«Զվարթնոց» օդանավակայանում դոլարը գնվում է՝ 300, և վաճառվում՝ 620 դրամով. ԿԲ-ի միջամտության կարիքը չկա. Տնտեսագետ

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տեղադրել էր «Զվարթնոց» օդանավակայանում գործող տարադրամի փոխանակման կետի առաջարկած՝ տարադրամի առուվաճառքի գները հուլիսի 16-ի դրությամբ, որոնք կտրուկ տարբերվում են մայրաքաղաքի մյուս փոխանակման կետերի  առաջարկած գներից:

Մասնավորապես, ամերիկյան դոլարը գնվում էր՝ 300, և վաճառվում՝ 620 դրամով: Ռուսական ռուբլին գնվում էր 3 դրամով և վաճառվում՝ 7.60-ով: Եվրոն գնվում էր՝ 300, և վաճառվում էր 650 դրամով:

Ինչո՞վ է պայմանավորված այս տարբերությունը, և կա՞ արդյոք ոլորտը վերահսկելու մեխանիզմ:

Կարդացեք նաև

«Իրականում, եթե վերահսկողություն պետք է լինի, ապա այն պետք է իրականացնի Կենտրոնական բանկը, բայց պարտադիր չէ որ լինի այդ վերահսկողությունը»,- 168.amի հետ զրույցում նշեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, շուկան մեծ հաշվով մրցակցային է, ու ԿԲ-ի միջամտությունն առավելապես ֆինանսական կայունության խնդիրներին առնչվող հարցերում է արտահայտվում, այսինքն, եթե ԿԲ-ն տեսնի, որ փոխարժեքների կտրուկ տատանումները  կամ տարբեր բանկերում ու փոխանակման կետերում կուրսերն էապես տարբերվում են, ու դա իրոք ֆինանսական կայունության մարտահրավերներ է պարունակում, ապա ԿԲ-ն պարտավոր է միջամտել:

Տնտեսագետը գլոբալ առումով միջամտության անհրաժեշտություն չի տեսնում:

Հարցին, արդյոք սա չպե՞տք է դիտարկել իրավունքի դաշտում, շարքային սպառողի կամ քաղաքացու տեսանկյունից՝ սա պարզապես թալան է կամ խարդախություն, տնտեսագետը պատասխանեց, որ պլաստիկե շշով կես լիտրանոց ջուրը մայրաքաղաքի խանութներում վաճառվում է 120 դրամով, օդանավակայանում վաճառվում է 300-500 դրամով:

«Մեծ հաշվով կա այդ առանձնահատկությունը, երբ շրջակայքում չկան խանութներ կամ փոխանակման կետեր, հետևաբար՝ տնտեսվարողն օգտվում է առիթից և սահմանում է ավելի բարձր գին: Չեմ պատկերացնում, թե ԿԲ-ն այս պարագայում ինչ պետք է անի: ԿԲ-ն կարող է որոշակի կարգավորում մտցնել, բայց այս պահին նման կարգավորում չկա: Վերլուծության կարիք կա, թե արդյոք անհրաժե՞շտ է նման խիստ վերահսկողություն արտարժույթի պարագայում: Իմ կարծիքով՝ նման անհրաժեշտություն չկա: Դրանք մասնավոր դեպքեր են և ընդհանրացման կարիք չունեն: Պետք է դիտարկել  հիմնականում առևտրային բանկերն ու փոխանակման հիմնական կետերը, արդյո՞ք նման մեծ տատանում կա առքի և վաճառքի միջև: Եթե կա, ուրեմն ԿԲ-ն մտածելու բան ունի, սակայն մասնավոր դեպքերի ժամանակ սպառողն ունի այլընտրանք՝ օգտվելու այլ փոխանակման կետերից կամ բանկերից»,- արձանագրեց Կառլեն Խաչատրյանը:

Հարցը պարզաբանելու խնդրանքով 168.am-ը հարցում է ուղարկել նաև Կենտրոնական բանկ: Պարզաբանումը լինելուն պես այն կհրապարակենք:

Աննա Դեմիրճյան

Տեսանյութեր

Լրահոս