ԿԲ-ն՝ «Զվարթնոց» օդանավակայանի փոխանակման կետի աղմկահարույց ցուցանակի մասին

Օրերս ֆեյսբուքյան օգտատերերի քննարկումների ծիրում էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարադրամի փոխանակման կետերից մեկի փոխարժեքի ցուցանակը, ըստ որի՝ 1 դոլարի առքը 300 դրամ է, վաճառքը՝ 620 դրամ, համապատասխանաբար՝ 1 եվրոն՝ 300 դրամ և 650 դրամ, 1 ռուբլին՝ 3 դրամ և 7.60 դրամ:

Քանի որ Կենտրոնական բանկի պարտավորությունն է վերահսկել նման տատանումները, 168.am-ը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին ուղղված գրավոր հարցմամբ հետաքրքրվեց՝

1. Ինչո՞վ է պայմանավորված առքի ու վաճառքի միջև այս ահռելի տարբերությունը,

2. Արդյո՞ք ԿԲ-ն օդանավակայանում իրավիճակի վերահսկողություն չի իրականացնում:

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ ԿԲ-ից վստահեցրել են, որ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում վերահսկողություն են իրականացնում արտարժույթի առք ու վաճառքով զբաղվող լիցենզավորված սուբյեկտների նկատմամբ:

«Հնարավոր չարաշահումների հայտնաբերման դեպքում կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ:

Հարկ է նշել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ընդհանուր տարածքում գործում են նաև ՀՀ բանկերի մասնաճյուղեր: Ըստ այդմ՝ օդանավակայանի ծառայություններից օգտվող անձինք կարող են տարադրամի փոխանակում իրականացնել ինչպես օդանավակայանի տարածքում գործող փոխանակման կետերի, այնպես էլ բանկերի մասնաճյուղերի միջոցով՝ վերջինների հրապարակած փոխարժեքների համաձայն»,- ասվում է ԿԲ պատասխանի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս