Ատոմային մահա՞կ, թե՞ միջուկային վահան․ Ճապոնիա, Թուրքիա, Սաուդյան Արաբիա. ո՞վ է հաջորդը․ Արման Աբովյան
Արման Աբովյանը նշում է, որ Իրանի դեմ գործողությունները դարձան ռազմական միջուկային տեխնոլոգիաների տարածման և սպառազինությունների նոր գլոբալ մրցավազքի մեկնարկի ամենահզոր խթաններից մեկը։
Աշխարհի տարբեր ծայրերում ընթացող պատերազմների ու հակամարտությունների մասին համաշխարհային լրատվական հոսքի մեջ աննկատ, կարելի է ասել` ընդգծված աննկատ է մնում տարբեր երկրների՝ միջուկային զենք ունենալու մտադրության մասին լուրը։
Ընդ որում` այդ տեղեկությունը, որը միանշանակ պետք է ցնցեր համաշխարհային լրատվամիջոցները, շատ անաղմուկ է անցնում։
Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։
Ինչպես ցույց է տալիս համաշխարհային պատերազմների պատմությունը, աշխարհի ցանկացած վերաբաժանում միշտ փոխում է անվտանգության համաշխարհային համակարգը։
Եվ հիմա այնպիսի իրավիճակ է, երբ ավելի ու ավելի շատ երկրներ են հայտարարում իրենց միջուկային հավակնությունների մասին։
Սկզբի համար հիշենք, որ Իրանի շուրջ ծանրագույն ռազմական ճգնաժամի պաշտոնական պատճառը, ըստ ԱՄՆ–ի և Իսրայելի վարկածի, այն է, որ «Թեհրանին թույլ չտան միջուկային զենք ունենալ»։
Սակայն իրավիճակը հանգեցրեց լրիվ հակառակ էֆեկտի։
Հիբրիդային պատերազմ» Հայաստանի դեմ. ո՞վ է իրական ագրեսորը, ո՞վ` զոհը
Արդյունքը եղավ այն, որ հենց Իրանի նկատմամբ Վաշինգտոնի և Իսրայելի գործողությունները դարձան ռազմական միջուկային տեխնոլոգիաների տարածման և սպառազինությունների նոր գլոբալ մրցավազքի մեկնարկի ամենահզոր խթաններից մեկը։
Առանձնահատուկ ընդգծենք, որ աշխարհի մի շարք հեղինակավոր վերլուծական կենտրոնների (ինչպիսիք են Chatham House-ը, Stratfor-ը և RAND Corporation-ի) կարծիքով՝ հենց Իրանի վրա ամերիկա-իսրայելական կոալիցիայի հարձակումն էր այն առանցքային գործոններից մեկը, որն արագացրեց շատ պետությունների կողմից միջուկային զսպման հարցերի նկատմամբ իրենց մոտեցումների վերանայումը, այլ ոչ թե ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Բայց վերադառնանք համաշխարհային միջուկային մրցավազքի միջանկյալ «արդյունքին»։
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշման՝ Իրանին հասցվող ռազմական հարվածներն անհրաժեշտ էին այդ երկրում միջուկային զենքի հայտնվելը կանխելու համար։
Սակայն համաշխարհային էլիտաները միանգամայն այլ հետևություն արեցին։
Որպես ամենաակնհայտ օրինակ շատերը նշում են Հյուսիսային Կորեան։
Շատ երկրներ տեսնում են, որ, չնայած տասնամյակներ տևող պատժամիջոցներին և միջազգային մեկուսացմանը, ոչ ոք չի համարձակվում մասշտաբային ռազմական հարված հասցնել ԿԺԴՀ-ին հենց այն պատճառով, որ Փհենյանն ունի միջուկային զենք, այդ զենքը տեղ հասցնելու միջոցներ և, ամենակարևորը, հարձակմանն ի պատասխան միջուկային հարված հասցնելու վճռականություն։
Ըստ էության, դա ընկալվում է որպես այդ երկրի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայից հետ պահող յուրօրինակ երաշխիք։ Իսկ Իրանը, չունենալով պաշտոնապես ճանաչված միջուկային զինանոց, զանգվածային հարվածների ենթարկվեց իր տարածքում։
