տեղահանվածի կարգավիճակի դադարեցման հիմքերը։ Այդ կարգավիճակն անձը կկորցնի, երբ նրան Արցախի օկուպացված կամ «ազատագրված» տարածքներում նախկին բնակության վայրի փոխարեն՝ բնակարան տրամադրեն, և նույնիսկ՝ եթե նման պայմաններով բնակարան ստանալուց նա հրաժարվի:
Ի դեպ, օրենսդրական նոր փոփոխությունները տարածվում են նաև այն քաղաքացիների կամ անձանց վրա, որոնք արդեն բնակարան են ստացել և վերաբնակեցվել են «ազատագրված տարածքներում», ինչը, ըստ Ադրբեջանի իշխանությունների, նրանց հնարավորություն կտա օգտվել օրենսդրությամբ նախատեսված իրավական երաշխիքներից:
Իսկ ամիսներ առաջ ադրբեջանցի պատգամավոր Ռազի Նուրուլաևը Միլի մեջլիսում առաջարկել էր, որպեսզի Ղարաբաղ վերադարձողները սեփական միջոցներով կառուցեն իրենց տները, քանի որ պետությունը չպետք է միայնակ հոգա բնակարանաշինության ծախսերը, հատկապես, երբ շատ վերաբնակիչներ կարճ ժամանակ հետո վերադառնում են այնտեղ, որտեղ ապրել են վերջին մոտ 30 տարին. օրինակ՝ Բաքու:
«Այսօր մենք պետության հաշվին տներ, կոմունալ ծառայություններ և ենթակառուցվածքներ ենք կառուցում տեղահանված անձանց համար։ Բայց ո՞րն է արդյունքը։ Վերաբնակիչների մի մասը որոշ ժամանակ անց վերադառնում է: Իմ կարծիքով՝ պետության գլխավոր դերը պետք է լինի ոչ թե տներ կառուցելը, այլ պայմաններ ստեղծելը: Երբ բնակիչն ինքն է կառուցում սեփական տունը, նա առավել ամուր է կպնում այդ հողին:
Շինարարության ընթացքում նրանք ընտելանում են վայրին, ծանոթանում շրջակայքին, եկամտի միջոցներ են փնտրում, ձևավորվում են հարևանային հարաբերություններ։ Սա նաև հոգեբանական և սոցիալական տեսանկյունից է ավելի առողջ մոդել: Բացի այդ, սա զգալիորեն ավելի էժան է նստում պետական բյուջեի համար, որովհետև քաղաքացիներն իրենց տները կկառուցեն երկու անգամ ավելի էժան, քան ներկայում է»,- մանրամասնել է Նուրուլաևը:
Բայց Ալիևն իր պլաններն ունի՝ մեծացնելու օկուպացված Արցախի տարածքներում վերաբնակիչների թիվը: Ոչ մեկ անգամ գրել ենք, որ Արցախյան առաջին պատերազմից հետո Բաքուն միջազգային բոլոր հարթակներից հայտարարում էր ավելի քան 1 միլիոն փախստականի և բռնի տեղահանվածի մասին:
Սակայն, 6 տարի է անցել 44-օրյա պատերազմից, որի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցան արցախյան զգալի տարածքներ, իսկ մոտ 3 տարի է, ինչ Արցախն ամբողջությամբ հայաթափված է, բայց Ալիևին դեռ չի հաջողվել անգամ 90.000 մարդ վերաբնակեցնել:
2026 թվականի հուլիսի 6-ի տվյալով՝ «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում վերաբնակեցվել է 88.123 հազար մարդ»:
Իսկ այսօր Ադրբեջանի Ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ 2026 թվականի առաջին կիսամյակում «ազատագրված տարածքների» վերականգնմանն է ուղղվել 1 միլիարդ 64,1 միլիոն մանաթ, ընդ որում, 371,1 միլիոն մանաթը՝ բնակելի համալիրների նախագծման և կառուցման համար։
Հիմա՝ ինչ վերաբերում է Ալիևի վերջին որոշմանը:
Ըստ էության, նա փորձում է «շանտաժի» միջոցով ապահովել վերաբնակեցման գործընթացի ցանկալի և խոստացված արդյունքը:
Նշենք, որ դեռ 2023 թվականի դեկտեմբերին Ալիևը հայտարարել էր, որ պլանավորում են 2026 թվականի տարեվերջին Ղարաբաղում ունենալ 140.000 վերաբնակիչ, այսինքն, առաջիկա ամիսներին Բաքվի բռնապետը պիտի կարողանա մոտ 50.000 մարդ բերի «ազատագրված տարածքներ»՝ խոստանալով իրավական երաշխիքներ:
Կհաջողվի՞ արդյոք սա Ալիևին, ժամանակը ցույց կտա: Սակայն հստակ է՝ օրենսդրական վերջին փոփոխություններն՝ ադրբեջանցի փախստականներին և նրանց վերաբնակեցմանն առնչվող, վկայում են, որ Ալիևը ձախողել է վերաբնակեցման գործընթացը, և հիմա փորձում է որոշակի արդյունքներ ապահովել, ընդ որում, «վերադարձ հայրենիք» հասկացության բովանդակային կորստի կամ նեղացման գնով:
Ինչի մասին է խոսքը: Oxu.az-ը մանրամասնել է, որ նախկինում հարկադիր տեղահանվածների ինքնուրույն ժամանակավոր բնակեցումը թույլատրվում էր այն պայմանով, որ այն չի խախտի այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, և նման իրավիճակի առաջացման դեպքում Ադրբեջանի գործադիր իշխանության մարմինները պարտավոր էին ապահովել տեղափոխումը նույն բնակավայրի սահմաններում գտնվող այլ բնակարան:
Իսկ հիմա, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, նոր օրենքը, ըստ էության, հանում է նույն բնակավայրին կապված լինելու սահմանափակումը, և այժմ համանման դեպքերում գործադիր իշխանության մարմինները պարտավոր են տեղահանվածներին առաջարկել այլ բնակելի տարածություն՝ առանց տարածքային կապվածության:
Եվ հենց սա նկատի ունենք՝ ասելով, որ գործ ունենք «վերադարձ հայրենիք» հասկացության բովանդակային կորստի կամ նեղացման հետ:
Այսինքն, պարտադիր չէ, որ ադրբեջանցին, որն ունի «բռնի տեղահանվածի» կարգավիճակ, սեփական բնակարանն ունենա այն վայրում, որտեղ ապրել է նախքան Արցախի առաջին պատերազմը: Ի դեպ, մինչ այս էլ ադրբեջանական աղբյուրներում շրջանառվել են տեղեկություններ, որ երկրի իշխանությունները փորձել են մարդկանց վերաբնակեցնել այն վայրերում, որտեղ երբևէ չեն ապրել, օրինակ, օկուպացված Կարմիր շուկայի և Հաթերքի հատվածներում, կամ՝ օկուպացված Արցախի այն տարածքներում, որտեղ հիմնականում հայեր են ապրել անգամ խորհրդային ժամանակաշրջանում:
Եվ շատ հնարավոր է, որ նոր ստեղծվելիք հիմնադրամում ընդգրկվեն քիչ վերաբնակեցված բնակավայրերն ու տարածքները, ուստի պատահական չէ, որ օրենքը չի բացառել իշխանության տրամադրելիք բնակարանից հրաժարման փաստը:
Այս համատեքստում հավելենք, որ մի առիթով գրել ենք, որ Ալիևը փորձում է շտապել գյուղերում քաղաքին մոտ պայմաններ ստեղծելու հարցում, քանի որ վերաբնակիչներից շատերը Բաքվից են ուղարկվում, որտեղ ապրել են վերջին 30 տարում, և նրանցից կարճ ժամանակ անց վերադառնում են այնտեղ:
Այսինքն, «ազատագրված տարածքների» վերաբնակեցումն Ալիևը դիտարկում է և՛ միջազգային հարթակում ինչ-ինչ խնդիրներ լուծելու, և՛ Ղարաբաղի անվտանգության համատեքստում:
Ավելին, մի առիթով Բաքվի քարոզչամեքենան «փակագծեր» է բացել, թե Բաքվի համար Ղարաբաղի անվտանգության հարցը պակաս կարևոր չէ, քան տարածաշրջանի տնտեսական վերականգնումը, քանի որ գլխավոր առաջնահերթությունն ազատագրված տարածքներ վերադարձող մարդկանց բնականոն և անվտանգ կյանքի ապահովումն է։
Ուստի, ըստ Բաքվի, քաղաքացիական ենթակառուցվածքներ ստեղծելուն զուգահեռ՝ ձևավորվում է նաև անվտանգության ժամանակակից համակարգ, որպեսզի տարածաշրջանի ամրությունը ստուգելու կամ ձևավորված իրողությունները կասկածի տակ դնելու հերթական փորձերը, ում կողմից էլ այն լինի, կասեցվեն:
Այսինքն, անվտանգային և ռազմական կառույցների ստեղծման լեգիտիմացման համար է նաև Ալիևին պետք այդ վերաբնակեցումը կոնկրետ տարածքներում: Խնդիրը՝ ցույց տալ, որ ակտիվ կերպով վերաբնակեցում է իրականացվում, և Ադրբեջանի նախագահին շատ քիչ է հետաքրքրում, որ ադրբեջանի քաղաքացիներից շատերը կարող է չվերադառնան «ծննդավայր-բնակատեղի»: Եվ, բնավ, էական չէ, թե Բաքվի քարոզչամեքենան մինչ այս ինչ հուզիչ տեսարաններ է հրապարակավ ապահովել:
Եվ նույնը լինելու է նաև «արևմտյան ադրբեջանցիների» Հայաստան հնարավոր վերադարձի դեպքում, երբ վերադարձողների մեջ կլինեն նաև նրանք, որոնք ՀՀ-ում չեն ծնվել, ապրել, ի վերջո, ղարաբաղյան շարժման տարիներին Հայաստանից Ադրբեջան գնացած շատ ադրբեջանցիներ կարճ ժամանակ անց տեղափոխվեցին Ռուսաստան՝ տարբերակված վերաբերմունքի պատճառով:

