Պետք է հասնենք նրան, որ այդ ցուցանիշը չլինի ավելի բարձր, քան ՀՆԱ 50 տոկոսն է. Տիգրան Խաչատրյանը՝ պարտքի կառավարման մասին
«Ինչպեսև 2022 թվականին՝ 2023թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը նույնպես կառուցված է այն սկզբունքից ելնելով, որ պետք է առաջին հերթին երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ մանրամասնելով, թե ինչ է նշանակում մակրոտնտեսական կայունություն՝ հարկաբյուջետային քաղաքականության և մասնավորապես Պետական բյուջեի մասին օրենքի կիրառության սկզբունքների տեսանկյունից,- Առաջին հերթին՝ դա նշանակում է, որ մենք պետք է էականորեն, ինչպես և Կառավարության գործունեության ծրագիրն է նախատեսում, ավելացնենք սեփական եկամուտները և, մասնավորապես, հարկային եկամուտները, որովհետև դրանք են այն երաշխիքները, որոնք պետք է ապահովեն միջնաժամկետ հատվածում կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում»:
Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց՝ 2021-2026 թվականների Կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է հարկային եկամուտների՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ ցուցանիշի հավակնոտ աճ, փոփոխություն:
«Մենք 2026 թվականին, այսինքն՝ Կառավարության գործունեության ծրագրային ժամանակահատվածի վերջին տարում, պետք է հասնենք հարկերի՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ 25 տոկոս ցուցանիշի»,- նկատեց նա:
Ըստ նախարարի՝ երկրորդ կարևոր հանգամանքը ֆիսկալ կոնսոլիդացիան է, ինչը նշանակում է՝ կառավարության գործունեության ծրագրային ժամանակահատվածում ապահովել պետական պարտքը՝ ՀՆԱ նկատմամբ ցուցանիշի զգալի բարելավում:
«Հայտնի է, որ անորոշությունները շատ են, և այս տարվա միջավայրը դրա վկայությունն է, և մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները, որպեսզի պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ դրանք միջնաժամկետ հատվածում չստեղծեն կառավարության հիմնական ծրագրային անելիքների իրականացման ռիսկեր:
2021թ. արդյունքներով՝ պարտքը ՀՆԱ նկատմամբ գտնվում էր դեռևս էապես բարձր մակարդակի վրա՝ 60.3 տոկոս ՀՆԱ նկատմամբ, և մենք կառավարության գործունեության ծրագրի ժամանակահատվածում պետք է հասնենք նրան, որ այդ ցուցանիշը չլինի ավելի բարձր, քան ՀՆԱ 50 տոկոսն է» ,- հավելեց Տիգրան Խաչատրյանը:
Երրորդ ցուցանիշը, որին անդրադարձավ նախարարը, ծախսերի կառավարումն է՝ ֆիսկալ կանոնների տեսանկյունից: Նա նկատեց, որ այն առնչվում է երկրորդ՝ ֆիսկալ կոնսոլիդացիային:
«Դա պահանջում է, որ քանի դեռ մենք գտնվում ենք պարտքի բարձր միջակայքում, մեր ընթացիկ ծախսերը պլանավորենք այնպես, որ դրանք ենթարկվեն այն կանոններին, որոնք սահմանված են միջնաժամկետ հատվածի համար՝ ելնելով պարտքի մեծությունից»,- եզրափակեց նախարարը: