Մոսկվայում նման հանդիպում չի եղել. գլխավոր հիմքն ադրբեջանական կողմի ծանուցումն է՝ երթուղին փոխելու հստակ ժամկետներով. Արցախի նախագահի խոսնակ
Մինչև օգոստոսի 25-ն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը հանձնվելու են թշնամուն։ Մինչ այդ բնակիչները պետք է դուրս գան այդ տարածքներից։
Արդեն տևական ժամանակ է՝ տարբեր լուրեր են շրջանառվում, թե այդ տարածքները հանձնելու և Բերձորի այլընտրանքային ճանապարհի երթուղին որոշելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև։
168.am-ը այս և մի քանի այլ թեմաների վերաբերյալ հարցեր ուղղեց Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանին։
– Տիկին Ավանեսյան, Արցախի Կառավարությունն այս պահին ինչպե՞ս է աջակցում Բերձորի և Աղավնոյի բնակիչներին, որպեսզի նրանք կարողանան իրենց իրերը տեղափոխել այս կամ այն վայր։
– Կառավարությունը տարբեր աղբյուրներից ֆինանսական միջոցներ է ներգրավել, որպեսզի տարհանվեն ինչպես պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների գույքը, այնպես էլ բնակիչների: Արցախի կառավարության համապատասխան կառույցները կապի մեջ են տեղական իշխանության մարմինների հետ և ստեղծված պայմաններում աջակցություն են ցուցաբերում՝ առաջնորդվելով Քաղաքացիական պաշտպանության պլանով: Ըստ կարիքի՝ հավելյալ աջակցություն կլինի:
– Այդ մարդկանց բնակարաններով ապահովելու համար ի՞նչ քայլեր եք ձեռնարկում։
– Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչներն այն նույն ծրագրերի շահառու են, որոնցից օգտվում են 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները: Արցախի կառավարությունը նախատեսում է Արցախում մնացող ընտանիքներին տեղավորել Ասկերանի շրջանի Հովսեփավան բնակավայրի նորակառույց թաղամասում: Հովսեփավանում նրանք պատրաստի տուն կունենան, իսկ ՀՀ տեղափոխվողները կստանան վկայագիր` ՀՀ կառավարության որոշման համաձայն:
– Տարբեր քաղաքական գործիչներ նշում են, որ Բերձորի այլընտրանքային ճանապարհի կառուցման այս երթուղու համար պայմանավորվածություն¬ է ձեռք բերվել Մոսկվայում՝ Վիտալի Բալասանյանի, Արայիկ Հարությունյանի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների միջև։ Նման հանդիպում Մոսկվայում տեղի ունեցե՞լ է, պաշտոնական Ստեփանակերտն ինչպե՞ս կմեկնաբանի այս տեղեկությունը։
Ի դեպ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն այս ճանապարհի վերաբերյալ իր վերջին հարցազրույցում ասել էր, որ «Ճանապարհի մասով Հայաստանը պայմանավորվածությունները թողել է ԼՂ իշխանությունների որոշման տիրույթում, ՀՀ-ն ուղղակի կառուցողն է, ԼՂ-ն որոշել է՝ ոնց անցնի ճանապարհը»։
– Մոսկվայում նման հանդիպման մասին խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում: Ինչ վերաբերում է նոր երթուղուն, ապա դրան նախագահ Ա. Հարությունյանն անդրադարձել է հունիսի 30-ին Արցախի ԱԺ նիստում:
– Ի՞նչ որոշման հիման վրա է եղել՝ բացի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որ Բերձորի և Աղավնոյի բնակիչները ժամանակից շուտ պետք է թողնեն իրենց տները: Որևէ գրավոր կամ բանավոր պայմանավորվածություն եղե՞լ է։
– Որևէ այլ պայմանավորվածության մասին ես տեղյակ չեմ: Գլխավոր հիմքը ադրբեջանական կողմի ծանուցումն է՝ երթուղին փոխելու հստակ ժամկետներով: 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետի համաձայն՝ խաղաղապահների պահակակետերը տեղափոխվելու են նոր երթուղու շուրջ՝ միջանցքը հսկելու համար, ինչի մասին հայտնի դառնալուց հետո Արցախի Հանրապետության իշխանությունները համապատասխան քայլեր են ձեռնարկում:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է՝ «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»:
Սակայն հայկական կողմերից և ոչ մեկը չի տվել պատասխանը, թե Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման որևէ նախագիծ իրենք հաստատե՞լ են, թե՞ ոչ: