Փաշինյանի պնդումների անապացույց աղբյուրները՝ Եզրաս արքեպիսկոպոսի մասին. Civilnet
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով եկեղեցու ներքին հարցերին չխառնվելու քննադատություններին, ամբիոնից բազմիցս հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ԿԳԲ-ի գործակալ է։ Գրում է civilnet.am-ը:
Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) գործակալ լինելու վերաբերյալ իր պնդումը վարչապետը հիմնավորեց՝ հղում անդլով «մամուլում հայտնված» տեղեկությունների. «Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է։ Ոչ մի բան, ո՞վ է դրա մասին հարց տալիս։ ԿԳԲ-ի գործակալ է ու հիմա Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ է։ Ոչ մի բան, հա՛, հենց այդպես էլ պետք է լինի։ Սա, կներեք, խելագարություն է»։
Նույն ելույթում Փաշինյանը կրկնեց իր պնդումը Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի վերաբերյալ՝ դժգոհություն հայտնելով, որ եկեղեցականների վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին ուշադրություն չի դարձվում։
«Մեկը ԿԳԲ-ի գործակալ ա, մեկը քահանաների հետևից ա ընկնում, ձեռ-մեռ ա գցում․ կատարյալ լռություն։ Սա այլասերվածության կատարյալ աստիճանն ա»,- նշեց Փաշինյանը՝ պնդելով, թե այս ամենին աջակցողները ուղիղ կամ անուղղակի «Եզրասի այդ գործակալական ցանցի» անդամներ են։
#CivilNetCheck-ը փորձեց հասկանալ, թե մամուլի ինչ հրապարակումների է հղում անում վարչապետը և ում հետ են դրանք կապված։
Իշխանական մամուլի «անանուն նամակը»
Civic.am-ում հոկտեմբերի 1-ին հրապարակվել է «Կարո անունով Սրբազան գործակալը. Եզրաս Ներսիսյանի ճանապարհը» վերտառությամբ հոդված։ Հրապարակման սկզբում առանց հավելյալ մանրամասների նշվում է, որ խմբագրությունը «անանուն նամակ է ստացել» Եզրաս Ներսիսյանի մասին։
Հոդվածում ներկայացված այդ նամակում պնդում է արվում, թե 1986-ի հուլիսին Ներսիսյանը իբր հավաքագրվել է ՊԱԿ-ի (ԿԳԲ) կողմից «Կարո» գործակալական ծածկանունով, իսկ 1988-ի նոյեմբերին «գործերը փոխանցվել են Լենինգրադի վարչություն»՝ նույն տարում նշանակվելով Լենինգրադի հոգևոր հովիվ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:

