«Սա նշանակում է, որ Թուրքիան և Ադրբեջանն իրականում ունեն մտավախություններ». թուրքագետ

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Երևանը պետք է դրական արձագանքի Բաքվի «խաղաղարար նախաձեռնություններին»։

«Մենք շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին արձագանքել «այս բարի մտադրություններին»։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում «արմատականները», իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի) Բլինքենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ։ Երեկ (ԱՄՆ պետքարտուղարի հետ) մեր հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և «բարի կամք» են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը Թուրքիայի արտգործնախարարի այս հայտարարությանն անդրադառնալիս նախ ուշադրություն հրավիրեց կարևոր մի հանդամանքի վրա՝ Չավուշօղլուն այս հայտարարությունն արել է ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում։

«Մանրամասն լսել եմ Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը, նա հիմնականում անդրադառնում է գործընթացին հետևյալ տրամաբանությամբ՝ Ադրբեջանը հաղթել է պատերազմում  և «բարի կամք» է դրսևորել՝ խաղաղության համաձայնագիր է առաջարկել Հայաստանին։ Նա ասում է, որ Թուրքիան աջակցում է այդ խաղաղության համաձայնագրին, Ադրբեջանն էլ փոխադարձաբար աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Այստեղ շեշտելով, որ Հայաստանի ներսում «արմատականները» և սփյուռքը ճնշում են իշխանություններին Ադրբեջանի հետ այդ համաձայնագիրը ստորագրելու հարցում։ Սա նշանակում է, որ Թուրքիան և Ադրբեջանն իրականում ունեն մտավախություններ, որ Հայաստանի իշխանությունները կարող են խուսափել, կամ առնվազն այն, ինչ պետք է անեին ճնշման ներքո, այս պահին չանեն։ Այսինքն՝ վախենում են, որ Հայաստանի իշխանությունները կհրաժարվեն, պնդելով, որ երկրի ներսում դա չի ընդունվի։ Հայաստանի համար սա շատ ավելի ձեռնտու է, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ունի մտավախություններ, որ իրականում հայերը վախկոտ չեն, և Թուրքիան ու Ադրբեջանն ինչ դնեն նրանց սեղանին, չեն ստորագրի»,- նշեց Անդրանիկ Իսպիրյանը։

Ապա հիշեցնելով  2009 թվականին ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունն ու դրան հետևած  գործընթացներին, որն իր վերջո ավարտվեց նրանով, որ արձանագրությունները չվավերացվեցին ոչ Թուրքիայում, և ոչ էլ Հայաստանում, թուրքագետն ասաց, որ այն ժամանակ և այսօր տարբեր իրավիճակներ են, քանի որ այն ժամանակ, երբ Հայաստանն ու Թուրքիան փորձում էին կարգավորել  հարաբերությունները, գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդիր և Ադրբեջանի պահանջ՝ առանց իր առաջ քաշած նախապայմանի՝ Հայաստանի հետ չկարգավորել հարաբերություններ։

«Թուրքիան տեսնելով, որ Ադրբեջանը չի ընդունում իր քայլը՝ առանց Արցախի հարցը ներառելու, չշարունակեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Հիմա Թուրքիայի համար շատ ձեռնտու է արագ բացել սահմանը, քանի որ դրանով նա կուժեղացնի իր ազդեցությունը Կովկասում՝ ի հաշիվ ռուսական ազդեցության։ Սա շատ լավ հասկանում են նաև Ադրբեջանում, դրա համար էլ դեմ չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, քանի որ, այսպես ասած, տարածաշրջանն իրենցով կանեն։ Նրանք տեսնում են, որ ՀՀ իշխանությունը միամտորեն ավելի շատ է ցանկանում սահմանները բացել, մինչդեռ Թուրքիային շատ ավելին է պետք, քան Հայաստանը, չգիտես ինչու, Հայաստանն է շահագրգռված»,- հավելեց թուրքագետը։

Տեսանյութեր

Լրահոս