Իրանի ղեկավարությունը երկար տարիներ միջազգային հանրությանը հավաստիացնում էր, որ միջուկային զենք ստեղծելու մտադրություններ չունի, և բազմաթիվ իրանցի վերլուծաբանների կարծիքով՝ հենց այդ դիրքորոշումն էր, որ «անպատժելիության ինդուլգենցիա» դարձավ ամերիկացիների և իսրայելցիների համար, ինչն ի վերջո հանգեցրեց Իրանի ուղղությամբ մասշտաբային հարվածների։
Հայի արյունը, Բաքվի գազը և ԵՄ-ի փողը. «սիրելի Ուրսուլայի» այցի արդյունքները
Անշուշտ, այս համատեքստում բերվում է նաև Ռուսաստանի օրինակը, որը, լինելով աշխարհում խոշորագույն միջուկային զինանոցի տերը, այնուամենայնիվ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվում իր տարածքում։ Սակայն նույն վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ միջուկային զենք չի կիրառում բացառապես այն պատճառով, որ Ուկրաինային և ուկրաինացիներին ընկալում է, որպես ռուսական աշխարհի մաս, ինչը, նրանց կարծիքով, բացառում է հակամարտության ընթացիկ փուլում նման հարվածներ հասցնելու հնարավորությունը։
Այլ հակամարտություններում պետությունների միջև նման «ազգակցական» ընկալում, ամենայն հավանականությամբ, այլևս չի լինի։
Վերադառնանք իրանական թեմային։ Վերլուծաբաններից շատերը նշում էին, որ հակամարտությունը զգալիորեն ուժեղացրել է միջուկային զսպման նշանակությունը սեփական անվտանգության հարցերը դիտարկող պետությունների համար։
Փաստացի աշխարհին ծայրահեղ վտանգավոր քաղաքական ազդանշան տրվեց` եթե պետությունը չունի միջուկային զենք, նրան կարող են հարվածել, եթե ունի, նման հարձակման գինն անհամեմատ ավելի բարձր է դառնում։
Հենց նման հետևությունը կարող է շատ երկրների մղել, որ վերանայեն իրենց պաշտպանական ռազմավարությունները։
Ըստ արևմտյան մամուլի` սեփական միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ ռազմական, ֆինանսական և, ամենակարևորը, տեխնոլոգիական ներուժ ունեցող պետություններն արդեն սկսել են նման ծրագրերի իրականացման համար օրենսդրական և նորմատիվ բազա նախապատրաստել։
Նման գործընթացների համատեքստում ավելի ու ավելի հաճախ են խոսում Գերմանիայի, Թուրքիայի, Ճապոնիայի, Լեհաստանի և Սաուդյան Արաբիայի մասին։
Փաստերի նույնիսկ մակերեսային ստուգումը ցույց է տալիս, որ այդ երկրներում իսկապես ակտիվ քննարկվում են սեփական միջուկային ներուժի հնարավոր ուժեղացման հետ կապված հարցերը։
Առանձնապես հատկանշական է թվում Սաուդյան Արաբիայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Այսպես` 2026 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը հավանություն է տվել Էր Ռիադի հետ քաղաքացիական միջուկային համագործակցության մասին համաձայնագրին։
Փորձագետների ուշադրությունը գրավեց հատկապես այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև միջուկային ոլորտի համագործակցության քննարկվող մոդելը թույլ է տալիս ուրանի հարստացման սաուդյան ենթակառուցվածքի զարգացման հնարավորություն՝ առանց այն խիստ սահմանափակումների և վերահսկողության մեխանիզմների, որոնք Վաշինգտոնն ավանդաբար կիրառում է նմանատիպ համաձայնագրերում։
Խոսքը ձևականորեն վերաբերում է բացառապես խաղաղ ատոմային էներգետիկային։ Սակայն չտարածման ռեժիմի ցանկացած մասնագետ գիտի, որ ուրանի հարստացման տեխնոլոգիաները դասվում են երկակի նշանակության տեխնոլոգիաների շարքը։
Հենց այդ պատճառով ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև համաձայնագիրը լուրջ անհանգստություն է առաջացրել սպառազինությունների վերահսկողության գծով փորձագետների շրջանում։
Ստեղծվում է բավականին հակասական իրավիճակ։
Մի կողմից Վաշինգտոնը հայտարարում է Իրանում միջուկային տեխնոլոգիաների զարգացման անթույլատրելիության մասին, իսկ մյուս կողմից փաստացի
Սաուդյան Արաբիայի համար հնարավորություններ է ստեղծում սեփական, եթե կարելի է այսպես արտահայտվել, «ոչ հարամ» միջուկային ռումբի համար։
Որպեսզի պատկերն ամբողջական լինի, հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան իսլամական արմատականության ամենածայրահեղական ճյուղերից մեկի՝ վահաբականության հայրենիքն է։
Սակայն մեզ՝ հայերիս համար շատ ավելի կարևոր է մեկ այլ բան։
Միջուկային զենք ունենալու ձգտում ունի հայ էթնոքաղաքական տարրի ավանդական հակառակորդը՝ Թուրքիան։
Անշուշտ, Անկարայի ռազմական միջուկային ծրագրի գոյության մասին հանրային հաստատումներ չկան։
Սակայն վերջին տարիներին արևմտյան վերլուծական կենտրոններն ու համաշխարհային լրատվամիջոցները պարբերաբար քննարկում են այն հավանականությունը, որ Թուրքիան հեռանկարում կարող է վերանայել (իսկ գուցե արդեն վերանայում է) իր մոտեցումը միջուկային հարցին։
Լրացուցիչ ուշադրություն են առաջացրել թուրք պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ եթե Իրանը միջուկային զենք ստանա, դա անխուսափելիորեն միջուկային սպառազինությունների տարածաշրջանային մրցավազք կհրահրի։
Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախկին տնօրեն, իսկ այժմ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Թուրքիան սեփական միջուկային զենք մշակում է, ուղիղ պատասխան չտվեց՝ սահմանափակվելով միայն բազմանշանակ ժպիտով։
Մենք, ի դեպ, հաստատ գիտենք, որ թուրք քաղաքական գործչի ժպիտն ավելի շատ բան է ասում, քան ցանկացած բառ։
Այսպիսով` թեև այսօրվա դրությամբ թուրքական ռազմական միջուկային ծրագրի գոյության ուղղակի ապացույցներ չկան, բուն թեման արդեն դարձել է միջազգային քննարկման մաս։
Եվ վերջում նշենք, որ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI) արդեն մի քանի տարի անընդմեջ զգուշացնում է նոր համաշխարհային միջուկային մրցավազքի մեկնարկի և սպառազինությունների վերահսկողության նախկին ճարտարապետության աստիճանական քայքայման մասին։
Այս ֆոնին Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունն արդեն ընկալվում է ոչ թե որպես միջուկային զենքի տարածման դեմ պայքարի գործիք, այլ ընդհակառակը՝ գործոն, որը կարող է արագացնել այդ գործընթացը։
Գաղտնիք չէ նաև, որ թուրքական լրատվամիջոցներն ավելի ու ավելի հաճախ են արծարծում այն միտքը, որ միջուկային զենքի բացակայությունը չի երաշխավորում պետության անվտանգությունը, մինչդեռ այդպիսի զենք ունենալը նշանակալիորեն բարձրացնում է հնարավոր հակառակորդի ռազմավարական զսպման մակարդակը։
Հաշվի առնելով Եվրոպայի և Ասիայի մի շարք առանցքային պետությունների միջուկային հավակնությունները՝ արդեն այսօր կարելի է արձանագրել մի ակնհայտ փաստ` միջուկային զենքի չտարածման համաշխարհային համակարգը հայտնվել է խոր ճգնաժամում, իսկ տարածաշրջանային, իսկ հեռանկարում՝ նաև գլոբալ միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի ռիսկը զգալիորեն բարձրացել է։
Իսկ դա անխուսափելիորեն կհանգեցնի անվտանգության ավելի վտանգավոր և անկայուն համաշխարհային ճարտարապետության ձևավորմանը։

