Ֆինանսական շուկան արձագանքում է իրավիճակին. Ի՞նչ է տեղի ունենում դրամի հետ

Մի քանի ամիս շարունակվող ամրապնդումից հետո դրամը վերջին օրերին թուլացավ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ագրեսիային առաջինն արձագանքեց ֆինանսական շուկան։ Դրամը թուլացավ՝ ինչպես դոլարի ու եվրոյի, այնպես էլ՝ ռուբլու նկատմամբ։

Մինչ այդ դոլարի գինը փոխանակման կետերում տատանվում էր 405-410 դրամի սահմաններում։ Երկու-երեք օրվա ընթացքում փոխարժեքը հասավ 420-430 դրամի։

Գրեթե նույնպիսին էին միտումները նաև եվրոպական արժույթի պարագայում։

Դրամի նկատմամբ բարձրացավ նաև ռուսական ռուբլու փոխարժեքը։

Կարդացեք նաև

Ազգային արժույթի արժեզրկումն այդ փուլում գուցե շատ մեծ չէր, բայց նկատելի էր։ Ֆինանսական շուկայի հիմնական տարադրամների նկատմամբ մի քանի օրվա ընթացքում դրամը թուլացավ առնվազն 3,5-4 տոկոսով։

Նկատելի էր նաև առք ու վաճառքի տարբերության մեծացումը։ Այսօր էլ նկատելի է։ Փոխանակման կետերը նախընտրում են շատ ավելի ցածր գնով ձեռք բերել տարադրամը և վաճառել անհամեմատ ավելի բարձր գնով, ինչը անկայունության բնորոշ երևույթ է։

Փոխարժեքի շուկայում ի հայտ եկած այս իրավիճակը պայմանավորված էր առաջին հերթին ձևավորված բացասական սպասումներով և անորոշություններով։

Գաղտնիք չէ, որ ֆինանսական շուկան շատ զգայուն է անկայունությունների նկատմամբ։ Եվ ոչ միայն ֆինանսական շուկան։ Բայց այս փուլում փոփոխությունները դրսևորվեցին ֆինանսական հատվածում և առաջին հերթին՝ արժութային շուկայում։ Ձևավորված բացասական սպասումների հետևանքով՝ շուկայում ի հայտ եկան խուճապային տրամադրություններ։ Դրանից օգտվելով էլ շուկայի մասնակիցները բարձրացրեցին տարադրամի գները։ Չի բացառվում, իհարկե, որ կրճատվել էր նաև տարադրամի առաջարկը՝ ինչպես ներսից, այնպես էլ՝ դրսից։

Մինչև վերջերս դրսից Հայաստան մեծ քանակությամբ ֆինանսական հոսքեր էին գալիս։ Վերջին շրջանում հոսքերի որոշակի դանդաղում նկատվեց։ Դանդաղումը կապ չուներ արդբեջանական ագրեսիայի հետ, բայց ենթադրվում է, որ այդ միտումների վրա կարող էր ազդել սահմանային հերթական լուրջ սրացումը։

Անկայունությունն ու նման լարված իրավիճակները սովորաբար փոխանցվում են ոչ միայն կապիտալի տեղաշարժերի, այլև մարդկանց մտադրությունների վրա։

Սրանք գործոններ են, որոնք կարող էին իրենց ազդեցությունն ունենալ դրամի արժեզրկման և տարադրամի պահանջարկի ավելացման վրա։

Ամեն դեպքում, վերջին օրերին արժութային շուկայում նկատվող երևույթների վրա շատ ավելի էական էր ներքին գործոնների ազդեցությունը. մասնավորապես՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ի հայտ եկած բացասական սպասումները, որոնք բերեցին դրամի դիրքերի թուլացման։

Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ չնայած ամիսներ շարունակվող արժևորմանը, ազգային արժույթի նկատմամբ վստահությունը մեծ չէ։ Մարդիկ համոզված չեն, որ այն, ինչ տեղի ունեցավ նախորդ մի քանի ամիսներին, կարող է երկար պահպանվել։

Այդպես մտածելու համար, անշուշտ, հիմքեր կան. դա գալիս է նրանից, որ դրամի ամրապնդումը քիչ կապ ունի ներքին տնտեսական զարգացումների հետ, թելադրված է հիմնականում արտաքին գործոններով, որոնք ցանկացած պահի, առավել ևս՝ նման անկայունությունների ու լարվածության պայմաններում, կարող են արագ դրսևորվել։

Այս հանգամանքն էլ շուկայում որոշակի սպասումներ առաջացրեց։ Հայտնի չէ, թե այս իրավիճակին ինչպես է արձագանքել Կենտրոնական բանկը, բայց այն, ինչ տեղի ունեցավ փոխարժեքների հետ, չի բխում ԿԲ շահերից։

Գնաճը Հայաստանում շարունակում է մնալ բավական բարձր, ու դրա վրա ազդող հիմնական գործոններից մեկը փոխարժեքն է։ Դրամի թուլացումը բերելու է ներմուծվող ապրանքների գների հետագա բարձրացման, ինչը, ԿԲ պարտավորությունների տեսանկյունից, այնքան էլ նպատակահարմար չէ։

Գնաճի վրա ներգործության հիմնական գործիքներից մեկը եղել և մնում է փոխարժեքը։ Դա է պատճառը, որ չնայած հնչող բազմաթիվ մեղադրանքներին, վերջին ամիսներին Կենտրոնական բանկը ձեռնպահ մնաց դրամի ամրապնդումը կասեցնելուց։

Իհարկե, ԿԲ-ն գնաճի վրա ներգործելու առումով միայն դրամի ամրապնդումը բավարար չի համարում։ Թույլ մրցակցային միջավայրի ու պատկան մարմինների ոչ բավարար գործողությունների հետևանքով, ոչ միշտ է, որ դրամի ամրապնդումը համարժեք է արտահայտվում գնաճային շուկայում։

Դրա պատճառով էլ ԿԲ-ն հետևողականորեն բարձրացնում է նաև շրջանառության մեջ մտնող փողի գինը։

Վերջին անգամ փողի թանկացման նույնիսկ ավելի մեծ քայլ կատարեց։ Եթե նախորդ անգամ տոկոսադրույքը բարձրացրել էր՝ 0,25, ապա այս անգամ բարձրացրեց 0,5 տոկոսային կետով՝ հասցնելով 10 տոկոսի։

Նման տոկոսադրույք վերջին անգամ Հայաստանում եղել էր 6-7 տարի առաջ։

Դա նշանակում է՝ Կենտրոնական բանկը համոզված չէ, որ միայն դրամի ամրապնդմամբ հնարավոր է զսպել գնաճը և այն վերադարձնել թիրախային ցուցանիշների տիրույթ։

Նշենք, որ օգոստոսին 12-ամսյա բնականոն գնաճը հասել է 10,2 տոկոսի՝ շարունակելով ավելանալ։

Այն անհամեմատ բարձր է նախատեսված թիրախից, ու դեռ տեսանելի չէ, թե երբ կարող է վերադառնալ թիրախային միջակայք։ Կենտրոնական բանկը հույս ունի, որ դա տեղի կունենա միայն հաջորդ տարվա վերջին։ Բայց դրան հասնելու համար շատ բան կախված կլինի ոչ միայն տոկոսադրույքի քաղաքականությունից, այլև փոխարժեքի շուկայի հետագա դրսևորումներից։

Դրամի ամրապնդումը, անշուշտ, որոշակի ազդեցություն ունեցել է գնաճի զսպման վրա։ Բայց նույնիսկ այդ պարագայում այն շարունակում է բավական բարձր մնալ։

Ուստի գնաճի հետագա դրսևորումները զսպելու նպատակով փոխարժեքի դերը շարունակում է բարձր լինել։ Այլ բան, թե ինչքանով կհաջողվի պահպանել այդ գործոնի ազդեցությունը։

Խնդիրներ, ինչպես տեսնում ենք, կարող են առաջանալ ցանկացած պահի։ Ընդ որում, կապված ոչ միայն՝ քաղաքական, այլև՝ տնտեսական իրավիճակի հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս