Թրամփի «պատվիրակությունը»՝ ռեգիոնում․ ի՞նչ մարտահրավերներ են առաջացել վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակում

Մինչ Վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո ադրբեջանական կողմը կրկին օրակարգ է բերել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ առաջարկելով նույնիսկ «Թրամփի ուղին» անվանել Իլհամ Ալիևի անունով, «Թրամփի ուղու» հարցերի մանրամասները բանակցելու նպատակով ամերիկյան պատվիրակությունը ռեգիոնում է։

Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի արտգործնախարարն ընդունել է Միջին միջանցքի հարցով մասնագիտացած առաքելությանը։ Ըստ Ադրբեջանի տարածած հաղորդագրության՝ ընդգծվել է վաշինգտոնյան նախագծի կարևորությունը, որը կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը:

Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Քենեթ Էնջելը Բաքվում հանդիպումների արդյունքներով ասել է, թե «Թրամփի ուղու» հետ կապված աշխարհաքաղաքական բազմաթիվ գործոններ կան։

Ըստ նրա, մի կողմից՝ Ռուսաստանը, մյուս կողմից՝ Իրանը չեն ցանկանում, որ այս միջանցքը բացվի։

Կարդացեք նաև

«Թուրքիան, ընդհակառակը, կողմ է դրա բացմանը։ Հայաստանը նույնպես հետաքրքրված է այս գործընթացով, քանի որ նրանց համար շահավետ կլինի մաքսատուրք գանձել այդ երթուղով անցնող բեռների համար։ Ես կարծում եմ, որ այս հարցը կպահանջի որոշակի անվտանգության երաշխիքներ և դիվանագիտական մոտեցում»,- ասել է նա։

Ամերիկացի պաշտոնյան չի հստակեցրել, թե մասնավորապես ինչ նկատի ունի:

Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նաև Երևանում են նախատեսվում քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման համար: Հստակ չէ՝ արդյո՞ք խոսքը նույն պատվիրակության մասին է: Հայաստանի արտգործնախարարությունը մանրամասներ չի հաղորդում՝ խոստանալով ավելի ուշ տեղեկացնել ամերիկացիների այցի մասին:

Այս ամենին զուգահեռ՝  Ադրբեջանի խորհրդարանից հնչում էին ելույթներ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Օրինակ՝Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան նշել է, թե վաշինգտոնյան համաձայնագրերն Ադրբեջանի վերջին տարիների ամենակարևոր քաղաքական և դիվանագիտական հաջողություններից են։ Նրա խոսքով, Իլհամ Ալիևի նախաձեռնած «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը ծառայում է տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը:

Իսկ Մեջլիսի փոխխոսնակ Ալի Ահմեդովը հույս է հայտնել, որ միջանցքը կստանա Իլհամ Ալիևի անունը։

«Վաշինգտոնի հանդիպմանը ստացվեց միջազգային երաշխիք Զանգեզուրի միջանցքի իրականացման համար։ Ադրբեջանի դիվանագիտության ամենապայծառ գագաթնակետը»,- ասել է Ահմեդովը։

Ադրբեջանի նախագահը ևս վերջին օրերին անընդատ  «Զանգեզուրի միջանցք»  տերմինն է օգտագործում։ «Ես կասկած չունեմ, որ Զանգեզուրի միջանցքը՝ որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կարևոր դեր կխաղա՝ որպես մայրցամաքները կապող հիմնական տրանսպորտային օղակ», – հայտարարել է Ալիևը:

Ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը 168am-ի հետ զրույցում չբացառեց, որ, հաշվի առնելով Ադրբեջանից հնչող այս հայտարարությունները, այս հարցի շուրջ իրավիճակը գուցե կրկին հայտնվի փակուղում։

Ըստ նրա, ամերիկյան կողմը, որպես միջնորդ, պետք է զբաղվի այս հարցով, եթե Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն այն ոգով չեն, ինչ պատկերացնում են ադրբեջանցի պաշտոնյաները՝ ասելով «Զանգեզուրի միջանցք»։

«Սա բավականին բարդ ու խնդրահարույց հարց է, կա խնդիրների մի ամբողջ փաթեթ, և չեմ կարծում, թե ամերիկյան կողմը կարողանալու է այս հակասությունները վերացնել կամ շրջանառությունից դուրս բերել «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Դրա համար հարկավոր է բարձրաստիճան մշտական ներգրավվածություն, որն, ըստ իս, հնարավոր չէ։ Կարծում եմ՝ Թրամփի պատկերացումն այն էր, որ օգոստոսյան ստորագրությունները հաստատեցին  խաղաղություն ու լուծեցին բոլոր հարցերը, սակայն իրավիճակն այլ է։ Հարց է, թե իրականում ինչ հարց լուծեցին այդ ստորագրությունները։

Մեկ այլ հարց էլ այն է, թե այդ երթուղին ինչ ռեժիմով է աշխատելու և եթե պահպանվելու է ՀՀ ինքնիշխանությունը, ապա ինչու է Ադրբեջանը ոգևորված այդ որոշումներով, կիրառելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը։

Մյուս կարևոր արձանագրումը, որն անում  են թուրքական և ամերիկյան կողմերը, այն է, որ Իրանն ու Ռուսաստանը, պարզվում է, որ դեմ են այս պայմանավորվածությանը, այդ մասին հայտարարություններ արեցին թուրքական և ամերիկյան կողմերը։ Այս դեպքում էլ հարց է առաջանում, թե ինչու է ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարում, թե միջանցքի մասին խոսք չի գնում, իսկ Իրանը դեմ էր հենց միջանցքին ու այդ տարբերակին։ Այս հարցերի պատասխաններն առավելապես հայտնի են Երևանին, Բաքվին և Վաշինգտոնին, բայց ինչպես երևում է, Իրանի ու Ռուսաստանի դիրքորոշումները «խառնում են խաղաքարտերը»»,- ասաց Եվսեևը։

Նա կանխատեսում է, որ ամերիկյան  աշխատանքային խմբի աշխատանքը ռեգիոնում հեշտ չի ծավալվելու առկա թե աշխարհաքաղաքական, թե տեխնիկական, թե քաղաքական խնդիրների ու տարաձայնությունների պատճառով։ «Իսկ այդ աշխատանքից շատ բան է կախված, քանի որ, եթե մի կողմ դնենք վաշինգտոնյան պայմանավորվածությունների մեծ էյֆորիկ բաղադրիչը, ապա կտեսնենք, որ հարցերի մեծ մասը, որոնք պահանջում են քաղաքական պայմանավորվածություն, պետք է լուծում ստանան հենց այս բանակցությունների ընթացքում։ Սակայն, եթե կողմերից մեկն արդեն իսկ ստորագրված փաստաթղթի ձևակերպումները փոխում է, այլ անվանումներ կիրառում, ապա դժվար է դրական ապագա կանխատեսել այդ պայմանավորվածությունների համար»,- նման կարծիք հայտնեց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս