«Այդ ռումբերը պայթելու են Երևանում. Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի Հայաստանի դեմ». Գառնիկ Դավթյան
Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.):
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի համոզմամբ՝ խոստացված խաղաղության դարաշրջանում մենք շարունակում ենք ունենալ՝ ինչպես մարտական, այնպես էլ՝ ոչ մարտական զոհեր, հետևապես, անիմաստ է խոսել խաղաղության հնարավոր դարաշրջանի մասին, որովհետև, պատերազմից հետո Ադրբեջանը ցանկանում է տիրանալ, Արցախից բացի, նաև Հայաստանի տարածքներին։
«Հետևապես փաստ է՝ Փաշինյանի բացածը ոչ թե խաղաղության, այլ հայերի ջարդի դարաշրջան է՝ աթոռը պահելու համար։ Ադրբեջանի դեպքում՝ նրանք մեկ անգամ չէ, որ հստակ ասել են՝ ցանկանում են հասնել Երևան և Գեղարքունիք, ուստի, կրկնում եմ՝ անիմաստ է խոսել խաղաղության դարաշրջանի մասին»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Դավթյանը՝ ընդգծելով՝ ինչպես Նիկոլ Փաշինյանը ոչ պատահաբար եկավ իշխանության, այնպես էլ հիմա ոչ պատահական են ապօրինի գույքի բռնագանձման անվան տակ նախկին ու ներկա որոշ պաշտոնյաներին Դատախազություն կանչելն ու հանրությանն այդ թեմայով զբաղեցնելը, ինչը Փաշինյանի ընտրազանգվածի սիրելի զբաղմունքն է, որի ընթացքում հայրենիք է հանձնվում թշնամուն։
Ըստ փորձագետի՝ մինչ փաշինյանական ընտրազանգվածը սպասում է իր ստամոքսի բավարարմանը՝ նախկին պաշտոնյաների ունեցվածքի բռնազավթման միջոցով, Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում, որպեսզի Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի Հայաստանի դեմ։
«Այս իշխանությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել Ադրբեջանի հետ ու հիմա անում է հակառակ պայմանավորվածությունների հայտարարություններ՝ դրանով Ադրբեջանին տալով հիմքեր՝ իր ցանկությանը հասնել պատերազմի միջոցով։ Այդ պատերազմի նախապատրաստմանն են միտված նաև ադրբեջանական ապատեղեկությունները՝ իբրև թե հայկական կողմից ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին»,- ասաց Դավթյանը։
Փորձագետը վստահեցնում է՝ սանձազերծվող պատերազմի արդյունքում ադրբեջանական ռումբերն այս անգամ պայթելու են ոչ թե միջդիրքային սահմաններին, այլ լրիվ այլ տեղ.
«Ռումբերը պայթելու են Երևանի կենտրոնում, թափվելու են երկնքից այնպես, որ մարդիկ երանի են տալու ժամանակի մեքենա ունենալուն և ժամանակը ետ տալուն։ Ցավալի է, որ հասարակության անտարբեր հատվածը սա չի գիտակցում. չկա պետություն և հասարակություն կապ առհասարակ. ոչ քարոզչական դաշտում՝ Հանրայինի մակարդակում, ոչ Պաշտպանության նախարարության մակարդակում ադրբեջանական խաղաքարտերը չեն բացահայտվում։ Դա է նաև պատճառը, որ հասարակություն-պետություն կապը խզված է, իսկ այդ ընթացքում Ադրբեջանն Արցախի օկուպացրած տարածքներում զորավարժություններ է անցկացնում և զինում իր բանակը՝ ցույց տալով, որ պատրաստվում է պատերազմի»,- ասաց Դավթյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում