Հայ գերիների հարցով դիմումներ են նախապատրաստվում
Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորություններ այս պահին չկան․ «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ ունեցողներ կան, որոնք չի բացառվում՝ բռնության հետևանք են։
Սահակյանը նշել է՝ այս հարցով դիմումներ են նախապատրաստում, սակայն նպատակահարմար չի համարում բացահայտել, թե երբ և ուր են դիմելու։
Գլխավոր խնդիրներից մեկն այս պահին շարունակում է մնալ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի, պահման պայմանների մասին օբյեկտիվ տեղեկություններ ստանալու անհնարինությունը։ Մինչև 2025թ․ սեպտեմբերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով էին տեղեկություններ ստացվում, սակայն Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցումից հետո այդ ուղին էլ վերացավ։
«Մենք խոսում ենք նրանց բացարձակ մեկուսացվածության մասին արտաքին աշխարհից, երբ չկա ֆիզիկական կապ միջազգային անկախ դիտորդական առաքելությունների, անկախ փաստաբանների, անկախ բժիշկների, հյուպատոսական ծառայողների հետ։ Այս վիճակում նրանց պայմանները բացառապես կարող են դիտարկվել, նրանց վերաբերյալ տեղեկություններ կարող են հավաքագրվել ադրբեջանական աղբյուրներից, որոնք արժանահավատ չեն և ամենակարևորը՝ ստուգելի չեն։ Այսինքն՝ ինչպիսի պատկեր էլ նկարագրվի, այն ստուգելի չէ անկախ, օբյեկտիվ, ոչ կողմնակալ սուբյեկտների կողմից, քանի որ հասանելիությունը հայ պատանդներին սահմանափակված է»,- նշել է Սահակյանը։
Տեղեկատվություն ստանալու միակ ուղին այս պահին հարազատների հետ զրույցներն են, որոնք ևս վերահսկվում են ադրբեջանական կողմից։ Հեռախոսակապի պարբերականությունն էլ հաստատուն չէ․ Սահակյանի խոսքով՝ այստեղ որոշակի խտրական մոտեցում կա, գերիներից մեկին կարող են, օրինակ, շաբաթը 1 անգամ թույլ տալ զանգահարել հարազատներին, մեկ ուրիշին՝ 4 կամ 6 շաբաթը մեկ անգամ։
«Ընդ որում` սա փոփոխական է եղել գերեվարման ժամանակահատվածում, օրինակ` եղել են դեպքեր, որ սկզբնական շրջանում շաբաթներ և ամիսներ ընտանիքները չեն կարողացել խոսել հարազատի հետ, կամ համընկել է այնտեղ ընթացող տարբեր իրադարձությունների, տոների հետ, ու կրկին զանգերի պարբերականությունը չի պահպանվել»,- նշել է Սահակյանը։
Մինչև օգոստոսի 31-ն Ադրբեջանը պարտավոր է ՄԻԵԴ-ին հաշվետվություն ներկայացնել հայ գերիների պահման պայմանների, այդ թվում՝ առողջական վիճակի մասին` ներառյալ բժշկական փաստաթղթերը։ Իրավապաշտպանի խոսքով` որևէ երաշխիք չկա, թե Ադրբեջանը ճշգրիտ, չկեղծված տվյալներ կներկայացնի։ Դրանք պետք է համադրվեն իրենց հավաքագրած տեղեկությունների, հարազատների փոխանցած տվյալների հետ։
«Դա պետության կողմից ֆորմալ պարտավորության կատարումն է, սակայն որքանով է բարեխիղճ ու ամբողջական, դա արդեն հետագայում քննարկման առարկա է դառնում։ Եթե մենք տեսնում ենք թերի տեղեկատվություն կամ տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, դրա մասին տեղեկացնում ենք դատարանին, և գործի քննության շրջանակում դատարանը համապատասխան հետևություններ կանի»,- ասել է Սահակյանը։

