Մեր գնորդները հիմնականում արտասահմանցիներն են կամ հարուստները. Բացօթյա առևտրով զբաղվողները չեն պատրաստվում հեռանալ
Դեռևս օգոստոսի 18-ին Կառավարությունը հավանություն տվեց Երևանի քաղաքապետարանի ներկայացրած օրենսդրական փաթեթին, որով կարգավորվում է փողոցային առևտուրը։
Մեկ ամիս է անցել, սակայն Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում կարելի է հանդիպել բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիների: Նրանք, չնայած քաղաքային իշխանությունների հորդորներին՝ չեն պատրաստվում լքել իրենց «դիրքերը»:
«Հիմնականում միրգ եմ վաճառում, որն իմ այգունն է, մաքուր է, ջերմոցի չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանում բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիներից մեկը:
Մեր հարցին՝ օրինակ, ի՞նչ արժեն ծիրանը, դեղձը, թուզը, որոնք այսօրվաճառում են, մեր զրուցակիցը նշեց. քանի որ ծիրանի սեզոնն ավարտվել է, այն արժե 5000 դրամ, դեղձը՝ 1500, թուզը՝ 2000, խնձորը՝ 1000 դրամ:
Մյուս վարչական շրջաններում՝ պարզվեց, որ փողոցում վաճառվողմիրգն ու բանջարեղենը համեմատաբար ավելի էժան են: Օրինակ՝ դեղձն արժե 600 դրամ, լոլիկը՝ 350, վարունգը՝ 280, և այլն:
Փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ տեղ են առաջարկել իրենց քաղաքային իշխանությունները, ու ինչո՞ւ են հրաժարվում, բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները պատասխանեցին.
«Ասում են՝ գնացեք Մալաթիայի շուկա, սակայն այնտեղ հարմար չէ: Կենտրոն էլ գալիս ենք՝ խնդիրներ են ստեղծում, գալիս ապրանքը տանում են, դրա համար հենց տեսնում ենք՝ գալիս են՝ թաքնվում ենք: Մի անգամ արդեն տուգանել են 50.000 դրամով: Հասկանո՞ւմ եք, մեր գնորդները հիմնականում արտասահմանցիներն են կամ հարուստները: Տեսնում են ապրանքային տեսքը՝ միանգամից ասում են՝ լցրու, գինն էլ չեն հարցնում»,- ասաց Կենտրոնում բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-իգործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների նախագծին՝պարզաբանել էր. «Այս օրենսդրության փոփոխությունը հիմնականում վերաբերում է սննդամթերքին, կենդանիներին, խաղալիքներին, ինչը փոքր կենտրոնում բավական մեծ աճ է գրանցել: Մենք պարբերաբար տարբեր միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի կարողանանք այդ խնդիրները լուծել՝ դրանք սանիտարական, անվտանգության խնդիրներ են:
Կարգը հետևյալն է՝ չսահմանված վայրերում առևտուր իրականացնելու դեպքում Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության վարչությունը վերահսկողություն իրականացնելու դեպքում պետք է արձանագրի, որ չթույլատրված վայրում է առևտուր իրականացնում, և քաղաքացին պետք է վարչական պատասխանատվության ենթարկվի, որից հետո այդ սնունդը, կենդանիները, կամ այն միջոցները, որով ծառայություն են իրենք մատուցում, պետք է առգրավվեն քաղաքապետարանի կողմից՝ ոստիկանների հետ համատեղ»։